Թույլատրված ներխուժում Թույլատրված ներխուժում

0
171

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Արդեն պարզ է եւ համատարած համոզում, որ Ճարաբլոսը ԻՊ-ի ուժերից ազատագրելը գլխավոր նպատակ հայտարարած Անկարան միայն այդ նպատակը իրականացնելու համար չէ, որ համարձակվել է ներխուժել Սիրիա: Թեեւ միջազգային լրատվությունը թուրքական ներխուժման շարժառիթները բացատրելու համար շեշտերը դրեց ԻՊ-ի չեզոքացման գործողության վրա, այսուհանդերձ Էրդողանը ի՜նքը չէր թաքցրել շարժառիթների համատեղումը, հստակեցնելով, որ ներխուժումը կշղթայազերծվի, ԻՊ-ի եւ քրդական ժողովրդի պաշտպանության ջոկատները չեզոքացնելու համար: Շարժառիթների այս համատեղումը բացատրում է թուրքական քայլի համարձակությունը, ավելի ճիշտ՝ ներխուժման համաձայնվածությունը: Ընդ որում, ոչ միայն մերձեցման գործընթացում գտնվող Մոսկվայի հետ միայն: Այսպես. մի քայլ առաջ, երկու քայլ հետ կամ գուցե նույնիսկ մի քայլ առաջ, մի քայլ հետ ընդհանուր մարտավարական մոտեցումը համակողմանիորեն կիրառվում է Սիրիայում: Վաշինգտոնը մի կողմից զգուշացնում է բոլորին, որ Հասաքեի կռիվներին չհարվածեն միջազգային դաշինքի ուժերին ու այդ շրջածիրում նաեւ քրդերին. շարունակում է աջակցել ինքնավար Քուրդիստանի ստեղծման համար կայացող նախադրյալներին, չի թույլատրում Սիրիայի կառավարական ուժերին հատել սիրիական Քուրդիստանի օդային տարածքը, մյուս կողմից Անկարա մեկնած փոխնախագահի միջոցով Սիրիայի քրդական ուժերին կոչ է անում Եփրատ գետի արեւմտյան ափից նահանջելու դեպի արեւելյան ափը` ընդգծելով, որ դրանք որեւէ դեպքում չեն կարող ստանալ եւ պիտի չստանան ամերիկյան աջակցություն, եթե այդ հանձնառությունը չհարգեն: Այսինքն, քրդերն առաջխաղացի սահման ունեն, որը հատելը արգելվում է Վաշինգտոնի կողմից: Աջակցությունը որոշ տարածքի վրա քրդական վերահսկողություն հաստատելն է, այն որ համընկնում է տարածաշրջանի վերաձեւման ընդհանուր ծրագրին: Դրանից անդին արգելվում է առաջանալ: Ներխուժման օրը ԱՄՆ-ի փոխնախագահի ժամանումը Անկարա եւ քրդական շարժումներին սահման դնելու ուղղությամբ կատարած հայտարարությունները պարզ են դարձնում նաեւ տեղի ունեցած ներխուժման ամերիկյան թույլտվությունը: Թուրքերը միաժամանակ ԻՊ-ի զինյալներին հեռացնելով Ճարաբլոսից արգելակում են նաեւ քրդական ուժերի տարածվելու գործընթացը: Փաստորեն, այստեղ է ամերիկյան եւ թուրքական շահերի կարճաժամկետ համատաղելիությունը:

Բայց այս ներխուժումը երկար կտրվածքի վրա չի կարող փարատել Անկարայի մղձավանջը: Վաշինգտոնն այս ձեւով պարզապես սահմանագծել է քրդական ներկայության հաստատման աշխարհագրությունը: Այդ չի նշանակում, որ սիրիական Քուրդիստանը դուրս կգա աշխարհաքաղաքական օրակարգից եւ չի սպառնա ավելի հեռակա ծրագրերով Թուրքիայի մասնատմանը: Եւ չի բացառված, որ ինչպես թուրքական առաջին ներխուժման փորձը, որը շատ կարճատեւ տեւողություն ունեցավ, Անկարան համաձայնվեց զինվորական առաքելություն իրականացնելուց հետո վերստին քաշվի իր սահմաններից ներս: Իհարկե, առաջին ներխուժման դեպքում տարբեր էին պայմանները, հատկապես ՌԴ-ի հետ կապված: Երբ մայիս ամսին թուրքական բանակը ընդամենը 700 մետր ներխուժեց Սիրիայի տարածք, Ռուսաստանը, որն այդ ժամանակ լարված հարաբերությունների մեջ էր Թուրքիայի հետ, անմիջապես կոշտ դիրքորոշում որդեգրեց եւ սպառնաց նրան` հայտարարելով, որ կատարվածը ագրեսիա է, միջազգային նորմերի կոպիտ խախտում։ Ուրեմն, այստեղ հասկանալիորեն կար նաեւ ռուսական համաձայնությունը: Այս գործողության դիմաց եւ դրանից առաջ Անկարան ամենաբարձր մակարդակներով բարձրաձայնել էր Սիրիայի տարածքային ամբողջականության եւ պաշտոնական Դամասկոսի հետ հարաբերություններ վերաձեռնարկելու ռուսական վարքագծի հետ հաշտ ընթացող այլ կետերի մասին: Չմոռանանք, սակայն, որ Հասաքեում քուրդ-կառավարական ուժեր բախումների զսպման գործում ռուսական գործոնը դերակատար էր. ի վերջո, քրդերը հստակ առավելություններով դուրս եկան Հասաքեի բախումներից, ամրապնդելով տարածքին իրենց վերահսկողությունը:

Մի քայլ առաջ, մի քայլ հետ այս ընդհանուր մոտեցումներում չի կարելի չնկատել Իրանի գործոնը, որն անպայման նկատի կունենա Արեւմուտքի եւ հատկապես Վաշինգտոնի հետ հարաբերությունների բնականոնացման ընդհանուր միտումները: Անկարա-Թեհրան-Մոսկվա նոր ձեւավորվող առանցքին մաս կազմելով հանդերձ , Թեհրան ոչ միայն ծանր ոճով քննադատեց Անկարային, այլ ուղղակի կասեցրեց իր տրամադրած ռազմակայանների օգտագործումը ռուսական օդուժի կողմից: Իրանի ներգրավվածությունը եւս այս բոլորին անպայման հաշվի առել եւ առնում է Վաշինգտոնի հետ իր հարաբերությունների բնականոնացումը եւ ընդունում քրդերի շարժումներին աջակցելով սահման դնելու մոտեցումը, նկատի ունենալով նաեւ Իրանում գոյություն ունեցող քուրդ ազգաբնակչության թիվը։ Բոլոր նախադրյալները ցույց են տալիս, որ Անկարան ԻՊ-ի եւ քրդերի դեմ պատերազմելով շահերի համատեղելիության կարճաժամկետ մարտավարությամբ կազմակերպել է թույլատրված ներխուժում: Ճարաբլոսի ներխուժմանը ժամանակավոր իրավիճակ ստեղծելով չի հաջողվում աշխարհաքաղաքական մակարդակի վրա առավելություն ձեռք բերել տալ Անկարային, որը փորձում է այս կերպ իրականացնել միջազգայնորեն մերժված եւ իր կողմից առաջ քաշվող անվտանգության գոտու ծրագիրը։

http://www.aravot.am/2016/08/25/729146/

© 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here