«Մեր Տեսակը Չի Կորչի, Քանի Դեռ Սահմանին Ոչնչով Աչքի Չընկնող Տղերքը Հերոսանում Են»

0
176

ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԿԱՐԻՆ» ԱՒԱՆԴԱԿԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ԽՄԲԻ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍԵԱՆԻ ՀԵՏ

ԿԱՐԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Երկուշաբթի, 21 Դեկտեմբերին, «Նարեկացի» արուեստի միութիւնը կազմակերպել էր հանդիպում ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ, «Կարին» աւանդական երգի-պարի խմբի գեղարուեստական ղեկավար Գագիկ Գինոսեանի հետ: Հանդիպումը կրում էր «Մտորումներ ինքս ինձ հետ» խորագիրը:
Գինոսեանը խոստովանեց՝ դժ-ուար է, երբ բեմում միայնակ է՝ հերիք չէ, դեռ պէտք է ոչ թէ պարի, այլ խօսի: Յետոյ արդէն զրոյցն ինքնըստինքեան ստացուեց:
***
2000-2001 թուականն էր, երբ սկսեցի գրել: Ոչ ոք ինձ հետ չէր, ինչպէս այն ժամանակ, երբ սկսեցի պարել: Երբ սկսեցի պարել, ասում էին՝ ընտանիք-երեխայ ունես, ամօթ է՝ այդ տարիքում պարում ես: Իսկ երբ սկսեցի գրել, ասում էին՝ «թարգի», անգամ Սեւակ չեն կարդում: Ուղղակի չեմ կարող չգրել, քանի որ գալիս է մի ժամանակ, եւ ես լցւում եմ եւ դատարկուելու կարիք կայ: 2006ին լոյս տեսաւ իմ «Ողջո՜յն, Տղե՛րք» ժողովածուն:
***
Կարծում եմ՝ զոհուած տղերքը չեն գնացել, նրանք ուղղակի մեզնից վեր են՝ իրենց յաւերժական խրամատներում: Նրանք ընտրել են հոգեւոր սահմանագծում լինելու եւ մեզ անընդհատ սթափ պահելու առաքելութիւնը:
Տարիներ առաջ մեր ջոկատի տղաներով Գանձասար էինք գնացել՝ Էդիկ Բաղդասարեանի շիրիմին այցի: Հայրն ուզեց, որպէսզի ոտքով իջնենք ներքեւ, որ ճանապարհին եւս մէկ անգամ տեսնենք այն տարածքները, որոնց համար կռիւ էր տուել Էդիկը: Քայլելով, զրուցելով գնում էինք, իսկ ներքեւում արդէն սեղան էին գցել եւ մեզ էին սպասում: Երբ հասանք տեղ, տեսանք, թէ ինչպէս են զոհուած տղերքի մայրերը, սրահի դռան դիմաց կանգնած, լալիս: Հարցրի, թէ ինչո՛ւ են լալիս՝ դրսում կանգնած: Նրանցից մէկը պատասխանեց. «Մտէք ներս եւ կը հասկանաք»: Մտայ ներս. սրահում փողկապաւոր պաշտօնեաները յոտնկայս զոհուած տղաների կենացն էին խմում, իսկ նրանց մայրերը տեղ չունէին նստելու եւ դրսում կանգնած էին մնացել:
***
Զոհուած տղերքը հրամայում են չպառակտուել, չերկնչել, մանրադրամի չվերածուել: Այն, ինչ արել են Սովետական Միութիւնը, Օսմանեան Թուրքիան, հայի մէջ ազնուականութեան ոչնչացումն է, բայց վստամ եմ՝ քանի դեռ սահմանին ոչնչով աչքի չընկնող տղերքը հերոսանում են, մեր տեսակը չի կորչի: Երկիրը երկու եզր ունի՝ այն սկսւում է Եռաբլուրից եւ վերջանում իրական սահմանով, եւ քանի դեռ այդ սահմանն արժանապատուօրէն պահում ենք, մեզ ոչինչ չի լինի: Բայց մենք պէտք է արժանի լինենք մեր սահմանը պահող տղերքին, այնպէս անենք, որ զգան՝ թիկունքում մենք կանք:
***
Ո՞նց կարելի է պատերազմի մէջ գտնուող երկիրը լքել, դա նոյնն է, թէ խրամատը լքես կռուի ժամանակ: Մենք հիմա պատերազմի մէջ ենք, քանի որ եթէ տարեկան 100 տղայ է զոհւում, սա մենք խաղաղութիւն ենք կոչում…
***
Ամէն Ամանորին, Մարտի 8ին, այլ տօներին քանի-քանի ծաղիկներ են յայտնւում աղբամաններում: Իսկ եթէ այդ գումարները կարող են տղերքին օգնել: Միթէ՞ այդքան քաղքենի ենք դարձել… Երբ մենք, մեր տանը նստած, տաք-տաք Ամանոր ենք նշում, գիտակցո՞ւմ ենք արդեօք, որ սահմանին կանգնած մէկի ոտքերը սառչում են այդ պահին: Սահմանին կանգնած տղերքը պիտի հասկանան, որ հայրենիք են պաշտպանում, այլ ոչ թէ հոգեւոր անապատ:
***
Շատերն ասում են՝ կեցցէս, հերոս ես, որ կռիւ ես գնացել: Ես չեմ գտնում, որ հերոս եմ, սովորական հայ տղայ եմ, որն ուղղակի պարտաւոր էր գնալ ու կանգնել այնտեղ: Շատերի նման չեմ ասի, թէ անվախ էի, ոչնչից չէի վախենում: Չէ՛: Ամէն անգամ մեկնելուց առաջ մտածում էի, որ այս անգամ էլ չեմ վերադառնայ, քանի որ չի կարող բախտն այդքան ժպտալ մէկին: Պատերազմը կարող եմ րոպէ առ րոպէ յիշել, այդ տարիները տպաւորուել են իրենց ամէն մի ժամով, իսկ հիմա տարին անցնում-գնում է, ու մտածում եմ՝ ի՞նչ եմ արել տարուայ ընթացքում, ոչինչ՝ ճմրթած թղթեր, կենսագրութեան կորցրած մի տարի…
***
Երբեք աւելորդ ոչ մի բան չեմ անում: Երբեմն, մատնացոյց անելով փողկապաւոր մարդկանցից շատերին, ինձ հարցում են՝ սրա՞նց համար էք գնացել կռուել: Օ՜, ողորմելինե՛ր, ոչ մէկի համար էլ չեն կռւում: Կռւում ես քո պարտքը կատարելու համար, հայրենիքի համար, կռւում են սեփական ոգու ազնուութեան համար, կռւում են, որովհետեւ հայրենիքն ունի դրա կարիքը:
***
Սա տեսակի կռիւ է. իշխանութեան օգնութեամբ թէ առանց՝ մենք յաղթելու ենք: Մենք ուղղակի իրաւունք չունենք այս խաղաղութիւնը պարտուելու, իսկ տեսակ ունեցողներն իրաւունք չունեն պարտուելու նրանց, ովքեր անդէմ են:

«ԵՐԿԻՐ»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here