Մարդկանց Համբերութեան Բաժակը Լցուել Է, Այլեւս Տեղ Չկայ. Յովիկ Չարխչեան

0
208

NewsBook-Ի ԶՐՈՒՑԱԿԻՑՆ Է ԳՐԱԿԱՆԱԳԷՏ ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆԸ

 

ԱՆԻ ԱՐԱՄԻ.- Պարոն Չարխչեան, այսօր որոշները քննդատում են այն լրատուամիջոցներին, որոնք յաճախ են քննադատաբար անդրադառնում Արցախից հող զիջելու գաղափարին եւ պնդում են, թէ նման բան իրականում չկայ: Չէ՞ որ յայտնի ասացուածք կայ՝ առանց կրակ ծուխ չի լինում:

 ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆ.- Լուրջ բանակցութիւններ են գնում եւ այսօր սեղանին յայտնուել է մի տարբերակ, որտեղ խօսք կայ փոխզիջումների մասին, դա անհերքելի է: Անժխտելի է հէնց այն պատճառով, որ մինչ այս պահն իշխանութեան որեւէ ներկայացուցիչ կտրականապէս դա չի հերքել, նրանք միայն հարցերին պատասխանելուց պնդում են, թէ խօսքը խելամիտ զիջումների մասին է: Ի՞նչ ասել է խելամիտ փոխզիջում, ի՞նչ ենք մենք պատրաստ զիջել, ինչի՞ դիմաց ենք պատրաստ զիջել, այս հարցերի շուրջ որեւէ կոնկրետ (յստակ-Խմբ.) պատասխան չկայ: Եթէ հակառակ կողմից մենք ակնկալում ենք ԼՂՀ անկախութեան ճանաչում եւ ընդունում, որ դա զիջում է, այդ դէպքում մենք ի՞նչ ենք դրա դիմաց տալու: Պարզ չէ՞, որ խօսքը կարող է միայն տարածքային զիջման մասին լինել: Անկախութիւնը վերացական հասկացութիւն է, քանի որ այսօր կարող են ճանաչել, իսկ վաղը հրաժարուել այդ ճանաչումից եւ դեռ չեմ խօսում այն մասին, որ մոլորակի վրայ բազմաթիւ երկրներ կան, որոնք առանց իրենց անկախութեան միջազգային ճանաչման էլ շատ նորմալ ապրում են: Անկախութեան ճանաչումը գերագոյն նպատակ չէ եւ առանց այդ անկախութեան էլ ԼՂՀ գոյութիւն ունի եւ դեռ հարիւրաւոր տարիներ կարող է գոյութիւն ունենալ: Միւս կողմից մեզ փորձում են վախեցնել պատերազմով, եթէ մենք չենք համաձայնում, եւ պնդում են, թէ այս տարբերակն այլըտրանք չունի: Իսկ ո՞վ ասաց, որ այլընտրանք չունի: Եթէ լինես հզօր երկիր, ունենաս հզօր բանակ, ապա ոչ մէկը ռիսկ չի անի (չի համարձակիր-Խմբ.) քեզ հետ պատերազմի գալ: Իսկ ուժեղ եւ հզօր լինելու նախապայմանը մէկն է՝ թալանչիներին բռնել, երկրի միջոցները խնայել եւ ծառայեցնել պաշտպանական նպատակների համար: Այդ ժամանակ փոխզիջումների մասին էլ խօսք լինել չի կարող:

 

 ԱՆԻ ԱՐԱՄԻ.- ԼՂՀ հիմնախնդիրը հայութիւնը շատ սուր է ընկալում: Նորանկախ Հայաստանի պատմութեան մէջ նախագահն է հրաժարական տուել հէնց այս խնդրի հետ կապուած հարցերի պատճառով, իսկ ապրիլեան պատերամզից յետոյ նոյնիսկ փոխզիջումների գնալու տարբերակը ժողովուրդը չի էլ լսում: Ի՞նչ էք կարծում‘ իշխանութիւնն այս կամ այն հանդիպման ժամանակ զիջումների մասին խօսալով վա-բանկի չի գնում:

ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆ.- Մեր ժողովուրդը ցոյց տուեց, որ նոյնիսկ հողերի յանձման մասին խօսակցութիւն չի կարող հանդուրժել, էլ ուր մնաց դրա կիրառումը: Մեր ժողովուրդն ապացուցեց, որ չկայ այդպիսի մարդկանց խումբ, որոնք կարող են երկրի, առաւել եւս տարածքների ճակատագիր որոշել, եւ սա նոյնիսկ թափանցիկ ակնարկ էր այն մասին, թէ ինչպիսի պատիժ է սպասում նման քայլի գնացողին: Սակայն իշխանութիւնները մեզ կարող են հաւաստիացնել, թէ կայ արտաքին այնպիսի ճնշումներ, որ այլեւս նահանջի տեղ չունեն եւ ստիպուած են գնալ զիջումնային քայլի: Այս պարագայում էլ մենք պէտք է իշխանութիւններին հարցնենք, թէ ինչո՞ւ է ձեր վիճակը դարձել այդպիսին, որ բանը հասել է վերջին խաղաքարտին: 2րդ՝ նրանք պէտք է պատասխանեն, թէ ում կարծիքն են հարցրել, արդեօ՞ք հարցրել են ժողովրդին՝ նրանք համաձայն են այս տարբերակին, արդեօ՞ք յուլիսեան իրադարձութիւնները սրա արդիւնքը չէ՞ր եւ պատասխանը էր, թէ ինչ կարող է լինել, եթէ իշխանութիւնը զիջումների գնայ: ԼՂՀում ասում են, որ Արցախի ժողովուրդն է որոշելու ԼՂՀ ճակատագիրը, իսկ ես ծաւալները կ՛ընդարձակեմ եւ կ՛ասեմ, որ հայ ժողովուրդն է որոշելու՝ ԼՂՀում, ՀՀում եւ Սփիւռքում ապրող հայը: Սա մի այնպիսի գլոբալ, համազգային հարց է, որ այստեղ անհատն ու անհատների խումբը չեն կարող այս հարցը լուծել, սա ինչ-որ մէկի հետ տնտեսական դաշինք կնքելու կամ երկրի տարածքով գազամուղ անցկացնելու հարց չէ: Պատմութեան մէջ հողերի հարցը միշտ էլ լուծուել է պատերազմի ճանապարհով, մեր ժողովուրդն էլ պատերազմել է, արիւն է թափել ու հազարաւոր զոհեր տուել, եւ այսօր որեւէ մէկը ո՛չ իրաւական, ո՛չ բարոյական տեսանկիւնից նոյնիսկ դա քննարկելու իրաւունք չունի: Եթէ պէտք էր, որ այս մասին նաեւ դրսում իմանան, ապա ինձ թւում է՝ դրսում արդէն իսկ շատ լաւ պատկերացում ունեն այս մասին, իշխանութիւններն այս պահին մանիպուլեացիա են անում, սակայն չկայ այնպիսի մի ճնշում, որ կարողանայ մեր ժողովրդի կամքը կոտրել, ինչպէս նաեւ պէտք է ասենք, որ մենք բոլորովին չենք վախենում պատերազմելուց, մենք այնքան երկար ենք պատերազմել ու չենք վախեցել, որ դա բոլորին է յայտնի:

 

 ԱՆԻ ԱՐԱՄԻ.-  «Սանսայ ծռեր» խմբի պայքարի շարժառիթներից մէկը հէնց Արցախից հողեր զիջելն էր, նրանց աջակցեց նաեւ հանրութիւնը, քանի որ 20 հազարանոց հանրահաւաքներ էր լինում: Սակայն իշխանութիւնը, փոխանակ առերեսուի խնդրի հետ, պնդում էր, թէ նման զինուած պայքարները ՀՀին տանում են կործանման: Հիմա փաստացի պայքարը մեզ վնաս չտուեց:

 ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆ.- Նախ պէտք է նշենք, որ հասարակութեան վերաբերմունքը չի չափւում միայն փողոց դուրս եկած մարդկանց քանակով: Եթէ դր-սում կար մի քանի հազար մարդ, ապա իշխանութիւնը հրաշալի պիտի իմանայ, որ իրենց աշխատավայրերում կամ տանը կան հազարաւոր մարդիկ, ովքեր առաջին իսկ վտանգի դէպքում պատրաստ էին միանալ հաւաքուած մարդկանց: Այդ պահին հասարկութեան առաւել ակտիւ մասն էր այնտեղ, սակայն դա դեռ չի նշանակում, որ միւսները չեն կիսում հաւաքուածների կարծիքը: Եթէ իշխանութիւնն ուսումնասիրութիւն կատարէր, ապա կը հասկանար, որ հասարակութեան ճնշող մեծամասութիւնն այդ պահին նրանց հետ էր: «Սասնայ ծռեր»ին աջակցում էին ոչ միայն նրա համար, որ նրանք դէմ էին հողերի յանձմանն, այլ նաեւ նրա համար, որ նրանք դուրս էին եկել այն իշխանութեան դէմ, ովքեր փաստացի վերծուել են իրենց ժողովրդի թշնամու: Մեր երկրին այսօր այնպիսի ծայրայեղ դրութեան մէջ է, որ միայն թշնամին կարող է մարդուն հասցնել այս վիճակին, մարդկանց համբերութեան բաժակը լցուել է, այլեւս տեղ չկայ:

 ԱՆԻ ԱՐԱՄԻ.-  Ի՞նչ էք կարծում՝ իշխանութիւնները կը շարունակե՞ն խօսել փոխզիջումների մասին, թէ նրանց յոյսը 2011ի նման այն է, որ կը ստորագրուեն փաստաթղթեր, բայց Ադրբեջանը չի համաձայնի, ինչպէս Կազանի պայմանագրի դէպքում էր:

 ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆ.- Կարծում եմ՝ ներկայ դրութեամբ իշխանութիւնները փոքրիկ յետքայլեր են կատարում, այսինքն՝ ինչ-որ ժամանակ նրանք ոգեւորուած էին հողի յանձման գաղափարով, սակայն հիմա նրանք հասկացան, որ դա պարզապէս անհնար է: Թէ ինչ կը տայ նրանց թեթեւ նահանջն այս պահին, դժուարանում եմ ասել, բայց ամէն դէպքում այս պահի տրամադրութիւնն ու իրավիճակը բոլորովին չի բխում իշխանութեան շահերից: Իշխանութիւնը շատ լաւ հասկանում է, որ իրենց գոյութիւնը կարող է չտեւել մինչեւ 2017 թուականի ընտրութիւններ: Պէտք է մի փոքր սպասել՝ հասկանալու համար, թէ որ կողմի վրայ է այժմ իրադրութիւնը թեքւում: Ցանկացած իրավիճակի պարագայում կայ պատճառահետեւանքային կապ եւ ԼՂՀ հողերի յանձման խնդիրն առանձին վերցրած գոյութիւն չունի, այդ երեւոյթը շատ այլ հանգամանքներով է պայմանաւորուած:

… Իշխանութիւններին «ոչ » ասելու, մերժելու գաղափարն ու զգացումը ժողովրդին երբեք չի լքել եւ շատ վաղուց ու շատ խորը հիւսուածքներ է թողել: Հիմա մենք միայն դիտում ենք դրա տարատեսակ դրսեւորումները՝ մի դէպքում սովորական ցոյցերի, բողոքներ, երթերի տեսքով, մէկ այլ դէպքում «Սասնայ ծռեր»ի ընդվզումով, իսկ վաղը կարող ենք այնպիսի անսպասելի իրավիճակի առաջ կանգնել, որքան «Սասնայ ծռեր»ի պարագայում էր: Սա շարունակական է եւ վերջը չի երեւում, որովհետեւ որքան իրավիճակը խորանայ, այնքան արտայայտման ձեւերն աւելի ստուար գոյներով կը դրսեւորուեն:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here