Եւ Հազարաւոր Լռութիւններ Ճիչի Կը Վերածուեն…

0
192

ՔՆԱՐ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ
մայոր

Վերջերս Երեւանում լոյս տեսաւ  յայտնի  թուրք պատմաբան, ցեղասպանագէտ, դոկտոր, փրոֆեսէօր Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. լռութիւն, ժխտում եւ ուծացում» վերնագրով գիրքը, որը 2014 թուականին թուրքերէնով հրատարակուել էր Պոլսում: Այժմ գիրքը հասանելի է նաեւ հայ  ընթերցողին` Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի աշխատակիցների ջանքերի շնորհիւ եւ «Ժիրայր Նշանեան» հիմնադրամի հովանաւորութեամբ: Գրքի թարգմանիչն է թուրքագէտ, պ. գ. թ. Մելինէ Անումեանը, իսկ խմբագիրը` Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն, հայագէտ, բ. գ. թ. Հայկազուն Ալվրցեանը: Մելինէ Անումեանի հետ «Հայ զինուոր»-ը զրուցեց գրքում բարձրացուած հարցադրումների եւ խնդիրների մասին:

ՀԱՐՑՈՒՄ.- Թաներ Աքչամի գիրքը վերնագրուած է «Հայերի բռնի իսլամացումը. լռութիւն, ժխտում եւ ուծացում»: Հեղինակն այն վերնագրել է ըստ գրքի երեք գլուխների բովանդակութեան: Խնդրում եմ, ընդհանուր գծերով ներկայացրէք դրանցում ամրագրուած կարեւոր մտքերը:

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Հայոց ցեղասպանութեան թեմայով բազմաթիւ գրքերի հեղինակ Թաներ Աքչամն այս մենագրութեան մէջ անդրադառնում է ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականութեան ազդեցութեանը թուրք հասարակութեան եւ, յատկապէս, վերջինիս` իրեն առաջադէմ համարող հատուածի վրայ: Առաջին գլխում խօսում է այն մեծ դժուարութիւնների մասին, որոնց հետ, յատկապէս Հրանդ Տինքի սպանութեանը նախորդող ժամանակաշրջանում, Թուրքիայում բախւում էր Հայոց ցեղասպանութեան հարցի անաչառ ուսումնասիրութեամբ զբաղուել փորձող իւրաքանչիւր մտաւորական: «Մի միայնութեան պատմութիւն կամ բորոտի պէս շրջել սեփական երկրում». այսպէս է նա բնորոշել իր վիճակը իր իսկ երկրում Ցեղասպանութեան հարցով զբաղուել սկսելուց յետոյ: Նա փորձում է գտնել այն հարցի պատասխանը, թէ ինչո՞ւ թուրք մտաւորականները չէին ցանկանում անդրադառնալ Հայկական հարցին, եւ ընդգծում, որ «լռութիւն պահպանելու մասին լուռ պայմանագրի» այդ ժամանակաշրջանում Մեծ եղեռնի ուսումնասիրութեամբ զբաղուող գիտնականները ենթարկւում էին ոչ միայն ազգայնամոլների եւ պետութեան սպառնալիքներին, այլեւ` իրենց առաջադէմ եւ ժողովրդավար համարող զանգուածի բացասական եւ անգամ` թշնամական վերաբերմունքին: Աքչամը գրքում շեշտում է, որ` «Հրանդ Տինքին սպաննողները պատճառ դարձան, որ հազարաւոր լռութիւններ ճիչի վերածուեն…»:

Գրքի երկրորդ մասում, որպէս առաջին գլխի տրամաբանական շարունակութիւն, Թաներ Աքչամը ներկայացնում է այն քննարկումները, որ մի քանի տարի առաջ ընթացան Թուրքիայում, երբ այստեղ տպագրուեցին օսմանեան բանակում ծառայած հայ կապիտան Սարգիս Թորոսեանի յուշերը: Վերջինիս գոյութեան փաստը բնականաբար չէր կարող ընդունելի լինել թուրք հասարակութեան համար, քանի որ պաշտօնական պատմագրութիւնը օսմանահպատակ հայերին միշտ ներկայացրել է որպէս «դաւաճանների, որոնք պատերազմի բովում հարուածել են թիկունքից»: Այնինչ Սարգիս Թորոսեանի օրինակից երեւում է, որ հայերը ոչ միայն ծառայել են օսմանեան բանակում, այլեւ սխրագործութիւններ են կատարել եւ արժանացել պատուոգրերի: Այսուհանդերձ, Թորոսեանի ընտանիքը եւս աքսորուել եւ սպաննուել է, թէեւ, ըստ օրէնքի, բանակում ծառայող հայ զինուորականների ընտանիքները ենթակայ չէին տեղահանութեան: Ինչպէս շեշտում է Աքչամը, Սարգիս Թորոսեանի վերաբերեալ Թուրքիայում ծաւալուած քննարկումների ամբողջ ընթացքում ոչ միայն ժխտւում էր հայ կապիտանի գոյութեան փաստն ընդհանրապէս, այլ նաեւ անտեսւում էր նրա ապրած ողբերգութիւնը:

Ամենածաւալուն` երրորդ գլխում, հեղինակը, հիմնուելով գրեթէ բացառապէս օսմանեան աղբիւրների եւ յատկապէս կառավարութեան կողմից շրջաններ յղուած հեռագրերի վրայ, անդրադառնում է Հայոց ցեղասպանութեան հետեւանքներից մէկը հանդիսացող կրօնափոխ հայութեան հիմնահարցին:

Հ.- Գրքում նշւում է, որ ՄԱԿ-ի` Ցեղասպանութեան մասին հռչակագրի քննարկումների առաջին փուլում Լեմքինը պնդել էր, որ «մշակութային ցեղասպանութիւն» եզրն ամրագրուի հռչակագրում, սակայն վերջնական տարբերակում այս եզրոյթը հանուել է:

Մ. Ա.- Ինչպէս Թ. Աքչամն է նշում, այնպիսի թիւր պատկերացում կայ, թէ իբր ցեղասպանութիւնն իրականացւում է զուտ ֆիզիքական ոչնչացմամբ: Այնինչ իրականում, ինչպէս դա շեշտել է նաեւ ճենոսայտ (ցեղասպանութիւն) եզրոյթը շրջանառութեան մէջ դրած Ռաֆայէլ Լեմքինը, ցեղասպանութիւնը մի որեւէ ցեղային կամ այլ խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացումն է: Եւ բոլորովին պարտադիր չէ, որ այդ բնաջնջումն իրականացուի միայն ֆիզիքապէս: Ըստ Լեմքինի,  ցեղասպանութիւն` նշանակում է մի խմբի բնաջնջմանն ուղղուած ֆիզիքական, կենսաբանական եւ մշակութային ոչնչացման միջոցների կիրառում: Մշակութային ցեղասպանութիւնը կարող է նախաքայլ համարուել ֆիզիքական բնաջնջումից առաջ: Ինչպէս նշում է Աքչամը, Լեմքինի այս առաջարկը հանուել էր Ցեղասպանութեան մասին հռչակագրի վերջնական տարբերակից, քանի որ մեծ տէրութիւնները մտավախութիւն են ունեցել, թէ կարող է մշակութային ցեղասպանութիւն համարուել նաեւ գաղութներում իրենց վարած քաղաքականութիւնը:

Հ.- Գրքում շեշտւում է նաեւ «բռնի ուծացում» եւ «բնական ուծացում» եզրերի տարբերակման կարեւորութիւնը: Ինչի՞ն է յատկապէս, ըստ ձեզ, ընթերցողի ուշադրութիւնը ուզում ուղղել թուրք պատմաբանը:

Մ. Ա.- Բռնի ուծացումը մշակութային ցեղասպանութեան մի մասն է, քանի որ վերջինս ընդգրկում է նաեւ տուեալ խմբի հոգեմտաւոր արժէքների` կրօնական ու կրթական հաստատութիւնների եւ ամբողջ մշակութային ժառանգութեան ոչնչացումը: Աքչամն ընդգծում է, որ պէտք է տարբերակում դնել նաեւ բնական ուծացման եւ բռնի ուծացման միջեւ, քանի որ բնական ձուլումի կարող է լինել երկարատեւ գործընթացի բնական հետեւանք, իսկ բռնի ուծացումը կատարւում է կարճ ժամանակահատուածում եւ միտումնաւոր կերպով:

Գրքի երրորդ գլխում հեղինակը շեշտում է, որ մինչ այժմ Հայոց ցեղասպանութեան հարցն ուսումնասիրած գիտնականներն առաւելապէս կենտրոնացել են ֆիզիքական բնաջնջման վրայ, քանի որ ընդհանրապէս ցեղասպանագիտութեան մէջ ընդունուած է որպէս ցեղասպանութեան դասական օրինակ համարել Ողջակիզումը, որի ժամանակ բռնի ուծացում գրեթէ չի կիրառուել: Այնինչ, ինչպէս նշում է ցեղասպանագէտը, անգամ Լեմքինը շեշտել է ցեղասպանութեան գլխաւոր տարրերից մէկի` բռնի ուծացման մասին: Այսպիսով, Աքչամը հայերի կրօնափոխութիւնը եւ ուծացումը դիտում է որպէս Հայոց ցեղասպանութեան կառուցուածքային տարր` միաժամանակ ընդգծելով, որ Մեծ եղեռնն իրագործուել է նաեւ մեծածաւալ ֆիզիքական բնաջնջմամբ:

Հ.- Ինչպիսի՞ արժէք եւ նշանակութիւն կարող է ունենալ Թաներ Աքչամի այս գիրքը` Հայ դատի հետապնդման տեսանկիւնից: Այսինքն գրքում ներկայացուած փաստերն ինչպէ՞ս կարող են նպաստել Հայկական հարցի արդարացի լուծմանը:

Մ. Ա.- Այս գիրքը կազմուած է գրեթէ բացառապէս օսմանեան աղբիւրների, յատկապէս այն հեռագրերի հիման վրայ, որ Ցեղասպանութեան ամբողջ ընթացքում կենտրոնական կառավարութիւնը յղել էր Օսմանեան կայսրութեան շրջաններ եւ ստացել  պատասխանները: Այս առումով, մենագրութիւնը խիստ արժէքաւոր փաստաթղթեր է պարունակում, որոնք բացայայտում են Հայոց ցեղասպանութեան եւ հայերի բռնի ուծացման համակարգուած բնոյթը: Ինչպէս նշում է Աքչամը, մասնագիտական գրականութեան մէջ կարծիք է եղել, թէ կրօնափոխութիւնը չի խրախուսուել եւ չի վերահսկուել կենտրոնական իշխանութիւնների կողմից, այլ միայն կատարուել է տուեալ շրջանի կառավարչի քմահաճոյքով կամ նրա «բարեհաճութեամբ»: Այնինչ, սոյն հեռագրերն ակնյայտօրէն ցոյց են տալիս, որ երիտթուրք իշխանաւորները եւ յատկապէս Թալէաթը լիովին վերահսկել են կրօնափոխութեան ամբողջ գործընթացը` ժամանակ առ ժամանակ թոյլ չտալով, որ կրօնափոխ հայերը մնան իրենց բնակավայրերում, քանի որ իթթիհատականների նպատակը եղել է հայերի որպէս ժողովուրդ ի սպառ ոչնչացումը: Աքչամն առանձին ենթագլխում անդրադառնում է նաեւ հայ երեխաների եւ կանանց բռնի ուծացման քաղաքականութեանը` ընդգծելով, որ երիտթուրքերը հեռագրերում նշել են, որ այդ մանուկները ծնողազուրկ են դառնալու, եւ հարկ է նրանց ցրել որբանոցներում կամ մահմետականների տներում` դաստիարակելով ըստ իսլամաթուրքական մշակոյթի: Հեղինակը շեշտում է այս հարցում առկայ եւ ցեղասպանագիտութեան համար խիստ էական դիտաւորութեան փաստը, այսինքն երիտթուրքերը փաստօրէն  շատ լաւ գիտէին, որ հայերին ստոյգ մահուան են ուղարկում: Յայտնի թուրք ցեղասպանագէտ Թաներ Աքչամը բռնի ուծացումը եւ կրօնափոխութեան դէպքերը համարում է Հայոց ցեղասպանութեան կառուցուածքային տարրերից մէկը եւ իսլամացումը բացարձակապէս չի դիտում որպէս «փրկութիւն»: Նա նաեւ ընդգծում է, որ բռնի ուծացման ենթարկուած հայ կանայք ու երեխաները եւս ոչնչացուել են` որպէս էթնոս, եւ եթէ փրկուել էլ են, ապա` զուտ ֆիզիքապէս…

«Հայ զինուոր»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here