Թաներ Աքչամ. «Ցեղասպանութիւնը Հայկական Բարենորոգումների Հարցին Տրուած Վերջին Պատասխանն Է» ( Բ. Մաս )

0
175

ԱԿՕՍ

Սեպտեմբերի 15-ի երեկոյեան Ստամպուլի Քոնկրես կենտրոնում տեղի ունեցաւ «Հրանտ Տինքի» անուան միջազգային մրցանակի յանձնման 7-րդ հանդիսութիւնը, որտեղ բացման խօսքով հանդէս եկաւ պատմաբան Թաներ Աքչամը: Ելոյթը ներկայացնում ենք ամբողջութեամբ, որը հանդիսութեան ներկաները մեծ հետաքրքրութեամբ ունկնդրեցին: Ստորեւ, այդ ելոյթի Բ. մասը:

Բարենորոգումների Փոխարէն`
Կոտորած

«Հաւասարութիւն, ազատութիւն եւ եղբայրութիւն» կոչով հանդէս եկած 1908 թ. յեղափոխութիւնից յետոյ հայերը կրկին սկսեցին բարեփոխումների սպասել: 1908 թ-ից յետոյ հաւաքուած օսմանեան խորհրդարանի առաջին օրակարգային հարցերից մէկը «Հայկական բարենորոգումների հարցն» էր, մի հանգամանք, որ մեր պատմաբաններին այդքան էլ յայտնի չէ: Ըստ դրա, կառավարութիւնը հայկական վիլայեթներ պատուիրակութիւն էր ուղարկելու, որը ե՛ւ պաշտօնից հեռացնելու էր այն կառավարիչներին, ովքեր հայերին վատ էին վերաբերւում, ե՛ւ օրէնքի յանձնարարական էր պատրաստելու` առ այն, թէ ինչպէս պէտք է հայերը մասնակցէին տեղական կառավարմանը:

Հայերը կարծում էին, թէ սպասուած բարեփոխումներն ի վերջոյ ի կատար են ածուելու, մինչդեռ ցնցում ապրեցին` իմանալով, որ Ատանայում 20 հազար մարդ է սպաննուել: Ի հակադրութիւն իրենց իմացածի` կոտորածները միայն Ատանայով չսահմանափակուեցին, բազմաթիւ նահանգներում եւս իրագործուել էին կամ` վերջին պահին կասեցուել: Կոտորածների պատճառն այն էր, որ հայերին որպէս նոր սահմանադրութեան եւ բարենորոգումների ներկայացուցիչ էին համարում:

1915-1918 թթ. կոտորածներն էլ տարբեր չեն: Ցեղասպանութիւնն այն պատասխանն էր, որ օսմանեան կառավարիչները տուեցին 1914 թ. փետրուարին ստորագրուած «Հայկական բարենորոգումների համաձայնագրին»: Ըստ բարեփոխումների այս ծրագրի` հայերով բնակեցուած տարածքներում երկու առանձին նահանգ էր ստեղծուելու, եւ հայերը ազգաբնակչութեան համամասնութեան յարաբերակցութեամբ մասնակցելու էին տեղական կառավարմանը: 1914 թ. գարնանը բարեփոխումներից ոգեւորուած հայերը 1915 թ. զանգուածային կոտորածների ենթարկուեցին: Հակառակ կարծիքների` Հայոց ցեղասպանութեան եւ Ա. Համաշխարհային պատերազմի միջեւ եղած պատճառահետեւանքային կապն անուղղակի է:

Տեղահանութիւնը սկզբունքօրէն իրականացուել է պետութեան «գլխացաւանք», «չարիք» համարուող հայկական բարեփոխումների խնդրից վերջապէս ազատուելու նպատակով, քանզի ըստ իթթիհատականների` հայկական բարենորոգումների խնդիրը ե՛ւ օտար պետութիւններին հնարաւորութիւն էր տալիս միջամտել Օսմանեան կայսրութեան ներքին գործերին, ե՛ւ կայսրութիւնը մասնատելու ներուժ ունէր:

Սրանք ոչ թէ ես, այլ ժամանակաշրջանի ներքին գործերի նախարար Թալէաթ փաշան է ասում: 1915 թ. մայիսի 26-ին սատրազամին (վարչապետին) ուղղուած երկար գրութեան մէջ նա նշում է, որ տեղահանութեան իրական նպատակը հայկական բարենորոգումների խնդիրը լուծելն է: Ըստ փաշայի, հայկական բարենորոգումների համաձայնագիրն «ի յայտ էր բերում այն վտանգը, որ օսմանեան նահանգների մի մասը օտար տիրապետութեան տակ կ՛անցնէր», եւ երբ քննարկւում էր «այս մտահոգութիւնը (այսինքն` բարեփոխումների խնդիրը) հիմնովին վերացնելու հարցը», պատերազմը սկսուել էր եւ հայերի դէմ ուղղուած որոշ ժամանակաւոր միջոցառումներ էին ձեռնարկուել: Փաշան նշում էր, որ ռազմական նկատառումներով ձեռնարկուած այս ժամանակաւոր միջոցառումներն արդէն «ըստ համապատասխան մեթոտների ու կանոնների» էին անհրաժեշտ կանոնակարգել:

Այսպիսով, ցեղասպանութիւնն օսմանեան-թուրք կառավարիչների վերջնական պատասխանն էր հայկական բարենորոգումների հարցին, որ 1878 թ. ի վեր տանջում էր իրենց:

Քրտական Բարեփոխումը

Իսկ այժմ քննարկելու ենք քրտական բարեփոխումների խնդիրը: Եւ պատմութիւնը թուրքերին դատելու է առ այն, թէ քրտերին համանման եւ համարժէք պայմաններում ղեկավարման մասնակցութիւն ունենալու հնարաւորութիւն տուել են արդեօք: Քրտական բարեփոխումների էութիւնն այն է, որ երաշխիքներ տրուեն, որ ընկերային, քաղաքական, մշակութային իւրաքանչիւր ոլորտում քրտերը թուրքերի հետ համահաւասար քաղաքացիներ են ապրելու: Բոլորը գիտեն, որ սրա ճանապարհն այն է, որ սահմանադրական քաղաքացիութեան եւ երաշխաւորուած հաւասարութեան լոյսի ներքոյ տեղական կառավարման սկզբունքները կեանքի կոչուեն ամբողջ Թուրքիայով մէկ:

Նման սկզբունքների կենսագործումը չի կարող որեւէ կազմակերպութեան հետ պայմանաւորուածութիւն ենթադրել եւ որեւէ կազմակերպութեան գործողութիւնները արդարացնելով` յենարան լինել նրան: Եթէ նոյնիսկ այդպէս չէ, Քրտական Աշխատաւորական կուսակցութեան խնդիրը գլխաւորապէս քրտական պետութիւն ստեղծելու առանցքի շուրջ լուծելու ցանկութիւնը սխալ է եւ անգամ չափազանց վտանգաւոր: Սակայն ուրիշի սխալը ձեր սխալների ու թերացումների համար պատրուակ չի կարող լինել:

Վատատես չեմ ուզում լինել, սակայն որպէսզի հաղորդեմ, թէ այս պահին զարգացումներն ինչպիսի հնարաւոր չափերի կարող են հասնել, ցանկանում եմ կառավարութեանը յարող մի թերթում տեղ գտած որոշ մտքեր յիշեցնել: Թերթը, որը նշում է, թէ Թուրքիան ե՛ւ ներսից, ե՛ւ դրսից պաշարուած է մի ռազմաճակատի կողմից, ընդգծում է, որ այս ռազմաճակատը ձեւաւորելու դիտաւորութիւնը «Ա. Համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանեան կայսրութեան քաղաքական հեղինակութիւնը փշրող… դիտաւորութիւնն» է: Ըստ թերթի` Թուրքիան մի մեծ սպառնալիքի առջեւ դէմ-յանդիման է կանգնած, եւ «այս սպառնալիքը… (որոշակի) բեմագրութիւն իրագործում է», իսկ այս «բեմագրութիւնը նոյնն է, ինչ Ա. Համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանեան կայսրութեան դէմ ուղղուած կործանարար սպառնալիքը, եւ նրանց միջեւ որակապէս որեւէ տարբերութիւն չկայ»:

Թերթը նաեւ նշում է. «Այնքան վտանգաւոր դաւաճանութիւն է տեղի ունենում, որքան Ա. Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանինն էր» եւ այնուհետեւ յաւելում, որ այս դաւաճանութեան դէմ անհրաժեշտ է «հակառակ ճամբարում հաստատուած… ներքին թշնամիների դէմ իւրատեսակ ազգային պայքար, զտում սկսել»:

Չգիտեմ` յիշո՞ւմ էք արդեօք Հայոց ցեղասպանութիւնը ժխտողների այն արտայայտութիւնը, թէ «Չկայ Հայոց ցեղասպանութիւն, կայ հայրենիքի պաշտպանութիւն»: Եթէ հայրենիքի եւ ժողովրդի դէմ ուղղուած մեծ վտանգ կայ, այդ սպառնալիքը վերացնելուց զատ աւելի բնական ի՞նչ կարող է լինել: Հաւատացէք` բոլոր զանգուածային կոտորածներն ի յայտ են եկել որպէս իւրատեսակ ինքնապաշտպանութիւն, քանզի որոշ

պետութիւններ ու ժողովուրդներ այն համոզմունքն են ունեցել, որ այս կերպ իրենց գոյութեանը սպառնացող վտանգն են վերացնում:

Այնուամենայնիւ, չեմ ցանկանում պնդել, որ զարգացումներն այս ուղղութեամբ են շրջուել, միայն հայեցակարգի շարունակականութեան վրայ եմ ուզում ուշադրութիւն հրաւիրել:

Պատմութեան Բեռը

Պատմութեան բեռը մեր ուսերին է, եւ պատմութիւնն էլ մղձաւանջի պէս մեզ է հետեւում: Ժխտում ենք, ասում ենք այն, ինչ չգիտենք կամ չենք յիշում, սակայն նա մղձաւանջի նման մեզ հետապնդում է:

Նախորդ հարիւրամեակի սկզբին Օսմանեան կայսրութեան մասնատման եւ ազգ-պետութիւնների ձեւաւորման ընթացքում այս հողերն արեան ծով դարձան: Նրանք, ովքեր այսօր հպարտանում են իրենց ազգ-պետութիւններով, շատ արագ մոռացան, որ այդ ազգ-պետութիւնների սահմանները միլիոնաւոր մարդկանց արիւնով գծուեցին: Ներկայում նման մի գործընթացի ականատեսն ենք լինում: Միջին Արեւելքը կրկին արեան ծով է եւ երեւում է` այդ ծովը շարունակելու է մեծանալ: Քանի որ ոմանք դեռեւս 1920-ական թթ. ստեղծուած ազգ-պետութիւնների շուրջ են պնդում եւ դա էլ որպէս լուծում ներկայացնում, իսկ ոմանք էլ գուցէ անելանելիութիւնից դրդուած, գուցէ նաեւ համոզմունքով, որ արտաքին պայմանները դա հնարաւոր կը դարձնեն, ցանկանում են իրենց ազգ-պետութիւնները ստեղծել: Այս ակնկալիքները նաեւ կորուստներով կարող են աւարտուել, կամ կարող է նաեւ մէկ այլ իրականութիւն լինել, սակայն ոչ թէ հարիւր հազարաւորների, թերեւս միլիոնաւորների արեան գնով…

Մինչդեռ հեշտ ճանապարհ կայ, եթէ քիւրտը, թուրքը, արաբը, հայը, ասորին, չերքեզը, ալեւին, սիւննին կարողանան միասին ապրել: 30 տարի է, ինչ զանգուածային կոտորածների հարցով եմ զբաղւում: Հաւատացէք` դեռ չեմ կարողանում հասկանալ, թէ մարդն ինչո՛ւ հեշտ ճանապարհները չի ընտրում, այլ առաւելապէս զէնքը, սպանութիւնն է նախընտրում եւ սահմաններն արիւնով է գծում:

Հրանդի Երազանքը

2005 թ. Հրանդ Տինքը Տիգրանակերտում մի զրոյցի ժամանակ իր քիւրտ բարեկամներին ասել էր. «Լաւ ուսումնասիրէք այն, ինչ եկաւ մեր գլխին», «Մեր գլխին եկածից դասեր քաղեք»: Նրա վրայ բարկացել էին, քննադատել: Մինչդեռ չափազանց իրաւացի էր Հրանդը: Ճիշդ էր ասել, որ այս տարածաշրջանում ազգային հիմքով քաղաքական լուծումները մեծ աղէտների ու կործանումների համար ուղի են հարթել եւ հարթելու են: Այս պատճառով Թուրքիայի ժողովրդավարացումը, ժողովրդավարական հիմքերի վրայ նրա վերակառուցումը Հրանդի ամենամեծ երազանքն էր: Հրանդն այս երազանքի պատճառով սպաննուեց, աւելի ճիշդ` սպաննուեց, քանի որ հայ էր, ով նման երազանք ունէր: Հայկական ինքնութեան պատճառով նրա սպանութեանը յանգեցրած այս երազանքը մեզ ցոյց է տալիս, թէ որտեղ է այս հողերի գլխաւոր ողբերգութիւնն ու փակուղին:

Կա՛մ Հրանդ Տինքին յիշելու ենք որպէս քաղաքացիների իրաւունքների առաջնորդի, ինչպիսին Մարթին Լութեր Քինկն է ամերիկացիների համար, եւ նրա երազանքն են իրագործելու, կա՛մ ականատես ենք լինելու նրան, որ աշխարհագրական այս տեղանքում դեռ շատ արիւն է հոսելու»:

Թարգմ.` ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
«Ակունք»

( Վերջ )

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here