Հայաստանի Անվտանգութեան Ծառայութեան Նորանշանակ Եւ Նախկին Ղեկավարները

0
234

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրով 2016թ. փետրուարի 12-ին Ազգային անվտանգութեան ծառայութեան (ԱԱԾ) նոր տնօրէն է նշանակուել 34-ամեայ Գէորգի Կուտոյեանը: Այս նշանակումը պայմանաւորուած էր նրանով, որ ԱԱԾ արդէն նախկին տնօրէն Գորիկ Յակոբեանը 70 տարեկան է, եւ օրէնքը թոյլ չէր տալիս նրա հետագայ պաշտօնավարումը:

Նշանակումից անմիջապէս յետոյ հայկական ընդդիմադիր լրատուամիջոցները գրեցին, որ Կուտոյեանը Սերժ Սարգսեանի փեսայի` Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայէլ Մինասեանի ընկերներից է: Պաշտօնական կենսագրութիւնը ասում է, որ Կուտոյեանը աւարտել է Տոնի Ռոստովի պետական համալսարանի իրաւագիտութեան բաժանմունքը, Հայաստանի ԳԱԱ փիլիսոփայութեան եւ իրաւունքի հիմնարկում պաշտպանել է թեկնածուական ատենախօսութիւն եւ ստացել իրաւաբանական գիտութիւնների թեկնածուի գիտական աստիճան, ապա աւարտել է Միացեալ Նահանգների Ֆլետչերի իրաւունքի եւ դիւանագիտութեան դպրոցը (Թաֆթս համալսարան):

Հասկանալի պատճառներով անվտանգութեան ծառայութեան մասին ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապէս քիչ է գրւում` հաշուի առնելով այս կառոյցի իւրայատկութիւնները: Այսօր ճիշդ ժամանակն է ակնարկ կատարել Հայաստանի ազգային անվտանգութեան կառոյցների պատմութեանն ու նրա ղեկավարների գործունէութեանը:

Վերջին 12 տարիներին այդ կառոյցը ղեկավարում էր զօրավար-գնդապետ Գորիկ Յակոբեանը (2004-2016): Նրա մասին ասւում էր, որ եղել է իր գործի գիտակը, արհեստավարժ: Յակոբեանը ԱԱԾ տնօրէն էր նշանակուել նախագահ Ռոպերթ Քոչարեանի ժամանակ:

Յակոբեանին նախորդել էր Կառլոս Պետրոսեանը (1999-2004), որին եւս նշանակել էր Քոչարեանը: Նրա մասին ասւում է, որ առնչութիւն չի ունեցել անվտանգութեան ոլորտի հետ, աշխատել է ոստիկանական համակարգում: Քոչարեանը Պետրոսեանին աշխատանքից ազատեց, քանի որ, ինչպէս յայտնի է դառնում Ուիքիլիքսի գաղտնի փաստաթղթերից մէկում, նա ներգրաւուած է եղել մի գայթակղութեան մէջ, որի բացայայտման մէջ դերակատարութիւն է ունեցել ՀՅԴ-ն:

Պարզուել է, որ Յունաստանում գողացուած մի թանկարժէք ինքնաշարժ Ինթերփոլը յայտնաբերել է Հայաստանում: Գողացուած ինքնաշարժը ոստիկանութիւնը առգրաւել է` այն հեռացնելով տուգանային հրապարակից: Գողօնը Վրաստանի տարածքով` նաւահանգիստով, հասցուել է մինչեւ Ռուսաստան: Հայաստանում Միացեալ Նահանգների նախկին դեսպան Ճոն Էւանսը 2004թ. նոյեմբերի 8-ին արտաքին գործերի նախարարութիւն յղած հեռագրում գրում է, որ այս պատմութեան մէջ Պետրոսեանի ենթադրեալ ներգրաւման մասին Քոչարեանը տեղեկացել է մի քանի աղբիւրներից` տեղական Ինթերփոլի գրասենեակից, յունական ապահովագրական ընկերութիւնից եւ Հայաստանում համախմբական կառավարութեան մաս կազմող ՀՅԴ-ից, որը Յունաստանում կապ է հաստատել գողացուած մեքենայի տիրոջ հետ: Դաշնակցականների գանգատները լցրել է Քոչարեանի համբերութեան բաժակը, եւ նա հեռացրել է Պետրոսեանին:

Նախքան Պետրոսեանը, Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութիւնը ղեկավարում էր Սերժ Սարգսեանը (1995-1999), ում այդ պաշտօնին նշանակել էր Լեւոն Տէր Պետրոսեանը, ապա վերանշանակել` Ռոպերթ Քոչարեանը:  Սարգսեանից առաջ կառոյցը ղեկավարել են Դաւիթ Շահնազարեանը (1994-1995), զօրավար-հազարապետ Էդուարդ Սիմոնեանցը (1993-1994), զօրավար-հազարապետ Վալերի Պօղոսեանը (1992-1993) եւ զօրավար-հազարապետ Յուսիկ Յարութիւնեանը (1991-1992): Դաւիթ Շահնազարեանը Լեւոն Տէր Պետրոսեանի նախկին խնամին է, որեւէ առնչութիւն չունէր ոլորտի հետ: Էդուարդ Սիմոնեանցը մահացել է տարիներ առաջ: Յուսիկ Յարութիւնեանը 2006-ի մայիսի 3-ին դարձաւ Երեւան-Սոչի օդանաւի աղէտի զոհ: Վալերի Պօղոսեանը, ով նոյնպէս Լեւոն Տէր Պետրոսեանի շրջապատից էր, երկար տարիներ` 1996-ից մինչեւ 2014-ը, Սահմանադրական դատարանի անդամ էր: Նրա մասին եւս Ուիքիլիքսը ունի գայթակղեցուցիչ պատմութիւն:

Այսպէս, 2008-ի մարտի 6-ի ուշ երեկոյեան Վալերի Պօղոսեանը գաղտնի կերպով կապ է հաստատել Հայաստանում Միացեալ Նահանգների դեսպանատան հետ` իր տանը հրատապ հանդիպում կազմակերպելու խնդրանքով: Պօղոսեանը յայտնել է դեսպանատան պաշտօնեաներին, որ նախագահ Քոչարեանը նախապէս կանխորոշել է նախկին նախագահ Տէր Պետրոսեանի բողոքի վերաբերեալ փետրուարի 19-ի նախագահական ընտրութիւնների հարցով մարտի 8-ին ակնկալուող Սահմանադրական դատարանի վճռի ճակատագիրը: Պօղոսեանն ասել է, որ ինքն անձամբ, ինչպէս նաեւ իր գործընկերներից ոմանք ճնշումների են ենթարկուել նախագահի կողմից: Նա նշել է, որ Հայաստանում այժմ տիրում է «բացարձակ բռնապետութիւն» եւ` աւելացրել, որ կեղծուած որոշումը կարող է երկրի համար ունենալ «անկանխատեսելի հետեւանքներ»: Նա ամերիկացիներին զգուշացրել է, որ եթէ միջազգային հանրութիւնն այս կեղծ որոշումից յետոյ աչքաթող անի իշխանութիւններին, ապա դա անդառնալի վնաս կը հասցնի Հայաստանին եւ կը փշրի երկրի` ժողովրդավարութեան հասնելու որեւէ յոյս:

Խորհրդային շրջանում Հայաստանի անվտանգութեան ծառայութիւնը, այն ժամանակ` ՊԱԿ` Պետական անվտանգութեան կոմիտէ, աւելի շատ յայտնի` ՔԿՊ անունով, ուղղակիօրէն ենթարկւում էր ԽՍՀՄ ՊԱԿ-ին:

Հայաստանի Ա. Հանրապետութեան շրջանում (1918-1920/21թթ.) առաջին քայլերն են կատարուել անվտանգութեան համակարգի ձեւաւորման ասպարէզում: Ռազմական նախարարութեան Գլխաւոր սպայակոյտում գործել է հետախուզական բաժանմունք: Ըստ արխիւային փաստաթղթերի, 1918 թ. օգոստոսի 13-ին վարչապետ Քաջազնունու նախարարների խորհուրդը քննարկել է ռազմական նախարարութեան միջնորդութիւնը մի շարք ուղղութիւններով, այդ թւում` հետախուզական եւ հակահետախուզական, ծախսերը ծածկելու նպատակով գումարներ յատկացնելու վերաբերեալ: Նախարարների խորհուրդը որոշում է կայացրել հետախուզութեան եւ հակահետախուզութեան կարիքների համար յատկացնել 20 հազարական ռուբլի:

Մինչ այդ` 1918-ի օգոստոսի 8-ին, ռազմական նախարարութեան Գլխաւոր սպայակոյտում ծառայութեան է նշանակուել պորուչիկ Արտեմի Յովհաննիսեանը (Յովհան Խան-Կոտուրսկի կամ Ղոթուրի): Նա Գլխաւոր սպայակոյտի գործունէութեան հակահետախուզական ուղղութեան առաջին ղեկավարն էր: Հետախուզական աշխատանքների գծով առաջին ղեկավարն է եղել փոխգնդապետ Ալեքսանդր Շնէուրը: 1919 թ. սեպտեմբերից մինչեւ 1920 թ. ապրիլ ամիսը հետախուզական բաժանմունքը ղեկավարել է կապիտան Վահագն Մուրադեանը, որին այնուհետ փոխարինել է կապիտան Տիգրան Դեւոյեանը: Նշուած բաժանմունքում եղել են հետախուզութեամբ, հակահետախուզութեամբ, յանցագործութիւնների դէմ պայքարով, դիտարկմամբ եւ գործակալների աշխատանքի ղեկավարմամբ զբաղուող ստորաբաժանումներ:

Բացի այդ, Հայաստանի Ա. Հանրապետութեան ռազմական նախարարութեան Գլխաւոր սպայակոյտի հետախուզական բաժանմունքը փորձում էր աշխատանքներ ծաւալել արտասահմանում,  առաջին հերթին` Անդրկովկասում, Ռուսաստանի հարաւում եւ Հիւսիսային Կովկասում: Տուեալ գործունէութիւնը կազմակերպելու համար օգտագործւում էին արտաքին գործերի նախարարութեան հնարաւորութիւնները: Միաժամանակ փորձ էր արւում Թիֆլիսում եւ Պաքւում գտնուող հայկական դիւանագիտական ներկայացուցչութիւններում զինուորական կցորդի հաստիքներ բացել: Հայաստանի ռազմական նախարարութեան Գլխաւոր սպայակոյտի սպայ, զօրավար-հազարապետ Ղորղանովի (Կորգանով) նախաձեռնութեամբ, մեծ դժուարութեամբ ֆինանսական միջոցներ են գտնւում եւ 1919 թ. յուլիսից այդ կարեւոր օղակը սկսում է գործել: Այդ բաժինը կատարել է նաեւ արտաքին հետախուզական աշխատանքներ` Թուրքիայում եւ Իրանում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here