ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ Ա ՀՈՎՍԵՓՅԱՆՑ

0
547

1867թ. դեկտեմբերի 17-ին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում է ծնվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցը: Նշանավոր հայագետ, արվեստաբան, Գերմանիայի Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության դոկտոր Գարեգին Ա Հովսեփյանցը ծնվել է պատմական Արցախի Ջևանշիր գավառի Չարդախլու գյուղում: Սովորել է նախ ծննդավայրի դպրոցում, ապա Շուշիի հայոց թեմական հոգևոր դպրոցում:1882 թ ընդունվել է Գևորգյան հոգևոր ճեմարան։

1889 թ ձեռնադրվել է սարկավագ։

1890 թ ավարտել է ճեմարանը և երկու տարի անց մի քանի այլ սարկավագների հետ (որոնց թվում էր նաև Գևորգ սարկավագը, հետագայում Գևորգ Զ կաթողիկոս) մեկնել է Գերմանիա և Լայպցիգի, Բեռլինի և Հալլեի համալսարաններում խորացրել իր աստվածաբանական և փիլիսոփայական գիտելիքները։ 1897 թ Լայպցիգի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան՝ ներկայացնելով «Միակամության ծագումը» թեզը։

1897 թ վերադարձել է Էջմիածին, ձեռնադրվել է աբեղա։ Նշանակվել է ճեմարանում Հայ մատենագրություն և Աստվածաբանություն առարկաների դասախոս։

1898 թ ստացել է վարդապետական աստիճան։

Շուտով նշանակվել է Վիրահայոց առաջնորդական փոխանորդ, ապա Երևանի թեմական դպրոցների տեսուչ։

1902 թ ընտրվել է Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության կովկասյան բաժանմունքի իսկական անդամ, իսկ 1912 թ Պետերբուրգի կայսերական հնագիտական ընկերության անդամ։

1905-1906 թթ նշանակվել է ճեմարանի տեսուչ, իսկ 1907-1908 թթ դարձել է «Արարատ» ամսագրի խմբագիր, Հռիփսիմե վանքի վանահայր։

1909–1910 թթ մասնակցել է Ն. Մառի ղեկավարած Գառնիի պեղումներին։ Քասախ գետի ակունքների մոտ նրա հայտնաբերած Տրդատ I թագավորի հունարեն արձանագրությունը դառնում է դարասկզբի նշանավոր գտածոներից մեկը։

Նա հայ արվեստին նվիրված մի շարք դասախոսություններով հանդես է եկել Կ.Պոլսում, Թիֆլիսում, Մոսկվայում և այլուր։

1915-1917 թթ կրկին նշանակվել է Ճեմարանի տեսուչ, զբաղվել է նաև Էջմիածին եկած հայ գաղթականների խնամքով։

Արևմտյան Հայաստանից բերված ձեռագրերում նա հայտնաբերել է միջնադարյան հեղինակների՝ մինչ այդ կորած համարվող երկերի բնագրեր։

1918 թ գարնանը Կարսում հայտնված Գարեգին Հովսեփյանը կարողանում է կանխել քաղաքի հայ բնակչության կոտորումը թուրքական զորքի կողմից։

Ավելի ուշ հոգևոր գործիչ և հայ մշակութի նվիրյալ գիտնականը սուրը ձեռքին միանում է Սարդարապատի հերոսամարտի զինվորներին, կոչ անում ամենքին զինվել և պաշտպանել հայրենիքը։

1921 թ հրատարակում է «Բան-բեր» ժողովածուն։

1925 թ նա ստանում է արքության պատիվ, երկու տարի անց ընտրվում է Ռուսաստանի, Ղրիմի, Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ։

1938-1943 թթ նշանակվում է Ամերիկայի հայոց թեմի առաջնորդ։

1943 թ ընտրվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս։ Նա մեծ աջակցություն է ունենում «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծման գործում, նաև 1946 թ հայրենադարձության կազմակերպման աշխատանքներում։

Ժամանակագրությունը վկայում է, որ մեծ, պատկառազդու ու մնայուն է հայ մշակույթի, հայ եկեղեցու սպասավորի ծառայությունը:

Աստվածաբան Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը մեկն էր նրա սաներից: Նա տարբեր զրույցների ժամանակ խոստովանում էր, որ իր մուտքը Հայ Առաքելական Եկեղեցու աստվածաբանական գիտության անդաստան տեղի ունեցավ այն բախտորոշ տարիներին, երբ ամենուրեք թևածում էր հայ ժողովրդի մեծ զավակ, հայ լուսավորչական եկեղեցու ականավոր հոգևորական, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս, մեծանուն հայագետ, գիտնական, աստվածաբան, մեծ ժողովրդականություն վայելող Գարեգին հայրապետ Հովսեփյանի փառքի ղողանջը:

«Ես սարկավագ էի, տակավին չէի ձեռնադրված: 46-ին ինքը եղավ մեր թե´ կաթողիկոսը, թե´ ուսուցիչը: Անթիլիասի դպրեվանքի մեջ նա նոր ծրագիրներ վերակազմակերպեց. նոր առարկաներեն մեկը հայ ձեռագրագիտությունն էր և հայկական մանրանկարչությունը»:

Գարեգին Ա Հովսեփյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը մահացել է 1952 թ հունիսի 21-ին Անթիլիասում։

1962 թվականի հունիսի 10-ին հայոց բոլոր եկեղեցիներում Վազգեն Առաջինի հրահանգով հոգեհանգստի պաշտոն կատարվեց: Ոգեկոչվում էր Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Առաջին Հովսեփյանց Կաթողիկոսի հիշատակը: Այդ օրը լսված գնահատումների մեջ բացառիկ է Ամենայն Հայոց Հայրապետի խոսքը. «Գարեգին Հայրապետը տարիներ շարունակ լուսավորեց ու փառավորեց Մեծի Տանն Կիլիկիո պանտուխտ աթոռը: Նա իր շուրջիններին և համայն ժողովրդին բուռ-բուռ բաշխեց Սուրբ Ավետարանի լույսը՝ հոր խոսքով, հոր ավյունով: Համակ ոգի էր ան, անսպառ եռանդ ու փայլատու սուրբ մտածում»:

Ուղիղ կես դար առաջ վախճանվեց գերաշնորհ կաթողիկոսը: «Անուն, որ է իր տեսակի մեջ անզուգական առ հայս, – պատմում էր, հիշում նրա աշակերտը՝ չթաքցնելով արտասուքը, հիացմունքը և աղոթքի պես խոսքը. – նրա նմանների մասին է Ագաթանգեղոսն ասել. «Այր, բանիբուն գիտությամբ»:

https://m.facebook.com/ՀԱՅ-ԵԿԵՂԵՑՈՒ-ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ-784394195000407/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here