1ԵՐԵՒԱՆ.- Հայաստանի արտաքին գորոց նախարարութիւնը տարածեց յայտարարութիւն մը Արցախի, Ատրպէյճանի եւ Հայաստանի միջեւ կնքուած հրադադարի մասին համաձայնագիրի 25-ամեակին առիթով: Սոյն յայտարարութեան մէջ կը նշուի հետեւեալը.
«12 Մայիսի 2019-ին լրանում է Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադարարի ռեժիմի հաստատման 25-ամեակը: 6 Մայիս 1994-ին Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանների ղեկավարների միջեւ ստորագրուած Բիշքեկեան արձանագրութիւնը ճանապարհ հարթեց ռազմական գործողութիւնների դադարեցման եւ դրան յաջորդած 1994 եւ 1995թթ. հրադադարի եռակողմ համաձայնագրերի կնքման համար:
Հրադադարի հաստատման 25-ամեակի կապակցութեամբ մեր խորը գնահատանքն ու երախտագիտութիւնն ենք վերահաստատում միջնորդների, յատկապէս Ռուսաստանի Դաշնութեան ջանքերի համար, որը կարեւորագոյն դեր ունեցաւ այս համաձայնագրերի կնքման գործում: Յետագայում այդ համաձայնագրերը եւ դրանց նշանակութիւնը գնահատուեցին եւ հաւանութեան արժանացան միջազգային հանրութեան կողմից, մասնաւորապէս 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտեան գագաթաժողովում:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցուցադրել է իր անսասան կարողութիւնը պաշտպանելու եւ հակազդելու Ադրբեջանի կողմից աւերիչ ագրեսիային ու 1990-ականների սկզբի էթնիկ զտումներին ու ոչնչացման սպառնալիքին, ստեղծելու ժողովրդավարական հասարակութեան ամուր հիմքեր եւ ազատօրէն որոշելու իր քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը՝ ուղղուած ինքնորոշման իրաւունքի լիարժէքօրէն իրացմանը: Հայաստանը եղել եւ մնում է Արցախի եւ նրա ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը:
Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների եւ մասնաւորապէս 2016թ. Ապրիլին Արցախի դէմ ագրեսիայի լոյսի ներքոյ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը շարունակում են վաւեր մնալ՝ ամուր հիմք հանդիսանալով ընդդէմ ուժի կիրառման եւ ռազմական գործողութիւնների վերսկսման, որը աղէտալի հետեւանքներ է ունենալու տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 16 Մայիսի 2016-ի համատեղ յայտարարութեան մէջ վերահաստատեցին իրենց աջակցութիւնը 1994-1995թթ. հրադադարի մասին համաձայնագրերին եւ պնդեցին դրանք յարգելու կարեւորութեան վրայ:
Հայաստանը շարունակում է հաւատարիմ լինել 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերի տառին եւ ոգուն: Աւելին, այս համաձայնագրերը շարունակում են ծառայել որպէս հիմնասիւն՝ ուժի կիրառումը մերժելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ միջազգայնօրէն ճանաչուած միջնորդութեան ներքոյ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցութիւններում իրական առաջխաղացում ապահովելու համար:
Հրադադարի ռեժիմը յարգելու մասին 2018թ. Սեպտեմբերին Դուշանբէում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները մատնանշում են քաղաքական կամքի կարեւորութիւնը զինադադարը պահպանելու եւ էսկալացիայի ռիսկը (մագլցումներու վտանգը-Խմբ.) նուազեցնելու գործում: Վերջին ժամանակաշրջանում արձանագրուել են հրադադարի ռեժիմի խախտման դէպքերը, որոնց արդիւնքում ծանր վիրաւորուել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի երկու եւ Հայաստանի Հանրապետութեան Զինուած ուժերի մէկ զինծառայող համապատասխանաբար շփման գծում եւ սահմանին: Այս ցաւալի միջադէպերն ընդգծում են հրադադարի ռեժիմին եւ դրա ամրապնդմանը հաւատարիմ մնալու կարեւորութիւնը: Յատուկ միջոցները, մասնաւորապէս 2016 թուականին Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները, պէտք է կեանքի կոչուեն:
Հրադադարի ռեժիմի հաստատման 25-ամեակը վկայում է 1994-95թթ. համաձայնագրերի եռակողմ ձեւաչափի իսկութեան եւ կենսունակութեան, ինչպէս նաեւ հակամարտութեան տեւական հանգուցալուծման նպատակով Լեռնային Ղարաբաղի լիարժէք ներգրաւուածութեան անհրաժեշտութեան մասին:
Այս տարեդարձը նաեւ խրախուսում է բոլոր կողմերին վերահաստատել իրենց յանձնառութիւնը հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքոյ: Հայաստանը շարունակում է լիովին հաւատարիմ մնալ տեւական խաղաղութեանը, ինչը բազմիցս վերահաստատուել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից, այդ թւում նաեւ 29 Մարտ 2019-ին Վիեննայում կայացած վերջին գագաթաժողովում»: