Ինչո՞ւ Է Ազրպէյճանը Սանձարձակ Եւ Ինչպէ՞ս Զսպել Նրան Իր Սահմաններում

0
147

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

1994-ի մայիսին հաստատուած զինադադարից ի վեր Հայաստանը, Արցախը եւ Ազրպէյճանը տարբեր հանգամանքներում կորցրել են աւելի քան երեք հազար քաղաքացիական անձանց եւ զինուորականների, հիմնականում` 18-20 տարեկան ժամկէտային զինծառայողների: Աւելի քան 20 տարի շարունակուող «Ոչ պատերազմ, ոչ խաղաղութիւն» վիճակը, յատկապէս վերջին տարիներին, մի քանի էական փոփոխութիւններ է կրել:

Հայաստան-Ազրպէյճան սահմանի եւ Արցախ-Ազրպէյճան սահմանի կամ ինչպէս ընդունուած է ասել` շփման գծի երկայնքով արձանագրուող ողբերգական պատահարները երեք հիմնական խմբի կարելի է բաժանել` ա. դիպուկահարների կրակոցներից սպաննուածներ, բ. պատերազմի տարիներին ցանուած ականների պատճառով զոհեր ու խեղուածներ, գ. սահմանամերձ գիւղերի քաղաքացիական անձանց շրջանում կորուստներ:

Պատերազմի տարիներին ցանուած ականները հրադադարից յետոյ հիմնականում մաքրուել են: Խօսքը այն ականների մասին է, որոնք ցանւում էին, երբ ռազմաճակատի գիծը փոխւում էր: Այսպէս, Մարտակերտի շրջանում բազմաթիւ էին ականապատ տարածքները, քանի որ շրջանը ռազմական գործողութիւնների ընթացքում ձեռքից ձեռք էր անցնում: Հայաստան-Ազրպէյճան եւ Արցախ-Ազրպէյճան սահմանների երկայնքով ցանուած ականները` լինեն դրանք հակահրասայլային կամ այլ տեսակի, մնում են իրենց տեղում, քանի որ զսպիչ գործօն է: Այսպիսով, կարող ենք ասել, որ ականների պայթիւնների պատճառով արձանագրուող ողբերգական դէպքերը հասել են նուազագոյնի, քանի որ պատերազմի տարիներին ականապատուած դաշտերը մեծ մասամբ մաքրուել են:

Դիպուկահարների կրակոցներից սպաննւում են ինչպէս զինուորականներ, այնպէս էլ` քաղաքացիական անձինք: Քանի որ Արցախում այսօր չկան բնակավայրեր (բացառութեամբ մէկ-երկուսի` Մարտակերտի հիւսիսային հատուածում), որոնք անմիջականօրէն մօտ են շփման գծին, քաղաքացիական անձինք չեն տուժում: Արցախում արձանագրուող զոհերը գերազանցապէս զինուորականների շրջանում են: Ընդ որում, եթէ նախկինում հայ զինծառայողները զոհւում էին հակառակորդի դիպուկահարների կրակոցներից, ապա վերջին մէկ-երկու տարիներին աւելացել են խափանարարութիւնների` ներթափանցման գործողութիւնների պատճառով զոհերը: Քաղաքացիական բնակչութեան շրջանում ամէնից շատ տուժում են Հայաստան-Ազրպէյճան սահմանի Տաւուշի հատուածի գիւղերը, քանի որ դրանք հէնց սահմանին են կամ ազրպէյճանական զինուժի ափի մէջ, եւ որտեղ հակառակորդը որոշ հատուածներում ունի դիրքային, աշխարհագրական առաւելութիւն: Կեանքի համար ամէնից վտանգաւոր գիւղերն են` Չինարին, Մովսէսը, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբիւրը եւ Պառաւաքարը Տաւուշի մարզի Բերդի հատուածում, Բերքաբերը Իջեւանի, ինչպէս նաեւ` Բաղանիսը, Ոսկեւանը, Կոթին, Բարեկամաւանը, Դովեղը եւ Բերդաւանը Նոյեմբերեանի հատուածում:

Ազրպէյճանը հասկացաւ, որ «դիպուկահարների պատերազմ»-ից, երկարատեւ կտրուածքով, որեւէ օգուտ չկայ: Սպաննւում են երիտասարդ տղաներ, ընդ որում` կրկնակի աւելի շատ ազրպէյճանցիներ, սահմանում եւ շփման գծում որեւէ էական փոփոխութիւն տեղի չի ունենում, բանակցութիւնների սեղանի շուրջ դիպուկահարների լկտիութեան պատճառով հայկական կողմը զիջումների չի գնում:

Եկաւ մի պահ, դա հաւանաբար 2014-ի ամառն էր, երբ Ազրպէյճանը որոշեց «դիպուկահարների պատերազմ»-ը փոխարինել «խափանարարների  պատերազմ»-ով: Աւելի քան մէկ տարի շարունակուող այս պատերազմում էլ Ազրպէյճանը ոչինչ չի ստացել: Ոչի՛նչ: Սահմաններում սթաթիւս քուոյի փոփոխութիւն չի արձանագրուել, ազրպէյճանական կողմը չի կարողացել իր առաջապահ դիրքերը մօտեցնել հայկական սահմանին (հակառակը, մի քանի հատուածներում  հայկական կողմն է հասել դիրքային առաւելութեան), այդ խափանարարների պատճառով կորցրել է աւելի շատ մարդկային կեանք, քան` հայկական կողմը:

Սակայն Ազրպէյճանը չի հանգստանում եւ ժամանակ առ ժամանակ սահմանային միջադէպեր է հրահրում, հիմնականում` «խափանարարների պատերազմ»-ների տեսքով եւ հրետակոծում է (փոքր եւ միջին տրամաչափի ժամանակակից զէնքերով) Տաւուշի մարզի վերոնշեալ գիւղերը, բառի բուն իմաստով` թոյլ չի տալիս, որպէսզի այդ բնակավայրերում իրականացուեն գիւղատնտեսական աշխատանքներ: Հայկական կողմը, բնականաբար, դիմում է համարժէք գործողութիւնների եւ լռեցնում հակառակորդին:

Ազրպէյճանը սահմանային լարուածութիւն է հրահրում մի քանի պատճառներով: Առաջին հերթին, Պաքուն փորձում է դրանով բանակցութիւնների ընթացքում (վերջին տարիներին բանակցութիւններ էլ չկան) զիջումներ կորզել Երեւանից: Ազրպէյճանական խափանարարութիւնները ուղղուած են նաեւ միջազգային հանրութեանը: Դրանով Իլհամ Ալիեւը անդադար փորձում է միջազգային օրակարգի մաս պահել արցախեան չլուծուած հակամարտութիւնը, ինչը նրան, լայն հաշուով, չի յաջողւում: Աւելի՛ն. միջազգային հանրութիւնը, որ հաւանաբար կը ցանկանար սթաթիւս քուոյի խաղաղ փոփոխութիւն յօգուտ Ազրպէյճանի, չի քաջալերում ազրպէյճանական խափանարարները, քանի որ ուզում է տեսնել խաղաղ եւ կանխատեսելի Կովկաս:

Հայկական կողմի համար այսօր առաջնային է Ազրպէյճանին իր սահմաններում զսպել եւ հնարաւորինս անվտանգ դարձնել Տաւուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի առօրեան:

Հայկական լրատուական դաշտում եւ փորձագէտների շրջանում երբեմն քննարկւում է, հրապարակաւ կամ լռելեայն, թէ արդեօք ժամանակը չէ՞, որ Հայաստանը Տաւուշի հատուածում լռեցնի հակառակորդին` գրաւելով այն առաջապահ դիրքերը, որտեղից Ազրպէյճանը անդադար անհանգստացնում է հայկական գիւղերի առօրեան, թոյլ չի տալիս, որ հայ մարդը հող մշակի, սպաննում եւ կրակոցներով անհանգստացնում է խաղաղ բնակիչներին:

Տաւուշի մարզի աշխարհագրութեանը ծանօթ մարդիկ հասկանում են, որ եթէ դա հնարաւոր էր պատերազմի տարիներին, մանաւանդ 1994-ին, երբ Ազրպէյճանը բառի բուն իմաստով քանդւում էր եւ խաղաղութիւն խնդրում Երեւանից ու Ստեփանակերտից, ապա այսօր դա գրեթէ հնարաւոր չէ: Աւելի ճիշդ, ոչ թէ հնարաւոր չէ, այլ ռիսքերն են մեծ, իսկ հետեւանքները` անկանխատեսելի:

Հետեւաբար Հայաստանին այլ բան չի մնում, քան` Ազրպէյճանին զսպել իր սահմաններում, ազրպէյճանական կողմի իւրաքանչիւր սադրանքին պատասխանել ցաւ պատճառող հարուածներով: Եւ ամենագլխաւորը` սահմանային այն գիւղերում, որտեղ այլեւս հնարաւոր չէ հող մշակել, ստեղծել աշխատանքային նոր պայմաններ, բացել նոր հնարաւորութիւններ: Այլ խօսքով, օգնել հայ մարդուն, հայ գիւղին:

Այդ մարդն է Հայաստանի սահմանապահը:

Այդ գիւղն է Հայաստանի սահմանապահը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here