«Զինուորի Կողքին Լինելը Հայ Հոգեւորականի Էութիւնն Է»

0
170

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՒՈՒՇԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԲԱԳՐԱՏ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԱԼՍՏԱՆԵԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ «ՄԵԴԻԱՄՔԱՍ»ԻՆ

Վարեց՝ ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ

ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Սրբազան հայր, նախքան Տաւուշի թեմի առաջնորդ լինելը, ձեր ներկայութիւնն ու աշխատանքը, յատկապէս սահմանապահ համայնքներում եւ զօրամասերում, նկատելի է եղել: Հիւսիս-արեւելեան դարպասում թեմի առաջնորդ լինելն ի՞նչ փուլ է բացում ձեր հոգեւոր ճամբորդութեան մէջ:

ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- Ինչպէս նկատեցիք, Տաւուշի մարզն ու թեմն ինձ համար նորութիւն չէր. վերջին երկու տարիներին, ինչ վերադարձել եմ Կանադայից (Բագրատ սրբազանը 2003-2013 թթ. եղել է Կանադայի թեմի առաջնորդը-«Մ.»), տարբեր ձեւաչափերով, մեծ ու փոքր խմբերով այցելել ենք սահմանապահ համայնքներ ու առաջնագիծ: Սահմանապահ համայնքների խնդիրները, կարծես, նորութիւն չէին ինձ համար:

Վեհափառ հայրապետի օրհնութեամբ Տաւուշի թեմի առաջնորդութիւնը ստանձնելը նոր՝ անմիջական ներկայութեան հրաւէր է, որով յստակ պատասխանատուութիւն ես ստանձնում տեղի ժողովրդի կեանքի հանդէպ: Հիմա հոգեւոր առաջին աստիճանով եմ կրում այդ պատասխանատուութիւնը:

 

ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Ի՞նչ անելիքներ կան Տաւուշի թեմում:

ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- Իմ նպատակն առաջին հերթին տարբեր սերունդների համար հոգեւոր կեանքի զարգացումն ապահովելն է: Ասում են, որ Տաւուշը «յայտնի» է իր մի փոքր «պակաս հաւատով». ես կտրականապէս չեմ ընդունում նման յայտարարութիւնը եւ վստահ եմ, որ մարդկանց հաւատքին արտայայտուելու հնարաւորութիւն է պէտք ընձեռնել, ինչի վկայութիւնը վերջին տարիների ընթացքում թեմի հաստատման ու հոգեւորականների աւելացման արդիւնքում եղած փոփոխութիւնն է:

Այսօր մենք կոչուած ենք աւելի նպատակային ու համակարգուած գործել, աւելի ընդգրկուն լինել եւ հասնել իւրաքանչիւրին՝ Աստծոյ խօսքի տարածման իմաստով:

 

ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Ո-րո՞նք են լինելու ձեր գործունէութեան հիմնական թիրախային ուղղութիւնները:

ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- Մեր առաջնահերթ ծրագիրն առաջիկայ երկու-երեք տարուայ ընթացքում ամէն համայնքում կիրակնօրեայ դպրոց հիմնելն է: Տաւուշում 62 գիւղ եւ 4 քաղաք ունենք: Պէտք է փորձենք իւրաքանչիւր համայնք օժտել իր կիրակնօրեայ դպրոցով՝ 70 դպրոցի ցանցով, մէկ համայնք՝ մէկ կիրակնօրեայ սկզբունքով: Դրա համար նախ պէտք է սկսենք մարդու պատրաստութեան՝ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Առաջին փուլում կը վերապատրաստուեն 30 ուսուցիչներ տարբեր համայնքներից: Մեր փափաքն է, որ իւրաքանչիւր ուսուցիչ զինուած լինի հաւատքի, սիրոյ զգացումով, գիտելիքներով եւ ազգային խոր հասկացողութեամբ, պատասխանատու լինի ոչ միայն դպրոցի, այլեւ համայնքի համար:

Այսօր արդէն 3 գործող կիրակնօրեայ դպրոց ունենք Բերդի տարածաշրջանում: Պէտք է դրանց թիւն աւելացնենք՝ կիրակնօրեայ դպրոցներում ստեղծելով հոգեւոր-մշակութային արուեստի կենտրոններ, որոնք կ՛օժանդակեն հոգեւոր կրթութեան զարգացմանը, որտեղ կը ներգրաւուեն 7-8 տարեկանից մինչեւ աւագ դպրոցի եւ աւելի մեծ տարիքային խմբի ներկայացուցիչներ:

Ծրագրեր շատ ունենք, ինչպէս օրինակ՝ Սուրբ Գրքի դասընթացներ, համագործակցութիւն բարձրագոյն եւ միջնակարգ ուսումնական հաստատութիւնների, սոցիալական կենտրոնների հետ, ճամբարի ստեղծում, հեռուստատեսային քարոզներ, յստակ կազմակերպուած ուխտագնացութիւններ, երգչախմբերի հիմնում, ճեմարանականների հաւաքագրում, սրբավայրերի տեղեկատուութեան հաւաքագրում, գրքոյկների պատրաստութիւն, տեղեկատուական-լրատուական բաժին, սոցիալ-տնտեսական ծրագրեր, խոցելի խաւի տեղեկութեան հաւաքագրում եւ այլն, բայց կարեւորը մեկնարկն է:

 

ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Գալով կիրակնօրեայ դպրոցներին՝ ի՞նչ կը տան դրանք մարզի երեխաներին:

ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- Հաւատում եմ, որ դպրոցի, կրթութեան ճանապարհով մենք մուտք կը գործենք աւելի խոր զարգացման փուլ: Կիրակնօրեայ դպրոցների առաջնահերթութիւնը հոգեւոր դաստիարակութիւնն է, որին զուգահեռ լինելու են արուեստի ու մշակոյթի տարբեր ճիւղերի դասարաններ, որոնք, որպէս գործիքներ, կը նպաստեն հոգեւոր կեանքի եւ ազգային գիտակցութեան ամրացմանը:

Ծրագրում ենք նաեւ թեմում երիտասարդական շարժումը զարգացնել: Ուզում ենք ստեղծել Հայ եկեղեցու երիտասարդաց միութիւն (շրջանային, համայնքային երիտասարդական), որը կը գործի կենտրոնական խորհրդի համակարգման ներքոյ եւ ակտիւ կը համագործակցի հասարակական կազմակերպութիւնների, հարեւան թեմերի հետ, կը զարգանայ որպէս շարժում եւ կ՛աջակցի տարածքի երիտասարդներին: Դա կը նպաստի նաեւ նրան, որ մարզի երիտասարդները  կարողանան որոշակի սոցիալական պատասխանատուութիւն ստանձնել՝ «Հաւատքը գործի մէջ» սկզբունքով:

 

ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Կրթութիւնից բացի, ի՞նչ ոլորտներում թեմը կ՛աջակցի մարզի բնակիչներին:

ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- Անմիջական աջակցութիւն ենք տրամադրել սահմանամերձ համայնքներին, որոնք մեր ուշադրութեան կենտրոնում են: Եւ այդ աջակցութիւնը լինելու է ոչ միայն հոգեւոր տեսանկիւնից, այլեւ սոցիալական ու տնտեսական: Փորձելու ենք ստեղծել համայնքային խորհուրդներ, որոնք կ՛օժանդակեն ՏԻՄին՝ մի շարք խնդիրներում աւելի հեշտ լուծումներ գտնելու համար:

Խնդիրներին ընդհանրական մօտեցումներ ենք ցուցաբերելու: Մեր առջեւ խնդիր ունենք առողջ ընտանիքի, երեխաների պաշտպանութեան գաղափարի զարգացման: Եկեղեցին պէտք է դարձնենք այնպիսի միջավայր, որը կը կարողանայ լուծումներ առաջարկել իւրաքանչիւր հարցի համար եւ բոլոր առումներով ներգրաւուած լինի հաւատացեալի կեանքում:

 

ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Ի՞նչ առաջնահերթութիւններ են դրուած ձեր առջեւ:

ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- Մեր առաջնահերթութիւնը Աստծուն ներկայացնելն է ու նրա միջոցով ապրելու գիտակցութեան զարգացումը, ինչը մեզ միշտ յաղթանակների կ՛առաջնորդի: Երկրորդը՝ մեր հոգեւոր, մշակութային, ազգային արժանապատուութեան գիտակցմամբ ինքնաճանաչողութեանը հասնելն է:

Կարճաժամկէտ տեսանկիւնից՝ առաջինը ծանօթացումն էր սահմանապահ գիւղացու, համայնքների հետ, նրանց կարիքները, պահանջներն ու թելադրանքն իմանալը, կրթական ծրագրերի մեկնարկն ու կեանքի աշխուժացումը:

 

ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Վերջին օրերի արձանագրուած սահմանային լարուածութեան ժամանակ ի՞նչ տեսաք տաւուշցու աչքերում: Չնայած հակառակորդի կրակոցների սովորական դարձած բնոյթին՝ ինչ որ բան փոխուե՞ց նրա առօրեայում:

ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- Յոյս: Մենք աւելի շատ յոյս ենք ստանում մարդկանցից, քան իրենց ենք փոխանցում: Հպարտ եմ, որ հերոսական ժողովրդին ծառայելու եւ առաջնորդութեան եմ կոչուած: Վերջին օրերին, երբ շրջում էինք սահմանամերձ համայնքներում, որտեղ հակառակորդի կրակոցները ոչ թէ արտառոց են, այլ անընդհատ կրկնուող իրականութիւն, երբեմն՝ ահագնացող ու նուազող, կէս կատակ, կէս լուրջ, մեր թեմն ու մարզը վերակոչեցինք «Տայոյսի» թեմ. այստեղ այնպիսի միջավայր է, որտեղ յոյսը բոլոր առումներով չպէտք է պակասի, այլ՝ սաւառնելով պէտք է տարածուի ամբողջ Հայաստանի տարածքում:

Իսկապէս, Տաւուշը մեր հայրենիքի դարպասն է: Եթէ Տաւուշում վերջանում է մեր սահմանը, ապա այնտեղ այն նաեւ սկսում է. այդ դարպասներում մեծ պատուով ու հերոսութեամբ ժողովուրդ է ապրում, ապրում է իր առօրեայով ու միաժամանակ զինուորի հետ սահման պաշտպանում: Այդ հրաշալի տեսարանն աւելի է զօրացնում, ու երբեք խղճահարութեան զգացում չի լինում: Այնտեղ է երեւում հայ մարդու իրական նկարագիրը:

 

ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Ձեր ակտիւ ներկայութիւնը զգացւում է նաեւ զինուորների կողքին: Զօրամասեր, առաջնագիծ կատարուող այցելութիւնների մասին կը ցանկանայի խօսէիք:

ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- Սահմանապահ զինուորի կողքին լինելը հայ հոգեւորականի էութիւնն է, նկարագիրը: Մեր հայրենիքի անմիջական պաշտպաններին քաջալերելն ու հոգեւոր գիտակցութեան բարձրացումը մեր հիմնական նպատակներից են:

Այս առումով մեծ աշխատանք է տարւում ՀՀ ԶՈՒ հոգեւոր ծառայութեան կողմից: Այսօր մեր թեմի մասշտաբով 5 սպասաւոր ունենք, որոնք առաջնագծում ծառայութիւն են մատուցում: Մեր հոգեւորականների հետ անընդհատ այցելութիւն ենք ունենում զօրամասեր ու առաջնագիծ, ակտիւ համագործակցում ենք հրամկազմի եւ զինուորի հետ, մեր ներկայութիւնը միշտ հայ զինուորից անբաժան է: Ուզում ենք, որ զինուորների ընտանիքներն իմանան՝ մեր զինուորները լինելու են մեր անմիջական հոգեւոր խնամքի եւ հոգածութեան ներքոյ:

 

ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Սրբազան հայր, Տաւուշը յայտնի էր իր վանքերով ու վանական համալիրներով, որոնցից շատերն այսօր հասանելի չեն հաւատացեալներին, չեն գործում կամ վերանորոգման կարիք ունեն: Այս առումով ի՞նչ քայլեր կը ձեռնարկուեն ձեր կողմից:

ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- Ինչպէս նշեցիք, Տաւուշի թեմը հարուստ է պատմական վանքերով, որոնց մեծ մասն այսօր վերանորոգման ու վերագործարկման կարիք ունեն: Դրա համար պահանջւում է երկու պայման՝ մարդկային կամք եւ նիւթական միջոցներ:

Առաջինը, բնականաբար, առկայ է: Մեր խնդիրն է, որ մեր վանքերն ապագայում սոցիալականացուեն ու համայնքում իրենց նկարագրին իւրայատուկ ներդրում ունենան: Եւ մենք փորձելու ենք դա իրականութիւն դարձնել:

Բուն վանական կեանքը պէտք է վերականգնուի Տաւուշում, որի համար բոլոր հնարաւորութիւնները, գոնէ ֆիզիկական մասով, ունենք: Մեր նպատակն է, որ կեանքի կոչուեն Կիրանց վանքը, Աղաւնավանքը, Մաթոսավանքը, æուխտակ վանքերը, Չմշկավանքը, վերանորոգուեն ամբողջական Մակարավանքը, Գոշավանքը եւ այլն: Սրանք պատմական կարեւոր նշանակութիւն ունեցող կենտրոններ են եղել, որոնք պէտք է կեանքի կոչուեն:

 

ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Ո՞րն է Տաւուշի թեմի հետ կապուած ձեր տեսլականը:

ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- Տեսլականը շատ լայն եւ ընդգրկուն է: Թեմը զարգացնելու բարի ցանկութիւնն ունենք, իսկ թէ իրականութիւնն ինչ կը պարզի մեր առջեւ, միայն Աստուած կարող է ասել, ով եւ ուղղում է մեր ճանապարհը: Հետեւաբար, խնդրում եմ բոլորին աղօթել մեզ համար, մեր ժողովրդի համար եւ յաճախ այցելել մեզ՝ Հայաստանի դարպասներ:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here