Նոր Գիրք Հայոց Ցեղասպանութեան Մասին

0
204

ԺԻԼԲԵՐ ՍԻՆՈՒԷ. «Երեւան»
Գրքի Թարգմանութեան
Հեղինակ՝ ԶԱՐՄԻԿ ՍԱՐԳՍԵԱՆ

Օրերս ընթերցողի սեղանին դրուեց ֆրանսիացի ճանաչուած գրող Ժիլբեր Սինուէի «Երեւան» վէպը հայոց Ցեղասպանութեան մասին: Հեղինակը էրզրումահայ Թոմասեանների ընտանիքի սր-տաշարժ ճակատագրի եւ վաւերագրական բազմաթիւ յղումների հենքի վրայ ներկայացրել է էրզրումահայութեան տեղահանութեան եւ սպանդի եղերական պատմութիւնը:
Վէպի առաջաբանը գրել է Շարլ Ազնաւուրը:
Իր գրքի հայերէն հրատարակութեան առթիւ գրած յատուկ նախաբանում, դիմելով հայ ընթերցողին, հեղինակը գրում է. «Երբ ձեռնարկում էի «Երեւան» վէպը, ամբողջ խորութեամբ չէի պատկերացնում ճշմարտութիւնը, իսկ այն աւելի քան զարհուրելի է. երկրի երեսից բնաջնջուող մի ժողովուրդ, որը դիմակայում է այսպէս կոչուած «ժողովրդավար» ու նաեւ յիշողութեան կորստով տառապող ազգերին: Խոստովանում եմ՝ բաւական երկար ժամանակ վարանում էի գրիչ վերցնել: Պարզապէս չէի համարձակւում: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. որովհետեւ ազգութեամբ հայ չլինելով՝ ես ինձ մի տեսակ «իրաւասու» չէի զգում: Ես, որ այդ կոտորածների ժամանակ ոչ մի հարազատ չէի կորցրել, արդեօք իրաւունք ունէ՞ի անդրադառնալու իմ կարծիքով սուրբ մի թեմայի, որը, ինչում խորապէս հաւատացած էի ես, պատկանում էր նահատակների սերունդներին: Ի վերջոյ տեղի ունեցաւ պարզապէս ապշեցուցիչ մի իրադարձութիւն, որն էլ հէնց օգնեց ինձ յաղթահարելու երկմտանքս. 1999ի Դեկտեմբերին Եւրամիութեան Հելսինկեան գագաթնաժողովը պաշտօնապէս ճանաչեց Թուրքիայի՝ ԵՄ անդամութեան թեկնածութիւնը: Ընդ որում, Բրիւսելի կողմից առաջադրուած պարտադիր պայմանների մէջ (իսկ դրանց թիւը հասնում էր երեսունի) ոչ մի յիշատակութիւն չկար 1915 թուականի ողբերգութեան մասին: Բացարձակապէս ոչ մի բառ…
Ինձ համար ինչ որ անվայելուչ, անպարկեշտ բան կար այդ իրողութեան մէջ, եւ հէնց դա էլ, միախառնուելով յանկարծաբուխ մի պոռթկումի հետ, վերջ տուեց իմ մտատանջութեանը. «Երեւան»ը պիտի՛ ծնուէր:
Եւ հիմա, իմ վէպի հայերէն հրատարակութեան փաստն ինձ համակել է անկեղծ ուրախութեամբ, ինչո՞ւ չէ, նաեւ առանձնակի հպարտութեամբ: «Երեւան»ի թարգմանութեամբ ես յանկարծ ինձ զգացի մի ընտանիքի «իրաւասու» անդամ: Եւ, չեմ թաքցնում, դա ինձ համար մեծ պատիւ է»:
«Երեւան» վէպը բնագրից հայերէն է թարգմանել ԽՍՀՄ եւ ՀՀ ժուռնալիստների միութիւնների անդամ Զարմիկ Սարգսեանը: Այն լոյս է ընծայել «ՄՀՄ Գրատուն» հրատարակչութիւնը: Շապիկի նկարի հեղինակն է Անոյշ Ստեփանեանը: Գիրքը արդէն կարելի է գտնել հայաստանեան հիմնական գրադարաններում, Ցեղասպանութեան ինստիտուտ-թանգարանում, ինչպէս նաեւ մայրաքաղաքի գրախանութներում:
Գիրքն ունի խորհրդանշական էջանշան: Այն պատրաստուած է «Վայրի բնութեան եւ մշակութային արժէքների պահպանման հիմնադրամ»ի կողմից վերամշակուած թղթով, որի մշակման ժամանակ օգտագործուել են Ծիծեռնակաբերդի յուշահամալիրից բերուած ծաղիկների թերթիկներ:
Ապրիլի 24ի նախօրէին Ժիլբեր Սինուէն կը ժամանի Երեւան եւ ներկայ կը գտնուի իր վէպի հայերէն թարգմանութեան շնորհանդէսին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here