«Լաւ ֆիլմով Պէտք Է Լուրջ Հարցեր Բարձրացնել». Ջիւան Աւետիսեան

0
187

Հայաստանի ազգային կինօակադեմիան հեղինակաւոր «Օսկար» ամէնամեայ մրցանակաբաշխութեանը ֆիլմ ներկայացնելու երեք յայտ է ստացել: Կինօնկարներից մէկը՝ երիտասարդ, բայց արդէն ճանաչուած կինօռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Վերջին Բնակիչը» ֆիլմն է: Այս առիթով «Արմէնպրէս»ի թղթակից Անժելա Համբարձումեանը զրուցել է ռեժիսորի հետ:

 

ԱՆԺԵԼԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ.- Նախորդ՝ «Թեւանիկ» ֆիլմը մեծ յաջողութիւն է ունեցել, արժանացել է կինոքննադատների բարձր գնահատականին: Երբ սկսեցիք «Վերջին Բնակիչը» ֆիլմի նկարահանումները, որը նոյնպէս արցախեան պատերազմի մասին է, մտավախութիւն չկա՞ր, որ գուցէ այն չկրկնի «Թեւանիկ»ի յաջողութիւնը:

ՋԻՒԱՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ.- Բնականաբար, ամէն նոր աշխատանք սկսելիս լինում են վախեր. արդեօք կը կարողանա՞ս քայլ առաջ անել, թէ ոչ: Հիմա, երբ ֆիլմը պատրաստ է, վստահ կարող եմ ասել, որ այն յաջողուած է: Ներկայումս մենք անում ենք ամէն ինչ, որպէսզի «Վերջին Բնակիչը» ֆիլմը տարածում գտնի եւ աւելի մեծ յաղթանակներ ունենայ, քան «Թեւանիկը»: Չենք ցանկանում դոփել նոյն տեղում:

 

ԱՆԺԵԼԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ.- Ի՞նչ քայլեր էք ձեռնարկում այդ ամէնն իրականացնելու համար:

ՋԻՒԱՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ.- Համագործակցում ենք կինօարտադրութեան ոլորտում հեղինակութիւն վայելող դիստրիբիւտորների (տարածող ընկերութիւններ-Խմբ.) հետ: Նրանք երաշխաւորում են, որ «Վերջին Բնակիչը» ֆիլմը մեծ տարածում կ՛ունենայ ամբողջ աշխարհում: Այժմ աշխատում ենք ֆիլմի թարգմանութեան ուղղութեամբ: Այն պէտք է թարգմանուի ֆրանսերէն, ռուսերէն լեզուներով: Անգլերէն տարբերակն արդէն կայ:

 

ԱՆԺԵԼԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ.- Ֆիլմում ներգրաւուել են այլազգի նշանաւոր դերասաններ: Հե՞շտ էր նրանց հետ համագործակցելը:

ՋԻՒԱՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ.- Պարսիկ դերասան Հոմայուն Էրշադիի հետ աշխատելը գերագոյն հաճոյք էր: Նկարահանումների ժամանակ կարող էր ինձ հետ համաձայնութեան չգալ այս կամ այն հարցի շուրջ, բայց չէր ճնշում: Նա ինձ աջակցում էր՝ ինձ հետ համամիտ չլինելով: Դա հիանալի զգացողութիւն է: Չտեսնուած մարդ է, դերասան, ընկեր: Ամենաբարդ իրավիճակներում անգամ կարողանում էր համապատասխան բառեր գտնել քաջալերելու համար: Աշխատել ենք նաեւ յոյն եւ լիտուացի դերասանուհիների հետ, որոնք իրենց առաջ դրուած խնդիրները փայլուն են կատարել:

 

ԱՆԺԵԼԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ.- Ի՞նչ կ՛ասէք Սօս Ջանիբեկեանի մասին: «Թեւանիկ» ֆիլմում նա դրական հերոսի է մարմնաւորում, իսկ «Վերջին Բնակիչը» կինօժապաւէնում՝ բացասական: Ինչո՞ւ այդպէս…

ՋԻՒԱՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ.- Սօսը մեծ շնորհ ունեցող, տաղանդաւոր դերասան է: Իսկապէս լաւ ընկեր: Մեր համագործակցութիւնը ստացւում է: Նա մեծ հնարաւորութիւններ ունեցող արտիստ է: Ցանկացայ նրան այլ տեսանկիւնից ներկայացնել հանրութեանը: Կարող է լիարժէք մարմնաւորել ե՛ւ չար, ե՛ւ բարի, ե՛ւ տգեղ, ե՛ւ գեղեցիկ հերոսների:

 

ԱՆԺԵԼԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ.- Դուք մի շարք փառատօնների էք մասնակցել: Ի՞նչ են դրանք տալիս ռեժիսորներին:

ՋԻՒԱՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ.- Իւրաքանչիւր ստեղծագործող մարդ պէտք է մասնակցի բազում փառատօնների, շրջապատ ստեղծի, շփումներ հաստատի, ֆինանսաւորում գտնի: Ես 2008ից մասնակցում եմ փառատօնների եւ հասկանում եմ դրանց կարեւորութիւնը: Դրանք փորձի փոխանակման համար հիանալի հարթակ են ստեղծում: Պէտք է բախուել փառատօնային իրականութեանը, սովորել, պէտք է տեսնել, հասկանալ՝ ովքեր են քո մրցակիցները եւ կատարելագործուել:

 

ԱՆԺԵԼԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ.- Յայտ էք ներկայացրել Հայաստանի ազգային կինօակադեմիա, որ «Վերջին Բնակիչը» ֆիլմը ներկայացուի «Օսկար» ամէնամեայ մրցանակաբաշխութեանը: Ի՞նչ ակնկալիքներ ունէք:

ՋԻՒԱՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ.- Ֆիլմն արդէն ներկայացուած է «Golden Globe» մրցանակաբաշխութեանը, որն ասես «Օսկար»ի համար հարթակ լինի: Կարծում եմ՝ այսօր արցախեան հարցը հանրութեանը ներկայացնելու միջոցներից մէկը այդ հեղինակաւոր մրցանակաբաշխութեանը մասնակցելն է: Աշխատում ենք մի մասնագէտի հետ, ում շնորհիւ հունգարական եւ պարսկական 2 ֆիլմ «Օսկար» են շահել:

 

ԱՆԺԵԼԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ.- Համաշխարհային հանրութիւնը կ՛ընկալի՞ ֆիլմի ուղերձը:

ՋԻՒԱՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ.- Տարբեր ազգերի ներկայացուցիչներ տարբեր կերպ են ընկալում ֆիլմերը: Նրանք յաճախ այնպիսի միտք, իմաստ են գտնում օտար ֆիլմերում, որոնց մասին հեղինակները չէին էլ մտածել: Նրանք ամէն ինչ ընկալում են այն ազդակների օգնութեամբ, որոնք աւելի մօտ են իրենց: Ֆիլմը քաղաքական ուղերձ ունի, եւ մենք փորձելու ենք ուղերձը հասցնել համաշխարհային լսարանին:

 

ԱՆԺԵԼԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ.- Ֆիլմն Արցախում տեղի ունեցած իրադարձութիւնների մասին է: Արցախում ցուցադրուե՞լ է:

ՋԻՒԱՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ.- Դեռ ոչ, բայց նախատեսում ենք մեծ պրեմիերա իրականացնել: Արցախն այն վայրն է, որն ինձ դրական ազդակներ է հաղորդում: Ինձ այնտեղ սպասում են միշտ: Անկախ ամէն խնդրից՝ Արցախում ինձ լաւ եմ զգում: Հպարտանում եմ Արցախ աշխարհով:

 

ԱՆԺԵԼԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ.- Երիտասարդ ռեժիսոր էք եւ արդէն մեծ աշխատանքներ էք կատարել: Ի՞նչ խնդիրների առաջ էք կանգնել:

ՋԻՒԱՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ.- Մի անգամ կարդացի, որ երբ Չերչիլն արդէն թոշակառու էր, նրան հրաւիրում են ելոյթ ունենալ հեղինակաւոր լսարաններից մէկում: Ելոյթը լսելու են գալիս աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հետաքրքրասէրներ: Երկարատեւ լռութիւնից յետոյ Չերչիլը հետեւեալն է ասում. «Երբեք, երբեք, երբեք մի՛ յանձնուէք»: Այս խօսքերից յետոյ լքում է դահլիճը՝ զարմանքի մէջ թողնելով հանրութեանը: Մտածում եմ, որ անգամ եթէ պարտուելու ես, միեւնոյն է, չի՛ կարելի յանձնուել: Պէտք է մինչեւ վերջ գնալ թէ՛ ֆիլմ նկարահանելիս, թէ՛ պատերազմում: Աղջիկ սիրելիս էլ պէտք է գնալ մինչեւ վերջ: Կիսատ բան պէտք չէ անել: Փորձում եմ այդպէս անել. անմնացորդ եմ նուիրւում:

 

ԱՆԺԵԼԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ.- Կը խօսէ՞ք ձեր ապագայ ծրագրերի մասին:

ՋԻՒԱՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ.- Դեռ իրականութիւն չդարձած ծրագրերի մասին չեմ բարձրաձայնի, բայց նշեմ, որ շատ եմ սիրում աշխատել: Կարծում եմ՝ մարդուն ոչինչ չպիտի խանգարի հասնել նպատակներին: Ֆիլմեր եմ նկարահանում յանուն արուեստի: Լաւ ֆիլմով պէտք է լուրջ հարցեր բարձրացնել, փորձել ինչ-որ բան փոխել: Իմ ֆիլմերը կեանքի եւ սիրոյ մասին են:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here