Թուրքիան Փլուզուելու Է, Բայց Հիմա Պէտք Է Զգուշանալ, ԳԱԱ Պատմութեան Հիմնարկի Տնօրէն

0
218

ԼՈՒՍԻՆԷ ԲԱՐՍԵՂԵԱՆ

Ստորեւ կը ներկայացնենք Գիտութիւնների ազգային ակադեմիայի պատմութեան հիմնարկի տնօրէն Աշոտ Մելքոնեանի հետ «Արմ Թայմզ» թերթին կատարած հարցազրոյցը, որուն առանցքը կը հանդիսանան ռուս-թրքական յարաբերութիւնները, յատկապէս` վերջին զարգացումներու լոյսին տակ:

 

ՀԱՐՑՈՒՄ.- Ռուս-թուրքական սրացման խորապատկերին արդէն մի քանի օր է,  որոշ շրջանակներում Կարսի պայմանագրի մասին են  յիշել եւ խօսում են,  թէ  Ռուսաստանի նախագահը  չի պատրաստւում վերակնքել այն: Նախ, այդ պայմանագիրը իսկապէս վերակնքման ենթակա՞յ է, թէ՞ ոչ, եւ ընդհանրապէս, այս սրացման  խորապատկերին դրա նշանակութիւնը ո՞րն է:

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Մի փոքրիկ ճշգրտում. այնքան Կարսի պայմանագրի մասին չէ խօսքը, որքան Մոսկուայի պայմանագրի, որը կնքուել է 1921թ. մարտի 16-ին պոլշեւիկեան Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի միջեւ` առանց Հայաստանի մասնակցութեան` Հայաստանի շահերը ոտնահարելով: Այդ պայմանագրի կէտերից մէկը նախատեսում էր Ռուսաստանի կողմից համանման պայմանագիր պարտադրել նաեւ Անդրկովկասեան 3 հանրապետութիւններին, որը տեղի ունեցաւ արդէն Կարսում, 1921թ. հոկտեմբերի կէսերին: Խօսքը Մոսկուայի պայմանագրի մասին է, որովհետեւ Ռուսաստանը չի կարող չեղեալ յայտարարել Կարսի պայմանագիրը, քանի որ ինքը չի կնքել այդ պայմանագիրը: Ինքը կնքել է այդ պայմանագրի մայր տարբերակը, որը հետագայում ծնեց Կարսի պայմանագիրը: Մոսկուայի պայմանագրում եւ հետագայում նաեւ Կարսի պայմանագրում այն թարմացնելու կէտ չկայ: Բայց ցաւալիօրէն, դրանից 90 տարի անց` 2011 թ. մարտի 16-ին, երբ Էրտողանը եկաւ Մոսկուա, Մետվետեւի հետ նրանք կարծես թէ խորհրդաւոր ձեւով վերաթարմացրին այդ պայմանագիրը` որպէս նուէր փոխանակելով պայմանագրի բնագիրը եւ Կարսի պայմանագրից լուսանկար, որը, ի հարկէ, շատ անընդունելի է: Ցաւալիօրէն մենք այն ժամանակ չարձագանգեցինք, երբ ուղղակի աղ լցրին մեր վէրքի վրայ. գիտենք, որ Մոսկուայի պայմանագրի արդիւնքում մենք կորցրինք Կարսի մարզը եւ Սուրմալուի գաւառը` Արարատ լեռնագագաթով հանդերձ:

Հ.- Վերջին օրերի ռուս թուրքական սրացումների  պատճառով Հայաստանը,  այդ թւում Լեռնային  Ղարաբաղը  կարո՞ղ են  տուժել, մասնաւորապէս երէկ ՀՀԿ խօսնակը  մեր զրոյցում յայտարարել է, որ 3-րդ աշխարհամարտի շեմին ենք, աշխարհը 2 մասի է  բաժանւում,  եւ այդ գիծը գծւում է Հայաստանով, շատ վտանգաւոր  իրավիճակ է, ի՞նչ  զարգացում ու աւարտ կարող  է ունենալ այս սրացումը:

Ա. Մ.- Ցաւն այն է, որ «Իսլամական պետութիւն» (ԻՊ) կոչուածը իրականութեան մէջ Թուրքիայի ստեղծածն է, ի հարկէ, Արեւմուտքի իմացութեամբ եւ թողտուութեամբ: Երբ Արեւմուտքը վերջնականապէս գայ այն համոզման (Ռուսաստանը վաղուց դրանում համոզուած է), որ ԻՊ-ը եւ Թուրքիան նոյն պետութիւնն են, աշխարհը ուղղակի շուռ կը գայ Թուրքիայի դէմ: Ես ենթադրում եմ, որ միեւնոյն է, այդ ահաբեկչական գործողութիւնները ԻՊ-ը եւրոպական երկրներում շարունակելու է, եւ դրանք չեն դադարելու երկար ժամանակ, քանի դեռ գոյութիւն ունեն ԻՊ-ը եւ Թուրքիան, որը ձեւականօրէն իբր թէ պայքարում է ահաբեկչութեան դէմ, բայց ահաբեկչի գլխաւոր պաշտպանն է: Այդ իմաստով այս տագնապը, ի հարկէ, ընդլայնուելու վտանգ ու հեռանկար ունի, որովհետեւ, ի վերջոյ, կարող է վերածուել հակամարտութեան նաեւ Թուրքիայի հետ:

Ինչ վերաբերում է ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին, ի հարկէ, այստեղ որոշակի վտանգ գոյութիւն ունի. մենք ՀԱՊԿ անդամ ենք, եւ Ռուսաստանի պատերազմական վիճակի մէջ յայտնուելը որեւէ երկրի հետ մեքանիկօրէն ենթադրում է նաեւ մեր մասնակցութիւնը այդ ռազմական գործողութիւններին: Ես պատահական չեմ համարում, որ սկզբում Չաւուշօղլուն, յետոյ Տաւութօղլուն մեկնում են Պաքու եւ հանդիպումներ ունենում Ազրպէյճանի ղեկավարութեան հետ: Բնականաբար տարածաշրջանում լարուածութիւն ստեղծելու առումով սրա մէջ եւս վտանգ գոյութիւն ունի, որովհետեւ Թուրքիային շատ ձեռնտու է, որ նորից մեր դէմ փորձեն օգտագործել ազրպէյճանական գործօնը եւ տարածաշրջանում սրուածութիւն ստեղծելով` նոր դժուար կացութեան առջեւ կանգնեցնեն Ռուսաստանին, որը այս տարածաշրջանում անվտանգութիւն ապահովելու իմաստով, մասնաւորապէս մեր մասով որոշակի պարտաւորութիւններ ունի: Դրա համար մենք պէտք է չափից աւել զգուշաւոր լինենք: Չափազանց ոգեւորութիւնը կարող է պումերանկի նման մեզ հարուածել: Բայց նաեւ պէտք է ունենանք հայեցակարգային յստակ մօտեցումներ մեր ազգային, պետական շահերը պաշտպանելու տեսակէտից:

Հ.- Սովորաբար պատմութեան ընթացքում որքան ռուս-թուրքական սրացումներ են եղել,  վերջում իրենք հաշտուել են, արդիւնքում Հայաստանն է տուժել, այս դէպքում…

Ա. Մ.- Դրա համար ասում եմ, որ մենք պէտք է շատ չոգեւորուենք: Օրինակ, ոմանք ոգեւորուել են, որ ռուսական կողմը Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու հարցը Պետտումա կարող է մտցնել: Ես, անկեղծ ասած, դրանից խանդավառ չեմ, ի հարկէ, բարոյական առումով լաւ է, բայց եթէ Ռուսաստանում ժխտողական դիրքերում կանգնած մարդկանց պիտի դատեն, դա մեր գլխաւոր խնդիրը չէ: Մենք կորցրել ենք հայրենիք, մեր խնդիրը միանգամայն այլ է, այլ ոչ թէ` այս կամ այն մարդուն դատարան բերելը:

Հ.- Ո՞րն է մեր խնդիրը:

Ա. Մ.- Մեր խնդիրը չափից աւելի զգուշաւոր լինելն է, չեմ ասում` չէզոք, որովհետեւ, որպէս ՀԱՊԿ անդամ, պարտաւորութիւններ ունենք Ռուսաստանի նկատմամբ: Մենք մեր տեղը պէտք է ունենանք եւ մեր ռազմավարական դաշնակցին հասկացնենք, որ Գիւմրիի ռազմական խարիսխը պէտք է ամրապնդել, պաշտպանութեան նոր միջոցներ այնտեղ պէտք է բերուեն, որպէսզի մենք տարածաշրջանում աւելի վստահ լինենք: Եւ այլեւս անթոյլատրելի պէտք է նկատել Ռուսաստանի կողմից Ազրպէյճանին զէնք տրամադրելը, որը, կարծում եմ, հաւասարազօր է Թուրքիային զէնք տրամադրելուն: Տեսնո՞ւմ էք, ազրպէյճանցիները եւս բաւական զգուշաւոր են, չեն փորձում արտայայտուել, խօսում են խաղաղութիւն հաստատելու անհրաժեշտութեան մասին եւ սահմանին շատ աւելի զսպուած են իրենց պահում:

Հ. Այո՛, տարօրինակ է, որ սահմանային կրակոցներն էլ են քչացել:

Ա. Մ.- Միանգամայն հասկանալի է, որովհետեւ իրենց աւագ եղբօր նկատմամբ Ռուսաստանի այս կոշտ դիրքորոշումը ուղղակի ուղղւում է նաեւ Ազրպէյճանի դէմ: Ազրպէյճանը հպարտանում էր, որ Թուրքիան իր թիկունքին կանգնած երկիր է, եւ ինքը որեւէ խնդիր չունի` այս տարածաշրջանում Թուրքիայի նման հզօր թիկունք ունենալու պարագայում: Հիմա իր թիկունքը վտանգուած է, եւ դրա համար էլ Ազրպէյճանը շատ աւելի զգուշ է, պատերազմական հռետորաբանութիւնը բաւական նուազել է:

Հ.- Իսկ Կարսի պայմանագիրը վերանայման ենթակայ չէ՞:

Ա. Մ.- Ես այդպէս չէի ասի, որովհետեւ չմոռանանք, որ Կարսի պայմանագիրը չի կնքել ՀՀ-ն: Այն կեանքի է կոչել Խորհրդային Հայաստանը, իսկ մենք, որպէս անկախ երրորդ հանրապետութիւն, ուղղակիօրէն դրա պարտաւորութիւնը չենք վերցնում, եւ պատահական չէ, որ նաեւ պետական մակարդակով յաճախակի խօսւում է Վուտրօ Ուիլսընի իրաւարար վճռի մասին: Միջազգային իրաւունքի տեսանկիւնից, այսօր գործող պայմանագիրը, թէպէտ այն չի վաւերացուել, հանդիսանում է Ուիլսընի իրաւարար վճիռը, ըստ որի, Տրապիզոնի, Էրզրումի, Պիթլիսի եւ Վանի վիլայեթների մեծագոյն մասը համարւում են ՀՀ տարածք:

Հ.- Որքանո՞վ է հաւանական, որ դա իսկապէս ուժ ստանայ:

Ա. Մ.- Դա կախուած է նրանից, թէ ամբողջ աշխարհը որքանով կը հակուի Թուրքիայի դէմ գործողութիւններ իրականացնելու: Ես համոզուած եմ, որ եթէ ԻՊ-ը շարունակի իր գոյութիւնը պահպանել եւս մի քանի տարի, դա կը նշանակի, որ խօսքը Թուրքիայի կողմից ԻՊ-ին ամէն տեսակ օգնութեան մասին է: Առանց Թուրքիայի վերացման` չի կարող վերանալ նրա ծնունդ հանդիսացող ԻՊ-ը: Եթէ աշխարհը հակուեց դրան, ինչպէս 1916 թ. անգլիացի եւ ֆրանսացի դիւանագէտներ Սայքս-Փիքոյի համաձայնագրով, որին միացաւ նաեւ նրանց դաշնակից Ռուսաստանը եւ որոշուեց հիմնականում այդ 3 մեծ պետութիւնների միջեւ բաժանել Օսմանեան կայսրութիւնը, բայց յետոյ տեղի ունեցաւ պոլշեւիկեան յեղափոխութիւնը, Ռուսաստանը դուրս եկաւ պատերազմից եւ, ցաւօք, այդ ծրագիրը մնաց թղթի վրայ… Բայց ես համոզուած եմ, որ այն ցանկացած պահի կարող է մտնել գործողութեան մէջ, որովհետեւ նոյնիսկ ՕԹԱՆ-ի շատ անդամ երկրներ, նրանց նախկին շատ ղեկավար զինուորականներ յայտարարում են, որ ՕԹԱՆ-ի կազմում Թուրքիայի լինելը վարկաբեկում է այդ ռազմական կառոյցը, եւ ժամանակն է Թուրքիային վտարել այդ կազմակերպութիւնից: Ա՛յ, եթէ դա տեղի ունենայ, կը լինի նաեւ այն, ինչի մասին մենք խօսում ենք:

Հ.- Բայց կարծես թէ քիչ է հաւանականութիւնը, որ դա կարող է տեղի ունենալ:

Ա. Մ.- Չեմ կարող ասել. չի բացառւում, հաւանականութիւնը մեծ է, որովհետեւ Թուրքիան կայսրութիւն է, իսկ կայսրութիւնները, որպէս պատմաբան եմ ասում, դատապարտուած են փլուզման: Թուրքիան այդ առումով բացառութիւն չի կարող լինել: Քրտական խնդիրը եւ նրա հարեւան բոլոր երկրների հետ ունեցած փաստացի թշնամական վերաբերմունքը դրա վկայութիւնն են: Ես համոզուած եմ:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here