Հրապարակային Քննարկում-Արձագանգ 2. Փերինչեքի Արդարացումը Կարող Է Վտանգաւոր Նախադէպ Լինել

0
123

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի Վերին պալատը հոկտեմբերի 15-ին Սթրազպուրկում հրապարակեց «Տողու Փերինչեքն ընդդէմ Զուիցերիայի» գործով վճիռը` նշելով, որ խախտուել է Մարդու իրաւունքների եւրոպական հռչակագրի 10-րդ յօդուածը` խօսքի արտայայտման ազատութիւնը: «Ժողովրդավարական հասարակութիւնում հայկական համայնքի շահերը պաշտպանելու նպատակով Փերինչեքին քրէական պատասխանատուութեան ենթարկելու անհրաժեշտութիւն չկար», նշուած է դատավճռում:

Միւս կողմից, դատարանի որոշման մէջ բացակայում են այն ձեւակերպումները, որոնք տեղ էին գտել 2013թ. դեկտեմբերի 17-ի Ստորին պալատի վճռում, եւ որոնց պատճառով էր նաեւ որպէս երրորդ կողմ ներգրաւուել Հայաստանը: Մասնաւորապէս Եւրոպական դատարանը դատավճռում նշել է, որ այս գործով դատարանի խնդիրը չէ որոշելու` «Օսմանեան կայսրութիւնում 1915թ. հայ ժողովրդի նկատմամբ կատարուած զանգուածային կոտորածներն ու տեղահանումները կարող են որակուել ցեղասպանութիւն, թէ ոչ»:

Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի Վերին պալատի դատավճիռը, անկասկած, քաղաքական որոշում էր: Դատարանը հաշուի առաւ մի կողմից ազատ արտայայտուելու իրաւունքը, միւս կողմից` ստուեր չնետեց Հայոց ցեղասպանութեան վաւերականութեան վրայ: Այսպիսով, այս որոշումը հայկական կողմի համար իր մէջ պարունակում էր ե՛ւ դրականը, եւ բացասականը:

Ակնյայտ է նաեւ, որ Փերինչեքը կարողացաւ յաղթել Զուիցերիային, մի պետութեան, որը առաջինն է քրէականացրել Հայոց ցեղասպանութեան ժխտումը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը ողջունել է եւրոպական դատարանի որոշումը, նոյնն արել է նաեւ Հայաստանի Գլխաւոր դատախազութիւնը` երկուսն էլ վերցնելով վճռի` իրենց համար շահեկան հատուածները:

Սակայն հայկական կողմը լուրջ սխալ է թոյլ տալիս, երբ, հաշուի առնելով ներքին լսարանը, հրապարակաւ իր գոհունակութիւնն ու բաւարարուածութիւնն է յայտնում`  այդպիսով վատ ազդանշան ուղարկելով միջազգային հանրութեանը, յատկապէս հաշուի առնելով այն իրողութիւնը, որ այդ որոշումը միջազգային լրատուամիջոցները մեկնաբանում են որպէս ժխտողականութեան օրինականացում:

Հայաստանը պէտք է ամենաբարձր մակարդակներով իր դժգոհութիւնը յայտնի ու դատապարտի դատարանի որոշման այն հատուածը, որը, փաստօրէն, օրինականացնում է Հայոց ցեղասպանութեան ժխտումը անգամ այն երկրներում, որոնք օրէնք են ընդունել ժխտողներին քրէական պատասխանատուութեան ենթարկելու մասին: Բացի այդ, ժխտողականութեան օրինականացման տեսանկիւնից այս դատավճիռը չափազանց վտանգաւոր նախադէպ է:

Այս վճռի` հայկական կողմի համար անընդունելի ձեւակերպումներից մէկն էլ այն է, որ յստակ տարբերակում է դրւում Ողջակիզումի եւ Հայոց ցեղասպանութեան միջեւ: Պատահական չէ, որ հէնց այս ձեւակերպումն է դարձել Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան յայտարարութեան առանցքը:

Դատարանի որոշումը Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը ողջունել է: Այն ողջունել են նաեւ թուրքական եւ ազրպէյճանական լրատուամիջոցները: Այս որոշումը, անկասկած, ուժեղացնելու է թուրքական լոպիի դիրքերը: Փերինչեքի արդարացումն աչքի առաջ ունենալով` թուրքական կազմակերպութիւնները եւրոպական երկրներում աւելի յարձակողական կերպով են հերքելու Հայոց ցեղասպանութիւնը` օգտագործելով միջազգային կազմակերպութիւնների հարթակները եւ ակադեմական շրջանակները:

Մինչեւ այսօր, Զուիցերիայից բացի, եւրոպական եւս երկու պետութիւն` Սլովաքիան եւ Յունաստանը, քրէականացրել էին Հայոց ցեղասպանութեան ժխտումը: Եւրոպական դատարանի որոշումից յետոյ դժուար կը լինի հասնել նրան, որ այլ պետութիւններ եւս ընդունեն օրէնքներ Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու մասին: Բացի այդ, Զուիցերիայի նկատմամբ Փերինչեքի յաղթանակից յետոյ ինչ-որ տեղ անիմաստ է դառնում նման օրէնքների ընդունումը:

Հայաստանը յայտարարում է, որ Հայոց ցեղասպանութեան հարցում անցում է կատարում ճանաչումից դէպի հատուցում: Հատուցումը հնարաւոր է միայն դատական ճանապարհով, քանի որ Թուրքիան ինքնակամ չի գնայ հատուցման, իսկ Հայաստանը այնքան ուժեղ չէ, որ պարտադրի Թուրքիային: Դատարանի այս որոշումից յետոյ Հայաստանի` ճանաչումից դէպի հատուցում նպատակը դժուար իրագործելի է թւում:

Այս նախադէպը Հայաստանի եւ հայկական հարցերով զբաղուող կազմակերպութիւնների համար պէտք է դաս լինի, որ վտանգաւոր է Հայոց ցեղասպանութեան ճանաչման ու հատուցման, ինչպէս նաեւ համահայկական նշանակութեան մէկ այլ` Արցախեան հարցի լուծումը փնտռել իրաւական դաշտում` միջազգային դատարանում:

Միջազգային դատարանները, լայն հաշուով, կայացնում են քաղաքական վճիռներ: Երբ որեւէ խնդիր կամ վէճ տարւում է դատարան, ապա դու ստիպուած ես ընդունել այդ դատարանի որոշումը:

Եւ, ամենակարեւորը, Հայաստանը պէտք է իր ստորագրութիւնը վերցնի ցիւրիխեան երկու արձանագրութիւններից, քանի որ դրանցում տեղ գտած ձեւակերպումներից մէկը` կապուած պատմութեան հարթութեան ենթայանձնաժողով ստեղծելու առաջարկի հետ, յատկապէս Փերինչեքի գործով եւրոպական դատարանի որոշումից յետոյ, աւելի հետեւողականօրէն  է օգտագործուելու հայութեան դէմ` կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանութեան վաւերականութիւնը:

Շուրջ տասը տարի առաջ Փերինչեքը Զուիցերիայի Լոզան քաղաքում թուրքական մի հաւաքում ունեցած ելոյթում Հայոց ցեղասպանութիւնը որակել էր «միջազգային սուտ», որի պատճառով 2007թ. մարտին Վոյ Քանթոնի դատարանը նրան դատապարտել էր 90-օրեայ պայմանական ազատազրկման կամ դրան համարժէք տուժի, ինչպէս նաեւ` 3 հազար զուիցերիական ֆրանք տուգանքի:

Փերինչեքը դիմել էր դատարան` բողոքարկելով վճիռը: Վոյ Քանթոնի եւ Զուիցերիայի Դաշնակցային գերագոյն դատարանը մերժել էին բողոքը: Ապա Փերինչեքը դիմել էր Մարդու իրաւունքների եւրոպական դատարան, որը 2013թ. դեկտեմբերի 17-ին կայացրել էր վճիռ, ըստ որի` զուիցերիական դատարանը խախտել էր Փերինչեքի ազատ արտայայտուելու ազատութիւնը:

Զուիցերիայի կառավարութիւնը դիմեց Մարդու իրաւունքների եւրոպական դատարան` բողոքարկելու Փերինչեքի գործով որոշումը: 2014թ. յունիսի 3-ին դատարանի հինգ դատաւորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննութիւնը դատարանի Վերին պալատ ընդունելու մասին որոշում: Թուրքիան դատավարութիւնում ներգրաւուեց որպէս երրորդ կողմ: Ներգրաւուեց նաեւ Հայաստանը` դատավարութեան համար վարձելով աշխարհահռչակ երկու փաստաբանների:

2015թ. յունուարի 28-ին դատարանի Վերին պալատը սկսեց Փերինչեքի գործի քննութիւնը: 2013թ. դեկտեմբերին, երբ Փերինչեքը արդարացուեց, նա շարունակում էր թուրքական բանտում մնալ  «Էրկենեքոն»-ի գործով` Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան իշխանութիւնը տապալելու ամբաստանութեամբ: Թուրքական դատարանը նրան դատապարտել է 117 տարուայ ազատազրկման: Թուրքիայի կառավարութիւնը 2015թ. սկզբին Փերինչեքի վրայից հանեց երկիրը լքելու արգելքը` նրան հնարաւորութիւն տալով մասնակցելու եւրոպական դատարանի Վերին  պալատում դատալսումներին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here