2015. ծանր տարի

0
153

1994-ի մայիսյան զինադադարից ի վեր այս տարվա հունվարը կարող ենք համարել ամենից կորստաբեր ամիսներից մեկը հայ մայրերի և հայկական բանակի համար: Երեք շաբաթների ընթացքում հայկական կողմը տվել է շուրջ մեկ տասնյակ զոհ: Հայ զինվորականները նահատակվել են հակառակորդի դիպուկահարների կրակոցներից և/կամ դիվերսիոն գործողությունները կանխելու ընթացքում:

Սահմաններից եկող ողբերգական լուրերը անտարբեր չեն թողնում հայ ընտանիքներին: Իր չափերի համեմատ Հայաստանն ունի համեմատաբար մեծ բանակ: Գրեթե յուրաքանչյուր ընտանիք ունի զինվորական, որը ծառայության մեջ է, կամ այդ ընտանիքի հարազատներից ու բարեկամներից մեկը ծառայում է բանակում՝ պաշտպանելով Հայաստանի անդորրը: Բնական է, որ սահմաններում պատերազմական վիճակը լարվածության մեջ է պահում հայերին Երևանում, Հայաստանի մյուս բնակավայրերում, Սփյուռքում:

2015-ը, զգացվում է, չափազանց դժվար, ծանր տարի է լինելու: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը գրեթե ամենօրյա հարձակումների ընթացքում տալիս է զոհեր, սակայն կարողանում է թաքցնել իր հասարակությունից, քանի որ անգամ համացանցը այդ երկրում վերահսկողության տակ է: Մյուս կողմից, եթե անգամ Ադրբեջանը մի քանի անգամ ավելի զոհեր է տալիս, ինչպես պնդում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը, դա չի կարող սփոփանք լինել հայ մայրերի համար: Այնուամենայնիվ, ինչո՞ւ է Ադրբեջանը անդադար դիմում դիվերսիոն գործողությունների, ինչո՞ւ է ադրբեջանական կողմի պահվածքը այսքան անզուսպ և լկտի: Պատճառները մի քանիսն են:

Առաջին, ինչպես վերջին տարիներին, այնպես էլ այսօր, Իլհամ Ալիևը իր ժողովրդին, Հայաստանին ու Արցախին, ինչպես նաև միջազգային հանրությանը փորձում է համոզել ու հիշեցնել, որ հայերը հանգիստ քուն չեն ունենալու, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը լուծում չի գտել: Անկասկած, ադրբեջանցի մայրերը, որոնց որդիները ուղարկվում են ճակատային գիծ, ևս հանգիստ քուն չունեն, բայց դա արդեն Ադրբեջանի ղեկավարության և ընդհանրապես մեծ քաղաքականության համար այնքան էլ կարևոր իրողություն և հանգամանք չէ: Միջազգային լրատվամիջոցների և քաղաքականության համար ղարաբաղյան հակամարտությունը այլևս օրակարգային խնդիր չէ, և այս իրողությունը գիտակցելով՝ Ալիևը փորձում է ամեն օր հիշեցնել, որ նման հակամարտություն գոյություն ունի:

Երկրորդ, Ալիևը, հրահրելով դիվերսիոն գործողություններ և ավելի հաճախակի գործի դնելով դիպուկահարներին, փորձում է հայ ժողովրդի մեջ դժգոհություն առաջ բերել ընդդեմ Հայաստանի ղեկավարության: Խոսքը ընկերային, տնտեսական, կենցաղային կամ այլ դժգոհության մասին չէ: Առանց Ալիևի՝ այդպիսի դժգոհություն Հայաստանում եղել է և կլինի: Ադրբեջանի նպատակն է Հայաստանում ստեղծել դժգոհություն «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակի հանդեպ, այսինքն՝ անդադար դիվերսիաներով ու հայկական բնակավայրերի գնդակոծություններով հայ հանրությանը հասցնել հոգեբանական մի իրավիճակի, երբ հայ մայրերը, հասարակական և քաղաքական գործիչները բարձրաձայնեն շուտափույթ խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին:

Երրորդ, Բաքվում հասկանում են, որ քանի դեռ Ադրբեջան-Հայաստան սահմաններում և Ադրբեջան-Արցախ շփման գծում իրավիճակը պատերազմական է, ինչպես հայ հանրության, այնպես էլ Հայաստանի ղեկավարության համար օրակարգային այլ հարցեր մղվելու են երկրորդական պլան: Խոսքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման և միջոցառումների մասին է: Այս հարցում Ադրբեջանն ունի Թուրքիայի նման հզոր դաշնակից:

Չորրորդ, սադրիչ գործողություններով Ադրբեջանը ձգտում է հասնել նրան, որ Հայաստանի մասնակցությունը Բաքվում ամռանը կայանալիք Եվրոպական խաղերին դառնա անհնար: Բաքուն ստիպված է տեղի տալ միջազգային հորդորներին և հրապարակավ հայտարարել, որ հայ մարզիկները կարող են մասնակցել այդ խաղերին: Մյուս կողմից, Բաքուն չի ցանկանում, որ հայ մարզիկները ժամանեն Ադրբեջան, հաղթանակների հասնեն, քանի որ այդ դեպքում բարձրանալու է հայկական եռագույնը և հնչելու է «Մեր հայրենիքը»: Այսպիսով, Ադրբեջանը տեսնել չի ուզում հայ մարզիկներին Բաքվի Եվրոպական խաղերին, սակայն ձգտում է ստեղծել տպավորություն, որ հայկական կողմն ինքն է որոշել չմասնակցել մարզական այդ միջոցառումներին:

Այս պայմաններում, երբ գրեթե ամեն օր սահմաններում կատարվում են դիվերսիոն գործողություններ մահվան ելքերով, անհրաժեշտություն կա երկկողմ և բազմակողմ դիվանագիտության: Եթե Ալիևի համար ցավ չէ ադրբեջանցի զինվորի կորուստը, ապա Հայաստանի ղեկավարությանը ամեն մի հայ զինվորի կորուստը պետք է ցավ պատճառի և անկասկած, պատճառում է: Հետևաբար, հայկական կողմը պետք է ձգտի դիվանագիտական ճանապարհով լիցքաթափել իրադրությունը:

Այդ նպատակով, առաջին հերթին անհրաժեշտ են արտգործնախարարների և նախագահների մակարդակով հանդիպումներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շտապ այց տարածաշրջան: Պարզ է, որ երբ սահմաններում գրեթե պատերազմական վիճակ է, անիմաստ է  բանակցություններում ակնկալել ճեղքում: Սակայն մյուս կողմից, սահմաններում լարվածությունը լիցքաթափելու փորձված և աշխատող եղանակներից մեկը հենց ակտիվ՝ երկկողմ և բազմակողմ դիվանագիտությունն է:

CIVILNET

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here