«Կ՛անենք Ամէն Ինչ, Որ Հայ Երկրպագուները Վերադառնան Մարզադաշտ»

0
151

Հայաստանի ազգային հաւաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը հարցազրոյց է տուել ռուսական «Sport-express»ին:

«ՍՊՈՐՏ-ԷՔՍՊՐԷՍ».- Այս մրցաշրջանում դառնում էք «Բորուսիա»ի առաջատարը: Զգո՞ւմ էք:
ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Խաղադաշտում ես ներդնում եմ իմ ողջ ուժը: Թիմակիցներս ինձ օգնում են գոլեր խփելու, իսկ ես՝ նրանց: Արդիւնքում՝ օգնում ենք միմեանց յաղթանակի հասնելու համար:

«ՍՊՈՐՏ-ԷՔՍՊՐԷՍ».- Զգացւում է, որ Տուխելի գլխաւորութեամբ աւելի լաւ էք զգում ձեզ:
ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Այո, հիմա կարելի է ասել՝ ինձ մօտ ամէն ինչ ստացւում է: Շնորհակալ եմ Տուխելին եւ իմ թիմակիցներին: Կարծում եմ՝ նաեւ մեծ դեր ունէր այն հանգամանքը, որ ես մրցաշրջանի սկզբում լաւ խաղեր անցկացրի:

«ՍՊՈՐՏ-ԷՔՍՊՐԷՍ».- Ձեզ համար, հաւանաբար, շատ ցաւալի է, որ Հայաստանի հաւաքականը չի մասնակցելու Եւրօ-2016ին:
ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Մեր երազանքն է հանդէս գալ Եւրոպայի կամ աշխարհի առաջնութեան եզրափակիչ փուլում: Չեմ կարող ասել, որ հիմա շատ հիասթափուած եմ, քանի որ այս մրցափուլում մենք ընդամէնը 2 միաւոր վաստակեցինք, իսկ մի քանի տարի առաջ մենք ռէալ հնարաւորութիւն ունէինք դուրս գալու եզրափակիչ փուլ, բայց չստացուեց: Շատ ուրախ կը լինեմ, եթէ յաջողութեան հասնեմ հաւաքականի հետ:

«ՍՊՈՐՏ-ԷՔՍՊՐԷՍ».- Ալբանիայի հետ խաղում մարզադաշտում մօտ 5000 երկրպագու կար: «Մայնց»ի հետ խաղում չէի՞ք մտածում ֆուտբոլային տօնի մասին:
ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Գերմանիայում ցանկացած հանդիպում տօն է, իսկ երեւանեան խաղում հասկանալի պատճառներով բաւական քիչ հանդիսականներ կային: Պարտուել էինք, եւ մարդիկ հիասթափուած էին, սակայն ուզում եմ ասել նրանց, որ կ՛անենք ամէն ինչ, որ նրանք վերադառնան մարզադաշտ:

«ՍՊՈՐՏ-ԷՔՍՊՐԷՍ».- «Բորուսիա»ն յաջորդ հանդիպումն անցկացնելու է ադրբեջանական «Գաբալա»ի հետ: Մամուլում լուրեր են շրջանառւում, որ հնարաւոր է խնդիրներ լինեն՝ ադրբեջանական վիզա ստանալու հետ կապուած:
ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Չգիտեմ: Անձնագիրս ինձ մօտ չէ: Աւելի լաւ է հարցնել ղեկավարութեանը: Ամէն դէպքում՝ ես պատրաստւում եմ հանդիպմանը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here