«Ինչպէ՞ս Եմ Ես Մկրտուել»

0
133

ՄԵԼԻՆէ ԱՆՈՒՄԵԱՆ

Արմատներով սասունցի, ներկայում Տիգրանակերտում բնակուող Կարօտ Սասունեանը մեզ հետ զրոյցում ներկայացրեց իր «մկրտութեան» պատմութիւնը: Արեւմտեան Հայաստանում գործող եկեղեցիներ գրեթէ չլինելու եւ քահանաներ չգտնուելու պատճառով մեր ազգակիցները իւրօրինակ լուծումներ են գտնում` սեփական արմատները պահպանելու համար: Նրա յուզիչ պատմութիւնը, որ թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ, վեր է հանում այնտեղի հայութեան ունեցած էական խնդիրներից մէկը` գործող եկեղեցիների եւ Հայ առաքելական եկեղեցու ճշմարիտ հաւատքի դրոյթները ներկայացնող քահանաների պակասը…

«Ներկայում Տիգրանակերտ նահանգին, իսկ նախկինում Սասուն գաւառին ենթակայ Խուլփ գաւառի Փասուր գիւղում, որտեղ նախկինում 15 մեծ ընտանիքներ էին ապրում, երկու եկեղեցիներ կային: Դրանցից մէկը Սուրբ Յակոբ Տէր Յակոբեան եկեղեցին էր, իսկ միւսը` Սուրբ Գալուստ Տէր Մկրտչեանը:

Սուրբ Յակոբը մի նշանաւոր եկեղեցի էր, որում որոշակի օրերի հարիսա էին եփում: Իսկ Սուրբ Գալուստ Տէր Մկրտչեան եկեղեցին շատ աւելի հին էր եւ գտնւում էր աւերակ վիճակում: Չնայած դրան` այդ եկեղեցին եւս օգտագործւում էր որոշակի օրերի: Սուրբ Յակոբ Տէր Յակոբեան եկեղեցին ժողովրդի շրջանում քրտերէն անուանւում էր «Տերիք-ա պաւիյա» («Յօդացաւի եկեղեցի»), իսկ Սուրբ Գալուստ Տէր Մկրտչեանը` «Տերիք-ա հարապէ» («Աւերակ եկեղեցի»):

«Տերիք-ա պաւիյան» նախքան եկեղեցի դառնալն օգտագործուել է որպէս հեթանոսական տաճար: Յօդացաւով տառապող հիւանդները չորեքշաբթի օրերին` արեւածագից մինչեւ արեւամուտ ընկած ժամանակահատուածում, այցելում էին այդ եկեղեցին, մոմ վառում եւ եկեղեցու աւերակներից մի քար վերցնում, որը տուն էին տանում, վառարանի վրայ տաքացնում եւ դնում այն հատուածի վրայ, որում ցաւ էին զգում: Նրանք հաւատում էին, որ այդ կերպ բուժւում է յօդացաւը:

Մէկ էլ, որպէսզի երեխաները ջերմութիւն չունենան, կամ որպէսզի արդէն իսկ ջերմութիւն ունեցողները ապաքինուեն, նրանց, դարձեալ չորեքշաբթի օրերին, արեւածագից մինչեւ արեւամուտ ընկած ժամանակահատուածում տանում էին աւերակ դարձած եկեղեցին: Մետաղէ ամանի մէջ իւղ էին այրում, աղօթքներ կարդում, ապա այդ ամանի մուրով խաչեր գծում երեխայի աջ ձեռքի բռան մէջ, ձախ ոտքի տակ եւ ճակատի մէջտեղում: Ուղիղ մի շաբաթ, այսինքն մինչեւ յաջորդ չորեքշաբթի նրանք պէտք չէր լողանային, որպէսզի այդ խաչերը չմաքրուէին:

Ես նոյնպէս, երբ մի օր ջերմութիւն եմ ունեցել, հօրական կողմից տատիկս իմ մասնակցութեամբ այդ նոյն արարողութիւնն է իրականացրել: Քանի որ ես համարում եմ, որ այդպիսով մկրտուել եմ` թէ՛ հեթանոսական եւ թէ՛ քրիստոնեայ հաւատքի համաձայն, չեմ ուզել այլ կերպ կնքուել:

Հիմա հետեւեալ հարցն եմ ուղղում. քանի՞ հոգի է կարողացել այդ կերպ մկրտուել` մայր հայրենիքի հողով, արեւով, ջրով ու կրակով…»:

«Ակունք»

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here