Կոստան Զարյանը 130 տարեկան է

0
216

Հայ նշանավոր գրող Կոստան Զարյան: Բազմանշանակ այն կյանքը, որ ապրեց նա, բազմիցս նրան դարձրել է գրական ու ազգային շարժման կենտրոն և հաճախ այնքան նշանակալից, որ համընդհանուր վերաբերմունը հաճախ տարուբերվել է ծափահարությունից ու դրվատանքից մինչև սուլոց ու պարսավանք: Իսկ այսօր Կոստան Զարյանի գրական ժառանգությունը համարվում է մեր ազգային մշակույթի անբաժանելի մասը: 130- ամյա  Կոստան Զարյանի հուշաքարի մոտ այսօր ծաղիկներ են խոնարհել նրա գրական ժառանգությունն արժևորող մտավորականները:

 

Կոստան Զարյանը վերջնականապես ընտրեց հայրենադարձության ուղին , երբ 77 տարեկան էր: Ծննդավայր Շամախու պատմական Հաբանդից կենսական ուղին Բաքվի ու Թիֆլիսի վրայով ձգվում է եվրոպական մայրաքաղաքներ ու հասնում  Կոստանդնուպոլիս: Բաքվում ստացած նախնական ռուսական կրթությանը գումարվում է Փարիզում ուսանած միջնակարգ ֆրանսիական կրթությունը, ապա և ավարտում Բրյուսելի «Նոր» կոչված համալսարանը՝ փիլիսոփայության մագիստրոսի տիտղոսով: Բրյուսելյան տարիները հատկանշական են նրանով, որ գրական ասպարեզ իջնող երիտասարդ մտավորականի առջև ծառանում է լեզվի խնդիրը. Նա, որ արդեն  հասցրել էր լեզվափոխության 3 շրջան անցնել, ըստ որում արդեն իսկ ռուսերեն, ապա և ֆրանսերեն բանաստեղծություններ էր գրել և այդ լեզուները հաջորդաբար իրենն էր համարել, այժմ  այստեղ նկատում է, որ ձևավորվում ու ուռճանում է մտածողության ազգային կերպը:

Իտալիա ապաստանած Կոստան Զարյանը նորից նետվում է մի անգամ արդեն փորձած օտար գրական ասպարեզ, սակայն նրա հայացքն այլևս գամված է մնում հայրենիքին, իսկ խոսքը՝ հայրենիքի գաղափարին՝ ոչ հոգևոր ու երևակայական, այլ իրական ու երկրային: Այս ոգով, այսինքն՝ հանուն հայոց անկախության ու պետական ինքնորոշման՝ նա բանախոսել է իտալական քաղաքներում, ապա և մոտիկից հետևել հայոց քաղաքական  անցուդարձերին, մասնավորապես 1919 թվականին՝  որպես իտալական թերթի մերձավորարևելյան թղթակից՝ եղել է ոչ միայն  Երևանում, այլև Թիֆլիսում: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Կոստան Զարյանը իր որդու՝ Արմեն Զարյանի ու նրա ընտանիքի հետ վերջնականապես հայրենադարձվում է Հռոմից: Գրողների միության  նախագահ Էդուարդ Միլիտոնյանի մտապատկերում Զարյանը դրոշմվել է իր առանձնահատուկ կեցվածքով:

Վերադարձից հետո  նրա՝ «Նավը լեռան վրա», «Արա աստված», «Վահագն», «Տատրագոմի հարսը» երկերը, բանաստեղծությունները հրատարակվում են Երևանում և Մոսկվայում: Եղեռն վերապրած, Հայաստանի խորհրդայնացումը տեսած  մտավորականի «Նավը լեռան վրա»  վեպը Հայաստանում ունեցել է մեկ հրատարակություն, սակայն աղճատումներով: Գրողների միության նախագահի խոսքով՝ վեպի նոր հրատարակչությունը  լույս կտեսնի այս տարի: Գրականագետ  Սամվել Մուրադյանը  հուսով է, որ խորհրադային ժամանակներում  կատարված խեղաթյուրումները կշտկվեն նոր գրքում:

Հմուտ արձակագրի երկերը տոգորված են կենսահաստատ լավատեսությամբ, հայրենիքի ճակատագրի ըմբռնումով ու աշխարհի բախտի մտահոգությամբ, և ի հայտ են բերում  հուզական անսպառ պաշար  և նոր ու թարմ գրելակերպ, փաստում են մտավորականները:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here