ՀՀ Նախագահ. Լրագրողական Ազատութիւնները Հայաստանի Մէջ Շատ Մօտ Են Ժամանակակից Յառաջադէմ Պահանջներուն

0
106

Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօներուն առթիւ նախագահ Սերժ Սարգսեան այսօր իր նստավայրին մէջ ընդունելութեան հրաւիրած է զանգուածային լրատուութեան միջոցներու ներկայացուցիչները: Երկրի ղեկավարի մամուլի գրասենեակի հաղորդմամբ,  Սերժ Սարգսեան գալիք տօներուն առիթով շնորհաւորած է ընդունելութեան մասնակցող լրագրողներն եւ ի դէմս անոնց` Հայաստանի բոլոր լրագրողներն ու լրատուամիջոցներու աշխատակիցները, անոնց ընտանիքները` մաղթելով առողջութիւն, երջանկութիւն եւ յաջողութիւններ բոլոր ձեռնարկներուն մէջ:

Նախագահ Սերժ Սարգսեանի շնորհաւորական խօսքը լրագրողներու Ամանորի ընդունելութեան ժամանակ.
«Յարգելի՛ լրագրողներ, լրատուամիջոցների ներկայացուցիչնե՛ր,

«Շնորհաւորում եմ ձեզ գալիք Նոր Տարուայ եւ Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ:

«Անցնող տարին բուռն ու ծանրաբեռնուած էր աշխատանքի առումով, եւ իւրայատուկ ու շրջադարձային` մեր երկրի ու մեր ժողովրդի պատմութեան տեսանկիւնից: Ձեր ամենօրեայ աշխատանքային գործունէութեամբ դուք տարեգրում էք այդ պատմութիւնը, հրապարակայնացնում էք երկրի անցուդարձը, վեր հանում խութերը, շատ յաճախ նաեւ դէպի առաջ տանող ճանապարհներ ցոյց տալիս: Իմ տպաւորութեամբ ձեր առաքելութիւնը դուք այս տարի կատարել էք բարձր արդիւնաւէտութեամբ, ինչի համար շնորհակալութիւն եմ յայտնում:

«Շնորհակալ եմ առաջին հերթին Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման ընթացքում ձեր ներդրած ջանքերի եւ կատարած մեծածաւալ աշխատանքի համար: Դուք եւ արտերկրի ձեր գործընկերները պրոֆէսիոնալ աշխատանքի շնորհիւ կարողացաք միջազգային հանրութեան համար առաւել տեսանելի դարձնել Հայաստանի եւ հայ ժողովրդի յանձնառութիւնը ցեղասպանութիւնների կանխարգելման, ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդների իրաւունքների վերականգնման եւ պատմական արդարութեան հաստատման գործում: Ցոյց տուեցիք մեր պայքարի համամարդկային բնոյթը: Միաժամանակ դուք նաեւ կարողացաք մեր հասարակութեանը եւ միջազգային հանրութեանը ներկայացնել առաջադէմ մարդկութեան, նաեւ թուրքական հասարակութեան առողջ հատուածի համերաշխութիւնը մեր ժողովրդի ցաւին ու իղձերին:

«Չեմ կարող շրջանցել մեր պետութեան զարգացման եւ ժողովրդավարութեան ամրապնդման ճանապարհին արձանագրած շրջադարձային առաջընթացի` Սահմանադրութեան փոփոխութիւնների թեման: Օգտուելով առիթից` իմ երախտագիտութիւնն եմ յայտնում ձեզ բարեփոխումների ողջ գործընթացում ցուցաբերած պրոֆէսիոնալ, բարեխիղճ ու ակտիւ աշխատանքի համար, որն արտայայտուեց կողմ եւ դէմ կարծիքների բազմութիւնը լայնօրէն ներկայացնելուց սկսած մինչեւ հանրաքուէի ընթացքում տեղամասերում տեղի ունեցած խախտումների արձանագրում եւ մատնանշում: Ոչ մի կասկած չունեմ, որ բարեփոխումների գործընթացն այսչափ ընդգրկուն չէր լինի, եթէ չլինէին ձեր մասնագիտական նուիրումն ու պատասխանատուութեան զգացումը:

«Յարգելի՛ լրագրողներ,

«Ձեզնից շատերը տարուայ ընթացքում իրենց առաքելութիւնն իրականացնելիս երբեմն բախուել են դժուարութիւնների եւ պատուով յաղթահարել դրանք: Մէկ առանձին դրուագում, անշուշտ, գործ ենք ունեցել նաեւ իրողութեան հետ, որը չի տեղաւորւում լրագրողական գործունէութեան ազատութեան այն պատկերացումների մէջ, որոնց վերաբերեալ մեր հասարակութիւնում եւ իշխանութիւնում վաղուց արդէն կայ կատարեալ կոնսենսուս: Գոհացուցիչ է, որ տուեալ դէպքում արձագանքն էլ համահունչ էր բոլորի կողմից: Իսկ ընդհանուր առմամբ, այսօր մենք հաստատապէս կարող ենք արձանագրել, որ լրագրողական ազատութիւնները Հայաստանում շատ մօտ են ժամանակակից առաջադէմ պահանջներին, եւ սա համատեղ հետեւողական աշխատանքի արդիւնք է եւ մեծ ձեռքբերում: Մենք, ի հարկէ, կարող ենք տարբերուող կարծիքներ ունենալ այսօրուայ մեր լրագրութեան բովանդակութեան, խորութեան, անաչառութեան մասին, կարող ենք համաձայնութեան գալ կամ չգալ կ’արելիի եւ անթոյլատրելիի սահմանների մասին, կարող ենք մերժել որեւէ սահմանի գոյութիւնն ընդհանրապէս: Կան, չէ՞, նաեւ մարդիկ, որ այսպէս են կարծում, բայց սա արդէն քննարկման այլ թեմա է: Մի բանում սակայն համակարծիք չլինել չենք կարող. ազատ մամուլը արժէք է, եւ մենք այդ հարցում ճիշտ ճանապարհի վրայ ենք:

«Սիրելի՛ լրագրողներ,

«Մենք մտնում ենք 2016 թուական մեծ յոյսերով եւ ծրագրերով: Միաժամանակ բոլորս էլ գիտակցում ենք, որ մեր խնդիրները տակաւին լուծուած չեն, եւ դեռ շատ անելիքներ ունենք, որպէսզի մեր երկիրը դարձնենք այնպիսին, ինչպիսին երազում ենք: Մեր փորձը յուշում է, որ դրան կարելի է հասնել միայն համատեղ աշխատանքով, որից անմասն չպէտք է մնան լրագրողական համայնքն ու լրատուամիջոցները:

«Եւս մէկ անգամ շնորհաւորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առթիւ: Մաղթում եմ, որ գալիք տարում եւս ձեր գործունէութիւնն իրականացնէք մասնագիտական պարտքի բարձր զգացումով, լինէք սկզբունքային եւ հետեւողական: Ձեզ եւ ձեր ընտանիքներին մաղթում եմ երջանկութիւն, իսկ ձեր ձեռնարկներին` յաջողութիւններ:

«Շնորհաւոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here