Վարչապետի Պաշտօնին Համար ՀՀԿն Հաստատած Է Կարէն Կարապետեանի Թեկնածութիւնը

0
121

ԵՐԵՒԱՆ.– 8 Սեպտեմբերին գումարուած Հայաստանի Հանրապետական կուսակցութեան խորհուրդի նիստին համաձայնութիւն տրուած է վարչապետի պաշտօնին համար Կարէն Կարապետեանի թեկնածութեան առաջադրման: Այս մասին նիստի աւարտին լրագրողներուն հետ ունեցած զրոյցին ընթացքին յայտնած է Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւններու մնայուն յանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարեանը:

Պատասխանելով այն հարցումին, թէ նախարարներու պաշտօնանկութեան հարց քննարկուա՞ծ է՝ Զաքարեան ըսած է. «Միայն մէկ հարց է քննարկուել»:

Արտակ Զաքարեան ըսած է, որ Կարէն Կարապետեան յառաջիկային իր կատարելիք աշխատանքը կը ներկայացնէ հանրութեան։

Նիստին մասնակցած է նաեւ Յովիկ Աբրահամեանը, որ հանդէս եկած է շնորհակալական խօսքով:

Քանի մը օրէն Հայաստանի Հանրապետութիւնը պիտի նշէ իր անկախութեան 25ամեակը: Այդ ատեն երկիրը պիտի ունենայ նոր վարչապետ, որ պիտի ըլլայ անկախ Հայաստանի 14րդ վարչապետը: Նախորդ 13 վարչապետերէն ամէնէն կարճ ժամկէտով պաշտօնավարած է Արմէն Սարգսեանը, ամէնէն երկար ժամկէտով՝ Անդրանիկ Մարգարեանը:

Հայաստանի առաջին վարչապետը Վազգէն Մանուկեանն էր, որ պաշտօնավարած է 01.09.1990-30.01.1991 թուականներ, անոր յաջորդած են Գագիկ Յարութիւնեանը (22.11.1991-30.07.1992թ.թ), Խոսրով Յարութիւնեանը (01.08.1992-30.01.1993թ.թ), Հրանտ Բագրատեանը (12.02.1993-04.11.1996), Արմէն Սարգսեանը (01.11.1996-28.02.1997), Ռոբերտ Քոչարեանը (01.03.1997-28.02.1998), Արմէն Դարբինեանը (01.03.1998-30.05.1999), Վազգէն Սարգսեանը (01.06.1999-27.10.1999), Արամ Սարգսեանը (01.11.1999-30.04.2000), Անդրանիկ Մարգարեանը (12.05.2000-25.03.2007), Սերժ Սարգսեանը (04.04.2007-09.04.2008),  Տիգրան Սարգսեանը (09.04.2008-12.04.2014) եւ Յովիկ Աբրահամեանը (13.04.2014-08.09.2016):

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here