Մի ժամանակ Իզմիթում (Նիկոմեդիա) հայեր կային

0
203

ՖԵՐՏԱ ՊԱԼԱՆՃԱՐ

«Հրանդ Տինք» հիմնադրամի` 2011 թ. սկսած գործող բանաւոր պատմութիւն նախագիծը ընթերցողների դատին ներկայացրեց «Լռութեան ձայնը» շարքի չորրորդ` «Խօսում են իզմիթցի հայերը» խորագրով գիրքը: Ներկայացնում ենք գրքում տեղ գտած հարցազրոյցներից որոշ հատուածներ:

Գիրքը ներկայացնում է այն անձանց հետ հարցազրոյցները, որոնց ընտանիքի արմատները հասնում են 1915 թ. Օսմանեան կայսրութեան կազմում գտնուած Իզմիթի (Նիգոմեդիա) սանճաքի (գաւառ) Իզմիթ, Պահչեճիկ (Պարտիզակ-«Ակունք»-ի խմբ.), Ատափազարը, Քարամիւրսել, Կէյսվէ բնակավայրեր: Գրքում, որտեղ տեղ է գտել «Հրանդ Տինք» հիմնադրամի բանաւոր պատմութիւն նախագծի համակարգողներից Ֆերտա Պալանճարի վարած ինը հարցազրոյցը, նաեւ ներառուած են պատմաբան Ռ. Գէորգեանի «Հայոց ցեղասպանութիւնը» գրքի «Իզմիթի սանճաքում կատարուած տեղահանութիւնը» բաժինը, ինչպէս նաեւ` Արաս Էրկիւնեշի գրած վերջաբանը: Էրկիւնեշն, ով Քոճաելի համալսարանի փիլիսոփայութեան ամպիոնի դասախօս է, 2011 թ. ի վեր Կիւլպին Քըրանօղլուի եւ Էրման Օհանօղուլլարըի հետ համակարգում է մի նախագիծ, որի շրջանակներում փորձում են վերականգնել Պարտիզակի (Պահչեճիկ) մշակութային յիշողութիւնը:

Բացի այդ, գրքում կայ երգի բառերի եւ շուտասելուկների ընտրանի: Երաժշտագէտ, բանահաւաք, երգչախմբի ղեկավար եւ գրող Միհրան Թումաճանի «Հայրենի երգ ու բան» աշխատութեան առաջին հատորից վերցուած երգի բառերն ու շուտասելուկները պատկանում են Իզմիթի եւ շրջակայքի հայերին:

Բանաւոր պատմութեան նախագծի շրջանակներում իրակացուել են 30 հարցազրոյցներ, որոնք վերցուել են 2015 թ. յունուարից մինչեւ օգոստոս ընկած ժամանակահատուածում: Հարցազրոյց տուած անձանցից մէկը բնակւում է Միացեալ Նահանգներում, 2-ը` Քանատայում, եւս 2-ը` Գերմանիայում, իսկ 19-ը` Թուրքիայում: Գրքում տեղ գտած ինը հարցազրոյցից 5-ը կատարուել է տղամարդկանց հետ, 4-ը` կանանց, որոնցից 6 հոգին բնակւում են Թուրքիայում, 2-ը` Հայաստանում եւ 2-ը` Քանատայում: Հարցազրոյց տուած անձանցից 5 հոգու ընտանիքները ծագումով Պարտիզակից են, իսկ միւս 4 հոգունը` Քարամիւրսելից, Արմաշից, Ատափազարըից եւ Իզմիթից:

Նախ Զէնք Բռնելու Ունակ Տղամարդիկ…

Ծնուել եմ 1943 թ., Պոլսում: Մայրս Քարամիւրսել գաւառի կազմում գտնուող Մերտեկէօզ գիւղից է, սակայն ես երբեք այնտեղ չեմ բնակուել: «Մերտեկէօզ» անունը ծագում է Մարտինկէօզ բառից: Գիւղի բնակիչները` հայերը, այստեղ եկել են ԺԸ. կամ ԺԹ. դարերում` Մարտինից: Այդ իսկ պատճառով նախ գիւղը կոչուել է Մարտինկէօզ, այնուհետեւ Մերտեկէօզ: Այժմ կոչւում է Աւճըլար: Գիւղն, ինչպէս որ եղել է, այնպէս էլ մնում է: Լոկ հայկական դպրոցն են քանդել ու տեղում մզկիթ կառուցել: Իսկ եկեղեցի չկայ: Օրինակ` մայրիկենցս տունը գիւղի հէնց սկզբում է, ոնց որ եղել, այնպէս էլ մնում է: Գիւղի սկզբում ուրիշ տներ էլ կան, որոնք սուաղ (ծեփ) չունեն: Մի գիշերուան մէջ մարդիկ այդպէս թողել-գնացել են: Հետագայում այս տներում գաղթականներին (Պալքաններից Օսմանեան կայսրութիւն գաղթած մուսուլմաններ- «Ակունք»-ի խմբ.) են բնակեցրել: Պատմում են, որ ստորին յարկերում գաղթականներին, վերին յարկերում էլ անասուններին են տեղաւորել:

Մարտեկէօզը մինչեւ 1915 թ. հայկական է եղել: Մայրս իրենց գիւղը շատ էր սիրում: Այդ պատճառով մինչեւ մահկանացուն կնքելը` 1982 թ., շուտ-շուտ էինք այցելում այն: Այդ տարիներին հայերէն իմացող միայն մի հոգի էր մնացել: Նրա երեխաները նախ տեղափոխուել էին Քարամիւրսել, այնուհետեւ` Պոլիս: Այդ կինը մեզ հետ հայերէն էր խօսում: Նա էլ, մայրս էլ ասում էին, որ գիւղում շերամի որդեր էին բուծում: Գիւղի ողջ բնակիչները դրանով էին հարստացել: Շատ գեղեցիկ գիւղ է եղել` կանաչ, անտառի միջին… Թթենիներ, խաղողի այգիներ, ձիթենիներ են եղել: Տատիկս Տէր Զօրից վերադառնալուց յետոյ 9 թիթեղ ձիթենու իւղ է սարքել: Հարսանիքները 7 օր, 7 գիշեր են տեւել: Գիւղում մինչ 1915 թ. եկեղեցի եւ կից դպրոց է եղել: Գիւղի ուսուցիչը Պարտիզակից է եղել: Պապիկս` Աւետիսը, հիւանդներին բուժիչ խոտերով է բուժել: Սա հօրից որդի փոխանցուած աւանդոյթ է եղել: Պապիկս այնքան յայտնի է եղել, որ հիւանդներին բժշկելու համար անգամ Քարամիւրսելից, Պոլսից են եկել ու տարել:

Ողջ գիւղին մի գիշերուայ ընթացքում աքսորել են: Նախ զէնք գործածելու ունակ 50 տղամարդու բանակ են զօրակոչել: Յետոյ կանաց, երեխաներին եւ ծերերին ստիպել են բռնել աքսորի ճամբան: Տեղահանութեան (Ցեղասպանութեան- «Ակունք»-ի խմբ.) ժամանակ պապիկիս եկել ու ասել են` «Վերցրո՛ւ ընտանիքդ. ձեզ Պոլիս փախցնենք», սակայն պապիկս, «Որտեղ բոլորը` այնտեղ էլ ես» պատասխանելով, մերժել է այդ առաջարկը: Ընտանիքին վերցնելով` բոլոր գիւղացիների հետ բռնել է Տէր Զօրի ճամբան: Նրանց մէջ էին պապիկս, տատիկս, մայրս եւ մօրս փոքր եղբայրը` Դաւիթը… Հասել են Տէր Զօր: Պատերազմի աւարտից յետոյ ողջ մնացածները վերադարձել են գիւղ: Սակայն այս անգամ էլ Պոլիս են փախել, երբ Ազգային (քեմալական-ակունքի խմբ.) զօրքերն են եկել»:

Ինչո՞ւ Էք Այգում Ծխախոտ Մշակող Պապիկիս Տնից-Տեղից Կտրում

«Կինս եոզղաթցի է: Կրակների միջից են փախել: Եոզղաթից կամ էլ Անատոլիայից եկածների ու պարտիզակցիների միջեւ միշտ մի տարբերութիւն եմ նկատել: Միգուցէ Պոլսին մօտ լինելու պատճառով պարտիզակցիներն ինձ աւելի կիրթ ու միմեանց նեցուկ կանգնող են թւում: Բնականաբար, սա բնորոշ է նաեւ եոզղաթցիներին:

Թէ՛ մօրս կողմից եւ թէ՛ հօրս կողմից անցեալի վերաբերեալ շատ բան չեմ լսել: Երբ գրքերից էլ կարդում եմ, շատ եմ տխրում եւ նեարդայնանում: «Ակօս»-ի բաժանորդ եմ, սակայն չեմ կարողանում կարդալ, որովհետեւ այն, ինչ վերապրել են հայերն, ինձ շատ է հունից հանում: Օրինակ` միայն պարտիզակցիների նկատմամբ չէ, ընդհանրապէս այս երկրում հայերի նկատմամբ շատ անարդարութիւններ են արուել: Ասում են, թէ «Արեւելքում հայերն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսներին օգնել են»: Եղբա՛յր, լաւ, ենթադրենք, թէ այդպէս է… Իզմիթցի, պուրսացի երեխան ի՞նչ մեղք ունի: Պարտիզակում իր այգում ծխախոտ մշակող պապիկիս ինչո՞ւ էք տնից-տեղից կտրում»:

 

Ընտանիքիս Պատմութիւնը 50 Տարեկանում Իմացայ

Իմացայ «Հայրիկենքս երկու եղբայր են եղել: Հօրս մայրը նախքան 1915 թ. ամուսնացած է եղել: Աղջիկ է ունեցել այդ ամուսնութիւնից: Աղջկան անունը Մարի են դրել: 1915 թ. 1-2 տարի առաջ քրոջ հետ աղքատութեան պատճառով Պարտիզակից Պոլիս աշխատելու են գնում: Երկուսն անմիջապէս որպէս հաւաքարար Ճափոնի հիւպատոսարանում աշխատանքի են անցնում: Տատիկիս ամուսինն ու Մարին մնում են Պարտիզակում: Երբ 1915 թ. տեղահանութեան մասին որոշումը հրապարակւում է, նրանք եւս, միւս պարտիզակցիների հետ միասին, աքսորւում են: Կարծում եմ, որ այդ տարիներին Մարին 7-8 տարեկան է եղել: Այդ ժամանակ Պոլսում գտնուող տատիկս ու իր քոյրը, տեղահանութեան մասին լսելով, անհանգստանում են: Գնում են Գում Գափուում գտնուող պատրիարքարան, որտեղ նրանց ասում են` «Յանկարծ չգնաք: Եթէ գնաք` դուք էլ կը կորէք: Պոլսից համայնք չի մնայ: Իսկ եթէ համայնք չլինի, չենք կարող պատրիարքարանը կանգուն պահել»: Ահա այսպէս երկու քոյրերը Պոլսից չեն հեռանում: Այլեւս տատիկիս ամուսնուց եւ աղջկանից` Մարիից ոչ մի լուր չի լինում:

Տատիկս ու իր քոյրը շարունակում են Պոլսում աշխատել: Մի քանի տարի անց Պոլսի պարտիզակցնիները տատիկիս ասում են. «Ո՛չ ամուսնուցդ, ո՛չ էլ աղջկանիցդ լուր չկայ, ե՛կ քեզ պարտիզակցի կողովագործ Օննիկի հետ ամուսնացնենք»: Պապիկս` Օննիկը, այդ ժամանակ Ֆաթիհի Քիւչիւքպազարում կողովներ էր պատրաստում: Տատիկս ամուսնանում է նրա հետ: Առաջնեկն աղջիկ է ծնւում, նրան էլ` այսինքն ինձ մեծացրած հօրաքրոջն էլ են Մարի անուանում: Այնուհետեւ ծնւում է հայրս եւ փոքր հօրաքոյրս: Ես 50 տարեկանում եմ իմացել, որ տատիկս այլ ամուսին եւ Մարի անունով աղջիկ է ունեցել, որովհետեւ այդ բաների մասին ընդհանրապէս չէին խօսում»:

Երբ Պապս Ասաց, Թէ` «Թուրքերի Մէջ Էլ Լաւ Մարդիկ Կան», Հակազդեցինք Նրան

«Մայրական կողմից տատիկս ասում էր, որ թէեւ Արմաշի բնակչութեան մեծ մասը հայեր են եղել, թէկուզ փոքրաթիւ, սակայն թուրքեր էլ են բնակուել: Հայերն ու թուրքերը իրար հետ խաղաղ են ապրել: Լուրջ խնդիրներ չեն եղել: Չեմ լսել, որ պապիկս կամ տատիկս թուրքերից բողոքէին:

Պապիկիս հայրն Ա. Համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական բանակում ծառայելիս հիւանդացել է: Պապս այդ մասին լսելուն պէս հօրը տեսնելու համար ճանապարհ է ընկել: Այդ ժամանակ դեռեւս 14 տարեկան է եղել: Երբ հասել է, ասել են, որ հայրը հիւանդութեան պատճառով մահացել է: Պապս հաւատացել է, որովհետեւ չէր մտածում, որ հիւանդութիւնից բացի այլ պատճառ էլ է եղել:

Հօր մահն իմանալուց յետոյ պապս ճանապարհ է ընկել, սակայն քանի որ ձմրան ամենացուրտ օրերն են եղել, հիւանդացել է: Նրան մի թուրք ընտանիք է բուժել: Երբ թուրքերի մասին զրոյց էր բացւում, պապս ասում էր. «Թուրքերն այդքան էլ վատ մարդիկ չեն, որքան կարծում են, նրանց մէջ էլ լաւ մարդիկ կան: Բոլորին մի արշինով մի՛ չափէք»: Միշտ նրան հակազդում էինք` ասելով. «Թուրքերը մէկ միլիոն մարդ են սպաննել, ո՞նց կարող ես նրանց մասին լաւ բան ասել»:

Տատիկս ասում էր` «Իզմիթն իմ աշխարհն է»

«Հօրս հայրը ծնուել է 1847 թ. Իզմիթում, մահացել` 1930 թ. Պոլսում: Իսկ հօրս մայրը 1887 թ. ծնուել է Իզմիթում, մահացել` 1964 թ. Պոլսում: Շատ վաղ անցեալում նրանց ընտանիքն ընդունել է բողոքականութիւն: Հայրս մշտապէս ասում է, որ բողոքականութիւնը շատ ազատական գաղափարներ ունի:

Հայրիկենքս 3 տղայ են: Հօրեղբայրս ծնուել է 1906 թ., հայրս` 1907 թ., փոքր հօրեղբայրս` 1916 թ.: 1915 թ. պապիկիս, տատիկիս, հօրեղբօրս ու հօրս գնացք են նստեցնում եւ ուղարկում Գոնիա: Ճանապարհին մի նոր հրաման է գալիս, համաձայն որի` բողոքական եւ կաթողիկէ հայերին հրամայւում է վերադարձնել իրենց տները, իսկ առաքելական հայերին` շարունակել ճանապարհը: Ընտանիքս ասում էր, որ այս հրամանը արձակել են ամերիկացիների ճնշումների արդիւնքում: Քանի որ հօրս ընտանիքը բողոքական էր, վերադառնում եւ կրկին Իզմիթում է բնակւում: Հետագայում նրանք տեղափոխւում են Պոլիս` Պեշիկթաշ: Իսկ փոքր հօրեղբայրս էլ տեղահանութիւնից յետոյ է ծնւում:

Հայրս տեղահանութեան մասին ոչինչ չէր պատմում: Տատիկս էր պատմում, սակայն երբ նա մահացաւ, ես 20 տարեկան էի: Երանի թէ շատ բան հարցրած լինէի: Եթէ պնդէի, միգուցէ եւ աւելի շատ բան պատմէր: Տատիկս ասում էր` «Իզմիթն իմ աշխարհն է»: Իզմիթի կենտրոնում են ապրելիս եղել: Ըստ իր պատմածների` այդ ժամանակ քաղաքի կենտրոնով գնացք էր անցնում: Նաեւ ասում էր, թէ «իզմիթցի հայերի աչքերը միշտ կապոյտ են լինում»: Հօրս աչքերն էլ էին կապոյտ: Տատիկս մահացաւ, երբ ես բանակում էի ծառայում: Իսկ պապիկս 1930 թ. է մահացել, հետեւաբար նրան ճանաչելու հնարաւորութիւն ընդհանրապէս չեմ ունեցել»:

Հայրս Ասում Էր` «Աղջիկս, Պարտիզակը Տեսած Աչքերդ Համբուրեմ»

«Քանի որ հայրս Պարտիզակից շատ փոքր տարիքում էր հեռացել, այդ վայրերի մասին շատ չէր պատմում, սակայն շատ էր կարօտում: Նրա յիշողութիւններում Պարտիզակն այդ ժամանակ շատ հանգիստ էր: Այնտեղի ճաշերը գովելուց չէր կշտանում: Պատմում էր իր մօր եւ տատիկի պատրաստած կերակուրների մասին, սակայն անունները չեմ կարողանում յիշել: Հօրս ընտանիքը հողագործութեամբ է զբաղուելիս եղել: Պարտիզակում այգիներ են ունեցել, որոնց թուրքերէն թափուները (կալուածագրերը, «Ակունք»-ի խմբ.) դեռեւս պահպանուել են: Պապիկս ու տատիկս շատ էին պատմում Պարտիզակի մասին: Պապիկս յաճախ երգում էր` «Պարտիզակ գնանք, դաշտերում զբօսնենք» երգը եւ ուզում, որ մենք էլ երգէինք այն: Անընդհատ ասում էր` «Եթէ հիմա Պարտիզակում լինէինք, այսպէս կ՛անէինք»: Յիշում եմ նրա այս խօսքերը. «Թուրքերը մեզ շատ ճնշեցին: Հայերը նրանց համար ինչե՜ր արեցին, սակայն պատասխանը դա եղաւ»: Նաեւ ասում էր. «Այլեւս Պարտիզակում ապրել անհնար էր, դրա համար փախանք, եկանք Յունաստան»:

Պարտիզակում զբօսնելիս մի մեծ, հին եւ սուրբ համարուող աղբիւր տեսանք: Երբ տուն վերադարձանք, հայրս հարցրեց, թէ ինչեր ենք տեսել: Պատասխանեցի` «Հայրի՛կ, սուրբ համարուող մի աղբիւր տեսայ, ջուրը բարակ հոսում էր»: «Վա՜յ, մեր ժամանակ լաւ էլ վարար էր հոսում», ձեռքով ցոյց տալով` պատասխանեց: Նաեւ մի հաստաբուն ծառ կար: Նրա շուաքում նստեցինք, ճաշեցինք, աղբիւրի ջրից էլ խմեցինք: Մեր տների տեղում թեթեւ քամի էր փչում. քանդուել, աւերուել էին: Զբօսնելիս թախիծը կոկորդս խեղդեց, մի փոքր լացեցի: Իզմիթում ծովի ափին էինք ապրում, այնտեղ էլ լաւ կերանք-խմեցինք, շատ լաւ ժամանակ անցկացրեցինք: Վերադառնալուն պէս հօրս պատմեցի. շատ յուզուեց: Լալով ասաց. «Պարտիզակը տեսած աչքերդ համբուրեմ, աղջի՛կս»: Ցաւօք, հայրս մահացաւ` այդպէս էլ Պարտիզակը չտեսած»:

Արմաշն Իմ Տունը, Այգին Ու Կենսակերպն Է

Թէ հայերի ներդրումն այս երկրում որքան կարեւոր է եղել, անձամբ Արմաշում ապրելով եմ տեսել: Արմաշում տուն ունեմ, շաբաթուայ 2-3 օրն այնտեղ եմ ապրում, սակայն այնտեղացի չեմ: Մինչ այնտեղ տուն շինելը նման վայրի գոյութեան մասին չգիտէի: Ինքս ինձ համար բնութեան գրկում մի վայր էի փնտռում: Յետոյ մի ընկերոջս խորհրդով այս վայրը գտայ: Այս վայրը լերան ծայրին էր. այնտեղ թռչունն անգամ չէր թռչում: Ո՛չ ելեկտրականութիւն, ո՛չ էլ ջուր կար: Բոլորը ես եմ քաշել: Սկսեցինք շինարարութիւնը: Հիմքի համար փոս փորելուց երկու գանկ էին գտել: Որպէսզի չցնցուեմ` այն ժամանակ թաքցրել էին ինձանից: Կրկին շինարարութեան ժամանակ տեսայ, որ գիւղապետի դրան առջեւ հայերէն տառերով գրութիւն կայ: Հարցրեցի գիւղացիներին, որոնք պատասխանեցին` «Սա հայկական գիւղ է եղել»: Գիւղն այժմ Աքմեշէ է կոչւում: Հայրս մի ընկեր ունէր, ով այս թեմայի մասին տեղեկացուած էր, նրան հարցրեցի: Ինձ վրայ շատ բարկացաւ` «Ինչպէ՞ս չգիտես` դա Արմաշն է»: Բնականաբար, դրանից յետոյ սկսեցի ուսումնասիրութիւններ կատարել: Դու մի ասա, շատ կարեւոր մի վայր է եղել: Ահա այսպէս, պատահաբար ես էլ դարձայ արմաշցի:

Արմաշը բացայայտելուց յետոյ շատ հետաքրքրուեցի: Նախկինում վանք է եղել այնտեղ, որում բազմաթիւ հոգեւորականներ են սովորել: Սա շատ մեծ վանք է եղել, որը նաեւ իր տպարանն է ունեցել: Արմաշը յատուկ օր ունի: Այդ սուրբ օրը Անատոլիայից բոլոր հայերն այստեղ են գալիս եղել: Կարդացել եմ, որ նախքան 1915 թ. Արմաշի եւ շրջակայքի բնակչութիւնը մօտ 10 հազարի է հասել: Սա այն ժամանակների համար շատ մեծ թիւ է: Սկսեցի ուսումնասիրել, թէ այնտեղ ովքեր են բնակուել: Շատ մարդկանց չհանդիպեցի: Իզմիթից կամ էլ այսօր Պահչեճիք կոչուող Պարտիզակից շատ մարդկանց հանդիպեցի, սակայն արմաշցի ոչ մէկին չկարողացայ գտնել: Գիտեմ, որ միայն Շարլ Ազնաւուրի մայրն է արմաշցի: Իզմիթում «Հայկական թաղամաս» անունով յայտնի վայր է եղել, սրա մասին քաղաքապետարանի մշակութային բաժնից իմացայ: Շրջակայքում այլ հայկական գիւղեր էլ են եղել: Երբ յայտնաբերեցի այս վայրը, տեսայ, թէ ի՜նչ հիասքանչ քաղաքակրթութիւն է եղել այստեղ:

այժմ Արմաշում մի ջրաղաց է մնացել, զբաղւում եմ դրա վերանորոգմամբ: Ինչ էլ որ լինի` վերանորոգելու եմ: Երբ նայում եմ հին նկարներին, տներին, այդ լուսանկարներում տեսնում եմ այն օրերի եւ այսօրուայ տարբերութիւնը եւ հասկանում, թէ Թուրքիան ինչեր է կորցրել: Մի ողջ քաղաքակրթութիւն է ոչնչացել: Այժմ նարդոս եմ այնտեղ աճեցնում: Այգի ունեմ: Նաեւ շրջանի վերաբերեալ գրքերի հաւաքածու եմ պատրաստում:

Պոլսից Արմաշի տունս գնալիս ճանապարհին սիրտս սկսում է բաբախել: Սիրելիի հետ հանդիպելու զգացումի պէս մի բան եմ զգում: Արմաշն իմ գիւղը չէ: Այն իմ տունը, այգին ու կենսակերպն է… Անգամ եթէ անունն Արմաշ չլինէր, մէկ է` այդպէս էի զգալու: Ի՜նչ գեղեցիկ զուգադիպութիւն է, որ Արմաշ եղաւ, հետն էլ նման հարուստ մշակոյթի մասին ինձ սովորեցրեց:

Ֆայտոնճի Պարոն Արթինը

«Հօրս մայրը ծնուել է 1900 թ., Պարտիզակում: 15 տարեկանում տեղահանութեան է ենթարկուել: Հօրս հօր կողմից ոչ ոք ողջ չի մնացել: Տատիկս ու պապիկս տեղահանութեան ժամանակ հասել են մինչեւ Գոնիա, այնուհետեւ` կրկին վերադարձել Պարտիզակ: Տատիկիս յիշողութիւնը լաւ էր: Ասում էր` «Գոնիայի վալի (կառավարիչ) Ճեմալ պէյը մեր քարաւանը չթողեց, որ աւելի առաջ գնայ»: Հայրս չծնուած, ենթադրում եմ 1919 կամ 1920 թ. տատիկիս եղբայրները Թեքիրտաղից մի նաւ են նստել եւ գնացել Ամերիկա: Տատիկենքս չեն կարողացել հասնել այդ նաւին: Գոնիայից Պարտիզակ վերադառնալուց յետոյ շատ լաւ չգիտեմ, թէ 1915-1921 թթ. ինչ է կատարուել, տատիկս ու պապիկս ինչեր են ապրել: Չգիտեմ նաեւ, թէ Թեքիրտաղի նաւին Պոլսի՞ց են փորձել հասնել, թէ՞ Պարտիզակից: Միակ բանը որ գիտեմ, այն է, որ հայրս ծնուել է 1921 թ., Թեքիրտաղում: Այսինքն` տատիկս ու պապիկս 1921 թ. Թեքիրտաղում են եղել: Իսկ 1922թ. 1 տարեկան հօրս հետ տեղափոխուել են Պոլիս: Երբ գալիս են Պոլիս տատիկս սկսում է հազալ, բժշկի է գնում: Վերջինս ասում է, որ պէտք է Հէյպելի կղզում գտնուող թոքաբուժութեան հանգստարանում պառկի: Տատիկս հանգստարան է գնում, պապիկս էլ Պէօյիուք կղզում սկսում է ֆայտոն վարել: Պէօյիուք կղզում նրա մականունը ֆայտոնճի պարոն Արթին էր: Տատիկս մահացել է 99 տարեկանում, պապիկս` 90: Երբ պնդում էինք, սկսում էր պատմել գլխովն անցածը, այնուհետեւ մի դող էր անցնում մարմնով, եւ անմիջապէս դարդարեցնում էր պատմութիւնը: Յիշում եմ` երբ տատիկիս տարանք Պարտիզակ, որտեղ ծնուել-մեծացել էր, գտանք իր մանկութեան ընկերներից մէկին: Այդ մարդու հետ նստեց, խօսեց: Տատիկս իր ապրածների մասին ընդհանրապէս չէր խօսում, դա շատ վատ լռութիւն էր: Երբ պնդում էինք, դժուարութեամբ որոշ բանէր էր պատմում, սակայն, այնուհետեւ, «Թողէ՛ք դա» ասելով` լռում էր:

Հատուած Արաս Էրկիւնեշի Վերջաբանից… Ճեղքեր Բացել Լռութեան Պատերին

 

Արդէն բոլորս շատ լաւ գիտենք, որ 2005 թ. «Հայերն Օսմանեան կայսրութեան վերջին շրջանում» գիտաժողովի ժամանակ Հրանդ Տինքն իր «Հայկական ինքնութեան վերաբերեալ նոր դատողութիւններ» զեկոյցի շրջանակներում պատմել է «Ջուրը գտաւ իր հունը» պատմութիւնը: Այս պատմութիւնը Ֆրանսայում բնակուող մի կնոջ մասին է, ով հայրենիք` Սվազ, կատարած այցի ժամանակ մահանում է, այնուհետեւ սկսում է երկխօսութիւնը, թէ որտեղ է յարմար նրան թաղել: Ըստ էութեան, Հրանդ Տինքն այս պատմութիւնը գրել էր Սլէյման Տեմիրելի` «Հայերին անգամ երեք գետաքար չենք տայ» խօսքի կապակցութեամբ: Պատմութեան մէջ գիւղի տարեցներից մէկի` Հրանդ Տինքին ուղղուած խօսքը` «Ջուրը գտաւ իր հունը», օգտագործուել է, որպէսզի բացատրուի, որ հայերի` այս հողերի հետ ունեցած կապը ոչ թէ զաւթիչ մտայնութեան, այլ գոյութեան պնդման հետեւանքն է: Հրանդ Տինքը սրանով ճեղք բացեց այն արտայայտութիւններում, որոնք պետական գերիշխող պատմական թեզն անընդհատ շրջանառութեան մէջ էր դնում եւ ժամանակ առ ժամանակ օգտագործում արհեստականօրէն ստեղծուած իրավիճակներում: Ջուրն իր հունի մէջ դնելով` նպատակ ունէր այդ ճեղքը բոլորին նկատելի դարձնել: Բացի այդ, նոյն զեկոյցի շրջանակներում հայերին եւս նոյն խորհուրդն էր տալիս` «Մի՛ սպասէք, որ թուրքը ձեզ կը հասկանայ, դուրս եկէք այդ հոգեվիճակից. այն լաւը չէ»: Ինչպէս վերեւում նշեցինք, ճնշուածների հետ համաձայնութեան գալուն սպասելու փոխարէն իրենց սեփական պատմութիւններին տէր կանգնելը նշանակում է ճեղքեր բացել գերիշխող պետական մտայնութեան մէջ, որն օրէնքով գծուած եւ պատմութեամբ ու քաղաքականութեամբ լեցուն է: Այս անգամ բոլորովին հակառակ վիճակ է, ստիպում են, որ պետութիւնն ապրի այդ ամէնը: Շա՛տ լաւ, իսկ պատմութեան բացուած ճեղքերում տեղակայուած վիճակն ինչպէս որ գերիշխող մտայնութեան մէջ է ճեղքեր բացել, կարո՞ղ է արդեօք Ցեղասպանութեան հետեւանք հանդիսացող հոգեվիճակից փրկուելու տեսանկիւնից եւս անհատի համար ներյատուկ եւ բուժիչ յատկութիւն ունենալ:

 

Երկնքի Թռչուն Ըլլայի

Երկնքի թռչուն ըլլայի, Թռչէի, քովդ գայի Սրտիդ մէջը ինչ կար-չիկար Ամէնն ալ հասկնայի:

Էգուր նայիմ, իմ աղաւնիս, Սիրուդ ինչեր կը քաշիմ, Գիշեր մինչեւ առաւօտ Առանց քնի կ՛անցնիմ:

Պարտէզիս մէջ ծաղիկ մը կար Անոր նմանը չիկար Ան ի՜նչ աղուոր, ի՜նչ գեղեցիկ Տեսնողը կը զարմանար:

Արեգակը մօրմէն ելաւ Ծագեց աշխարհիս վրայ Քուկին անուշիկ խօսքերիդ Եարա է սրտիս վրայ:

Աղբիւր` դոկ. Մ. Քարակէօզեան (Օվաճիկ), Բանահաւաք` Մ. Թումաճան, «Հայրենի երգ ու բան», Էջ 99-100:

«Ակօս»

Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ «Ակունք»

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here