Մի Կարեւոր Վկայութիւն Ռուս-Թուրքական (Բոլշեւիկա-Քեմալական) Յարաբերութիւնների Սկզբնաւորման Մասին (Մայիս, 1919թ.)

0
192

ԱՐԱ ՊԱՊԵԱՆ

Վերջին շրջանում շատացել են քննարկումները ռուս-թուրքական յարաբերութիւնների եւ այդ յարաբերութիւնների պատմութեան մասին: Դա մեծապէս պայմանաւորուած է ռուսական քաղաքացիական օդանաւի պայթեցման գործում թուրքերի ունցած դերի, Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման, ինչպէս նաեւ ռուս-թուրքական՝ աւելի ճիշդ բոլշեւիկա-քեմալական, Մոսկուայի, 1921թ. Մարտի 16ի պայմանագրի առաջարկուած չեղարկման հետ:

Ռուս քաղաքական գործիչները յաճախ շեշտում են, որ թուրքերը երախտամոռ եղան՝ եթէ չլինէր ռուսական օգնութիւնը, ապա Թուրքիայի Հանրապետութիւնը չէր կայանայ ներկայ սահմաներով: Դա ի հարկէ իրականութիւն է, սակայն իրականութեան մի մասն է միայն: Պատմական փաստերը վկայում են, որ ռուս բոլշեւիկները ոչ միայն եղել են քեմալական շարժման աջակիցները, այլեւ, ըստ էութեան, եղել են այդ շարժման հրահրողները:

Աւանդական թուրքագիտութիւնը բոլշեւիկա-քեմալական առաջին շփումները թուագրում է 1920թ. Ապրիլից՝ Լենինին հասցեգրուած Աթաթուրքի նամակից: Սակայն փաստերը վկայում են, որ յարաբերութիւնների հաստատման նախաձեռնողները եղել են բոլշեւիկները, եւ դա տեղի է ունեցել նշեալ փաստից գրեթէ մէկ տարի առաջ՝ 1919թ. Մայիսի վերջին: Հէնց ռուս-բոլշեւիկներն են եղել նախկին իթթիհատականներին ոգեշնչողները, օգնութիւն առաջարկողներն ու տրամադրողները: Բանակցութիւնները վարել է այդ ժամանակ գնդապետ, յետագայում ՍՍՀՄ մարշալ, Սիմիոն Բուդիոնին: Բանակցութիւնների մանրամասները պահպանուել են բանակցութիւններին մասնակցած Հուսամեդդին Էրթուրքի (Husameddin Erturk) յուշագրութեան մէջ: Հուսամեդդին Էրթուրքը Մուստաֆա Քեմալի մերձաւոր զինակիցներից էր, Օսմանեան բանակի փոխգնդապետ, իթթիհատական կուսակցութեան եւ տխրահռչակ Թաշքիլաթ-Ի Մահսուսա կազմակերպութեան անդամ: Նա ազգայնական Կարակոլ (Karakol)  կազմակերպութեան եւ Միմ-միմ խմբի (Musellah Mudafaa-i Milliye Gribu (Ազգային զինուած դիմադրութեան խումբ) հիմնադիրներից եւ ղեկավարներից էր:

Յուշագրութիւնը տպագրուել է 1957թ.ին Ստամբուլում՝ «Երկու Ժամանակաշրջանի Յետնաբեմը» (Iki Devrin Parde Arkasi) վերնագրով: «Մոդուս Վիւենդի» կենտրոնը,  Յակոբ Չաքրեանի թուրքերէնից կատարած թարգմանութեամբ, հայ ընթերցողի ուշադրութեանն է ներկայացնում մի յիշարժան հատուած այդ յուշագրութիւնից: Յուշագրութեան 70րդ գլուխը՝ 338-342 էջերի հատուածը, ներկայացւում է չնչին կրճատումներով:

Գլուխ 70

Ինչի Մասին Է Խօսել Մուստաֆա Քեմալը Հաւզայում Ռուսական Պատուիրակութեան Հետ

1919 թ. Մայիսի 19ին, Բանդրմա (Bandirma) շոգենաւով Սամսուն հասած Մուստաֆա Քեմալ փաշան, այնտեղ մնաց մի քանի օր, ապա իր շտաբի հետ մեկնեց Հաւզա (Havza):

Մուստաֆա Քեմալն ու ընկերներն այս գողտրիկ աւանում մնացել են 22 օր եւ հանդիպել են մինչ այդ այնտեղ հասած խորհրդային պատուիրակութեան հետ: Պատուիրակութիւնը գլխաւորում էր ռուս գնդապետ (գեներալ) Բուդիոնին (Budiyeni): Թաւ բեղերով, անփառասէր այս զինուորականի հետ Մուստաֆա Քեմալն արագ մտերմացել եւ նրանք շուտով բարեկամացել էին (էջ 338)։

Գնդապետը բոլշեւիկեան Ռուսաստանից զէնք, զինամթերք եւ դրամական միջոցներ էր խոստանում եւ փոխարէնը թուրքերին կոչ էր անում պայքարի դուրս գալ ընդհանուր թշամիների՝ Անտանտի պետութիւնների դէմ: Եթէ Բուդիոնու պահանջներն այսքանով սահմանափակուէին, Մուստաֆա Քեմալ փաշան իսկոյն կը համաձայնէր, եւ կարիք չէր լինի այդքան երկարաձգել բանակցութիւնները: Սակայն ռուս գնդապետը մի նկրտում էր ունեցել, որը նա շուտով բերանից թռցրեց: Գնդապետ Բուդիոնին Մուստաֆա Քեմալին հարցրել էր.

– Ինչպիսի վարչակարգ է ենթադրում մեծարգոյ գեներալը Անատոլիայում նախատեսուող կառավարութեան համար:

Մուստաֆա Քեմալը իսկոյն գլխի էր ընկել, թէ ինչ նկրտում ունի զրուցակիցն ու առանց շփոթուելու պատասխանել.

– Հարկաւ պետական խորհուրդներին, խորհրդային հանրապետութիւնների վարչակարգերին նման կառավարում… Այսինքն բոլշեւիկեան սկզբունքների վրայ ստեղծուած հանրապետութիւն, այդպէս է իմ գեներալ… Այո, այդպէս է, եթէ ասենք պետական սոցիալիզմ, աւելի ճշգրիտ արտայայտուած կը լինենք:

– Սակայն, սոցիալիզմը հասարակական ոլորտին է վերաբերում, կացութեան մի ձեւ է, կ՛ուզենայինք, որ դուք նկատի ունենաք նաեւ կոմունիզմը: Միայն այդ դէպքում ձեր մեծ հարեւան Ռուսաստանը ձեզ օգնելու համար կ՛անի այն, ինչ հնարաւոր է:

Մուստաֆա Քեմալը կռահում էր, որ գնդապետ Բուդիոնին փորձում է կանխաւ խոստում կորզել, սակայն չէր մոռանում օգնութեան այն կարիքը, որի անհրաժեշտութեան մէջ էր ինքը: Խորհրդային պատուիրակութիւնը Հաւզայից հեռացել էր մեծ յոյսերով: Մուստաֆա Քեմալը հնարամտօրէն ձերբազատուել էր նրանցից: Նոյնիսկ մտադիր էր վտանգի սաստկացման դէպքում օգտուել ռուսական կորպուսի ծառայութիւնից: Ֆեւզի Չաքմաքի (Fevzi Chakmak) վկայութեամբ, որին անձամբ հանդիպել եմ, այդ միջադէպի մասին Մուստաֆա Քեմալն իրեն հետեւեալն էր ասել (էջ 339).

– Այդ ժամանակ արհաւիրքի կամուրջով անցնելու խնդիր ունէինք, ժողովրդական առածին համապատասխան մինչեւ կամուրջն անցնելը… (արջին- Յ. Չ.) քեռի ենք ասել:

Հանդիպմանը գնդապետ Բուդիոնին Մուստաֆա Քեմալ փաշային ասել էր, որ արեւելքում նախասեսուող հայկական եւ քրդական պետութիւնները, այդ թւում Սեւ ծովի առափնեայ շրջանում ձեւաւորուող պոնտական կառավարութիւնը, Բաթումը ներառեալ, Անտանտի տէրութիւնների կողմից սեփականացուել են, աւելացնելով, թէ Խորհրդային Միութիւնը պատրաստ է այս ամէնի դէմ պայքարի դուրս գալու նոր Թուրքիայի հետ: Գնդապետ Բուդիոնին ասել էր.

– Մենք մտադիր չենք երես տալ ցարական Ռուսաստանի առաջամարտիկ եւ Կովկասի սադրիչ հայերին: Առաւել եւս դժգոհ ենք հայ դաշնակների եւ հնչակների յետպատերազմեան գործունէութիւնից: Նրանք ուժեղների ծառան կը դառնան: Ով կարող է երաշխաւորել, որ վաղը չեն գործելու անգլիացիների, ֆրանսացիների կամ ամերիկացիների օգտին:

Գնդապետի այս խօսքերը հիմք էին հանդիսացել, որ Մուստաֆա Քեմալը յանգի Անատոլիային գործական օգնութիւն տրամադրելու խորհրդայինների առաջարկի ենթադրութեան: Թերեւս, դա էր պատճառ, որ գնդապետը հարցրել էր.

– Իմ գեներալ, Մուդրոսի զինադադարի հետ համակերպուելու հետեւանքով զինաթափուել է ձեր բանակը (էջ 340), առգրաւուել են զէնքերը, զինապահեստները, չեմ պատկերացնում, թէ այս պայմաններում մի կողմից յոյների, իսկ միւս կողմից՝ հայերի, պոնտացիների, եւ Անատոլիան ամբողջովին օկուպացրած Անտանտի տէրութիւնների դէմ ինչպէ՞ս էք պայքարելու…

Ի պատասխան՝ նա (Մուստաֆա Քեմալը-Յ. Չ.) ասել էր.

– Այո, գնդապետ իմ, մեր վիճակը խիստ անմխիթարական է: Սակայն մեր ազգը օրհասական պահերին հրաշքներ գործելու ունակութիւն ունի: Դուք հանգիստ եղէք, ընդհանուր թշնամու դէմ մենք աւելի վտանգաւոր եւ հզօր կը լինենք, քան ենթադրում էք, յետոյ յանկարծ չզարմանաք…

Այս խօսքերի վրայ գնդապետ Բուդիոնին, æեւադ Աբբասի (Cevad Abbas) փոխանցմամբ, երկար մտածելուց յետոյ ասել է.

– Ես լիազօրուած եմ յայտնելու, որ Ռուսաստանը պատրաստակամ է բաւարարել ձեր կարիքները: Միայն թէ դուք ընդառաջ գնաք մեր ցանկութիւններին: Վերացրէք սուլթանութիւնն ու խալիֆայութիւնը եւ հռչակէք կոմունիստական կարգեր:

Մուստաֆա Քեմալն հաշուենկատ էր խօսել, դիմացինին յուսադրել էր եւ վստահութիւն ներշնչել նրան: Ապա ծիծաղելով ասել էր.

– Սիրելիդ իմ գնդապետ, ձեր ասածները այնքան դիւրին չեն, ինչ ենթադրում էք: Սուլթանական ինստիտուտը խիստ թուլացել է, հասել տապալման շեմին: Խալիֆայութիւնը աւելի մեծ համբերութիւն է պահանջում (էջ 341), նոյնիսկ աւելի, քան զգօնութիւն: Մէկ էլ թիկունքում իսլամական աշխարհն է: Դա պէտք է հաշուի առնենք: Նրանց աջակցութիւնն, այո, պահին մեծ անհրաժեշտութիւն է: Անգլիացիներին զսպելու ենք շնորհիւ դրա: Ներկայ պահին անհնար է կոմունիզմ հռչակելը: Նախ պէտք է հարցը բացատրել երկրին: Ներկայումս մեր գլխաւոր նպատակը, պատերազմը, պայքարը յաղթական աւարտին հասցնելն ու օկուպացիան վերացնելն է: Յաղթանակի ապահովումից յետոյ մենք ձեր պայմանների մասին կը մտածենք անհամեմատ հանգիստ մթնոլորտում եւ աւելի հանդարտ հոգեվիճակով:

Մուստաֆա Քեմալը հեռատես զինուորական էր: Ամէն ինչ անկեղծօրէն ասել էր նրանց: Մեծ պայքարի շեմին թուրքերին շուտափոյթ աջակցութիւն էր պէտք: Այդ առումով խիստ օգտակար եղաւ Հաւզայի հանդիպումը: Գնդապետ Բուդիոնին վայելում էր ե՛ւ Լենինի, ե՛ւ Ստալինի, եւ թէ Տրոցկու վստահութիւնը: Երբ նա վերադարձաւ Ռուսաստան, Մուստաֆա Քեմալը մարտահրաւէր նետեց Ստամբուլի կառավարութեանն ու սուլթանին եւ Ռուսաստանից ստացաւ այն, ինչ ուզում էր՝ հրանօթ, հրացան, զինամթերք եւ ռուբլի ոսկով: Սովետների օգնութիւնը գագաթնակէտին էր հասել վճռական ճակատամարտից առաջ (էջ 342)։

Աղբիւրը՝ Husameddin Erturk, Iki Devrin Perde Arkasi, yazan: Samih Nafiz Tansu, Istanbul, 1957, s. 338-342. (Հուսամեդդին Էրթուրք, «Երկու Ժամանակաշրջանի Յետնաբեմը», գրի առաւ՝ Սամիհ Նաֆիզ Թանսու, Ստամբուլ, 1957թ., էջ 338-342):

15 Փետրուարի, 2016թ.

Արա Պապեան՝ «Մոդուս Վիւենդի» կենտրոնի ղեկավարն է

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here