Չկեղծե՛լ Հանրաքուէն

0
189

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կը կայանայ հանրաքուէ, որի ընթացքում ընտրողները պէտք է ԱՅՈ կամ ՈՉ ասեն սահմանադրական փոփոխութիւնների նախագծին: Հայաստանը վերջին 20 տարիներին չորրորդ անգամ է անցկացնելու սահմանադրութեան ընդունման կամ մայր օրէնքը փոփոխելու հանրաքուէ:

Հայաստանում սահմանադրութիւնը հանրաքուէով ընդունուել է 1995-ի ամռանը: Նախքան սահմանադրութեան ընդունումը` 1991-1995 թթ., Հայաստանը առաջնորդւում էր 1990-ի օգոստոսին ընդունուած Անկախութեան հռչակագրով եւ Գերագոյն խորհրդի կողմից ընդունուող օրէնքներով:

1995-ի հանրաքուէն անցկացուեց Ազգային ժողովի առաջին ընտրութիւնների հետ միաժամանակ, ե՛ւ Հայաստանում արմատաւորուած է հանրային խորը ընկալում, որ ե՛ւ հանրաքուէն, ե՛ւ ընտրութիւնները կեղծուել են: Այդ սահմանադրութեան հիմնական քննադատները` այն օրուայ ընդդիմութիւնը` ԱԺՄ-ն ու կասեցուած ՀՅԴ-ն պնդում էին, որ դա Լեւոն Տէր Պետրոսեանի սահմանադրութիւնն է, գրուել ու կարուել է նրա համար: 1995-ի սահմանադրութիւնը ապահովում էր ուժեղ նախագահական կառավարում:

2001-ի յունուարին, երբ Հայաստանը անդամակցեց Եւրոպայի խորհրդին, ստանձնեց բազմաթիւ պարտաւորութիւններ, որոնք անհրաժեշտութիւն դարձրին սահմանադրական փոփոխութիւնները: 2003-ին, Ազգային ժողովի ընտրութիւնների հետ միաժամանակ հանրաքուէի դրուեց Ռոպերթ Քոչարեանի կողմից հաւանութեան արժանացած սահմանադրական փոփոխութիւնների փաթեթը, որը, սակայն, չստացաւ բաւարար քուէ: Շուրջ 560 հազար կողմ եւ 552 հազար դէմ քուէներով սահմանադրական փոփոխութիւնների փաթեթը մերժուեց:

2005-ին Քոչարեանը եւ օրուայ իշխանական քոալիսիոնը, որոշ փոփոխութիւններով, կրկին հանրաքուէի դրեցին փաթեթը, որն ընդունուեց անհաւատալի` 1.4 միլիոն կողմ եւ ընդամէնը 82 հազար դէմ ձայներով: Այդ քուէարկութիւնը, որն անցնում էր ընտրատեղամասերում ընտրողների դատարկութեան պայմաններում, ստացաւ «ուրուականների հանրաքուէ» անունը:

Սերժ Սարգսեանը 2013-ի սեպտեմբերի 4-ին` ուղիղ մէկ օր անց իր` Եւրասիական տնտեսական միութեանն անդամակցելու պատրաստակամութեան մասին Մոսկուայում արուած յայտարարութիւնից, պաշտօնապէս ազդարարեց սահմանադրական փոփոխութիւնների մեկնարկի մասին: Անցնող շաբաթ` հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովը 104 կողմ, 10 դէմ եւ 3 ձեռնպահ ձայներով կողմ քուէարկեց նոր սահմանադրութեան նախագիծը հանրաքուէի դնելու որոշմանը, որը ներկայացրել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը: Դէմ քուէարկեցին միայն «Հայ ազգային քոնկրես» խմբակցութեան 7 պատգամաւորներից 6-ը, երկու պատգամաւոր` Օրինաց երկիր խմբակցութիւնից, մէկական` Ժառանգութիւնից եւ Բարգաւաճ Հայաստանից (ԲՀԿ): Քուէարկութեան արդիւնքը եւս մէկ առիթ տուեց իշխանութիւններին պնդելու, որ սահմանադրական փոփոխութիւնները պահանջուած են եւ այդ հարցի շուրջ առկայ է քաղաքական լայն համախոհութիւն:

Եթէ Ազգային ժողովը ծանրակշիռ մեծամասնութեամբ կողմ է արտայայտւում սահմանադրական փոփոխութիւնները հանրաքուէի դնելու որոշմանը, Հայաստանի հասարակութեան տրամադրութիւնների հարցում այդ քուէարկութիւնը շատ բան չի նշանակում: Աւելի՛ն. այդ քուէարկութիւնը չի կարելի դատավճիռ որակել հանրաքուէի ընթացքում այո-ի կամ ոչ-ի հարցում: Հայաստանի վերջին գումարումների խորհրդարանները չեն արտացոլում հասարակութեան տրամադրութիւնները մի շարք, այդ թւում` ընտրութիւնները կեղծելու պատճառներով: Այս խորհրդարանը ժողովրդի տրամադրութիւնները չի արտայայտում մէկ այլ էական պատճառով: Փետրուարին Սերժ Սարգսեանի անմիջական մասնակցութեամբ խորհրդարանում ներկայացուած մեծութեամբ երկրորդ ուժը` ԲՀԿ-ն, պառակտուեց, իսկ նրա դերակատարութիւնը` ակնյայտ նուազեց: Աւելի՛ն. ԲՀԿ-ն որպէս միասնական ուժ շարքից հանելու գործում գլխաւորն այն էր, որ այդ կուսակցութիւնը կտրականապէս դէմ էր սահմանադրական փոփոխութիւններին:

Սահմանադրական փոփոխութիւնների հարցում քաղաքական ուժերի եւ քաղաքականապէս աշխուժ հասարակութեան տեսակէտները պայմանականօրէն կարելի է բաժանել չորս խմբի:

Առաջին` իշխանութիւններ եւ իշխանամէտ ուժեր: Այստեղ ամէն ինչ պարզ է. Սերժ Սարգսեանը եւ նրան աջակցող ուժերը պնդում են, թէ նոր սահմանադրութիւնը նոր դուռ կը բացի երկրի քաղաքական եւ ընկերային-տնտեսական զարգացման համար:

Երկրորդ` արմատական ընդդիմութիւն: Այստեղ էլ ամէն ինչ պարզ է. Սերժ Սարգսեանը սահմանադրական փոփոխութիւններով վերարտադրուելու նպատակ է հետապնդում: Ըստ այս խմբի տեսակէտի, Սարգսեանը, զբաղեցնելով ՀՀԿ-ի ղեկավարի աթոռը, իր ձեռքում կը պահի իշխանական լծակները` չզբաղեցնելով որեւէ պաշտօն:

Երրորդ` ուժեր եւ անհատներ, որոնց հետաքրքրում է քուէարկութեան դրուելիք սահմանադրութեան բովանդակութիւնը: Նրանք պնդում են, որ այդպիսի սահմանադրութիւնը վտանգաւոր է, անգամ չարիք` երկրի համար, քանի որ ապահովում է մէկ կուսակցութեան գերակայութիւնը խորհրդարանում, եւ կայուն մեծամասնութեան երաշխաւորումը դառնում է սահմանադրական կանոն:

Չորրորդ խմբում այն ուժերն են, առաջին հերթին` հասարակութեան անտարբեր հատուածը, որոնք համոզուած են` ներկայ եւ նախկին իշխանութիւնները կեղծել են համապետական նախորդ ընտրութիւնները, հետեւաբար կեղծելու են նաեւ դեկտեմբերի 6-ի հանրաքուէի արդիւնքները:

Սահմանադրական բարեփոխումների այս փաթեթին, տարբեր պատճառաբանութիւններով եւ հիմնաւորումներով, կտրականապէս դէմ են Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահները: Լեւոն Տէր Պետրոսեանի ղեկավարած ՀԱՔ-ը սահմանադրական փոփոխութիւնների դէմ պայքարի առաջամարտիկներից է: Ռոպերթ Քոչարեանի պայքարը սահմանադրական փոփոխութիւնների դէմ առայժմ հրապարակային քննադատութիւնից այն կողմ չի անցնում:

Իշխանութիւնները եւ սահմանադրական փոփոխութիւնների կողմնակիցները պէտք է գիտակցեն, որ սա ճակատագրական քուէարկութիւն է, որի օրինականութիւնը չի կարելի դնել հարցականի տակ: Յատկապէս եթէ նրանք համոզուած են, որ այդ փոփոխութիւններն արւում են յանուն Հայաստանի եւ նրա հասարակութեան:

Գործող իշխանութիւնները պարտաւոր են հաւասար պայմաններ ապահովել, յատկապէս` քուէարկութեանը նախորդող շրջանում, որպէսզի ելեկտրոնային լրատուամիջոցներով հաւասարապէս լսելի լինի Ոչ-ի կողմնակիցների ձայնը:

Կառավարութիւնը պարտաւոր է ապահովել ազատ եւ արդար քուէարկութիւն, իսկ Ոչ-ի կողմնակիցները եւ դիտորդական կազմակերպութիւնները` վերահսկողութիւն, որպէսզի հանրաքուէի ընթացքում բացառուեն լցոնումները եւ միւս ընտրակեղծիքները:

Եւ, ամենակարեւորը, լաւագոյն սահմանադրութիւնը (նախագահական, կիսանախագահական կամ խորհրդարանական) չի կարող ստեղծել համապատասխան պայմաններ ժողովրդավարական արժէքների կեանքի կոչման համար, երբ կեղծւում են ընտրութիւնները: Ներկայացուած փաթեթը չի կարող ապահովել կառավարման խորհրդարանական համակարգ, եթէ հանրաքուէն կեղծուի: Գործող սահմանադրութիւնը չի ապահովել կիսախորհրդարանական համակարգ քաղաքական մենաշնորհի եւ ընտրութիւնների պարբերական կեղծման պատճառով: Հետեւաբար, երբ արդէն հանրաքուէն անխուսափելի է, հրամայականը այն ազատ, արդար եւ թափանցիկ անցկացնելն է:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here