Աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի ժողով Հռոմում

0
155

 

Հունվարի 24-31-ը Հռոմում (Իտալիա) տեղի է ունեցել  Կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելյան Ուղղափառ եկեղեցիների միջեւ Աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի  հերթական, 12-րդ հանդիպումը: Աստվածաբանական երկխոսության թեման վերաբերում էր Եկեղեցական խորհուրդներին` կրելով «Եկեղեցական խորհուրդների պատմական զարգացումն ու աստվածաբանությունը» խորագիրը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից միջազգային աստվածաբանական հանձնախմբին մասնակցում էին ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու եւ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պաշտոնական մամուլի եւ Հրատարակչական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից ժողովին մասնակցում էին Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը եւ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Աշգարյանը:

Հանձնախմբի անդամները հունվարի 25-ին մասնակցել են նաև Հռոմի Սուրբ Պողոս տաճարում տեղի ունեցած «Քրիստոնյաների միության» աղոթքին` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի նախագահությամբ: Հունվարի 30-ին Աստվածաբանական միջազգային հանձնախմբի անդամները հյուրընկալվել են Հռոմի քահանայապետ Ֆրանցիսկոս պապի կողմից:

Քննարկումների արդյունքում ամբողջացել ու վերջնական տեսքի է բերվել Կաթոլիկ եւ Արեւելյան Ուղղափառ եկեղեցիների աստվածաբանական հանձնախմբի կողմից հրապարակվող երկրորդ փաստաթուղթը` «Հաղորդության կիրառումն ու նշանակությունը Վաղ Եկեղեցու կյանքում եւ դրա գործառույթը եկեղեցական հաղորդության այժմեական ուսումնասիրության համար» խորագրով:

Ղպտի Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հրավերով հանձնախմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Կահիրեում (Եգիպտոս) 2016 թ. հունվարի 30-ից փետրվարի 6-ը:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here