Թուրքիայի Հայկական Դպրոցների Խնդիրներն Այսօր

0
384

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՔԱԼՖԱՅԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ ԱՌԼԵՏ ՋԻԴԻՒԶԵՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ

Առլետ Ինջիդիւզենը Ստամբուլի Քալֆայեան վարժարանի հայոց լեզուի ուսուցչուհիներից է: Նրա հետ զրուցեցինք Ստամբուլի հայ համայնքի առանցքային խնդիրների՝ Թուրքիայում հայկական դպրոցների գոյատեւման պայքարի, հայեցի կրթութեան եւ հայապահպանութեան հարցում ունեցած դժուարութիւնների ու պատրիարքարան-համայնք օրէցօր սր-ուող յարաբերութիւնների մասին: Նրա խօսքով՝ Թուրքիայի հայ համայնքը ներկայ փուլում կանգնած է մեծ մարտահրաւէրների առաջ:
ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ.- Ներկայ պահին Կ. Պոլսի հայ համայնքի վարժարանների ամենամեծ խնդիրներից մէկն աշակերտների նօսր թիւն է: Քանի՞ աշակերտ ունի Քալֆայեան վարժարանը:

ԱՌԼԵՏ ԻՆՋԻԴԻՒԶԵՆ.- Անցեալ տարի 57-59 աշակերտ ունէինք: 9 շրջանաւարտ ենք ունեցել: Մեր աշակերտների կէսից աւելին գիշերօթիկի սաներ են, որոնք գալիս են հիմնականում Ադըեամանի Քեահթայի շրջանից եւ ծպտեալ քրիստոնեայ ընտանիքների զաւակներ են: Ծնողները նրանց ուղարկում են Ստամբուլ՝ հայկական համայնքին աւելի մօտ լինելու եւ հայերէն սովորելու համար: Քանի որ այս երեխաների ընտանիքները հեռւում են, նրանք գիշերում են դպրոցի շէնքում: Հիմնականում թուրքական անուններ են կրում, որպէսզի իրենց ծննդավայրում չբացայայտուի իրենց հայ լինելը: Սկզբում ծպտեալ հայ ընտանիքները զգուշանում էին իրենց երեխաներին Ստամբուլ ուղարկելու հարցում: Սակայն մէկը երբ գալիս է, սկսում է ինտեգրուել համայնքին, դրական զգացումներով է տուն վերադառնում, յաջորդ տարի իր օրինակին է հետեւում քոյրը, ընկերուհին, ազգականը, եւ այդպէս շարունակ… Միասին լինելը կարեւոր է, հիմնականում մենակ մնալու զգացումն է վանում այս հայերին:

 

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ.- Ունէ՞ք Հայաստանից եկած աշակերտներ:

ԱՌԼԵՏ ԻՆՋԻԴԻՒԶԵՆ.- Այո, ունենք աշակերտներ, որոնք հայաստանցի ներգաղթեալների երեխաներ են: Նրանց մի մասի ծնողներն օրինական կերպով են այստեղ գտնւում, ունեն օրինական փաստաթղթեր, մի մասն էլ դեռ փախստականի կարգավիճակով է: Նրանց երեխաներին էլ ենք ընդունում՝ առանց պաշտօնապէս գրանցելու: Օրէնքից դուրս է, բայց աչք ենք փակում, որպէսզի երեխաները կրթուելու իրենց իրաւունքից չզրկուեն: Մենք մեր մէջ խնդիր չենք ունենում:

 

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ.- Եւս մի մեծ խնդիր է հայ երեխաների՝ Թուրքիայում հայերէնը որպէս առօրեայ լեզու օգտագործել չկարողանալը:

ԱՌԼԵՏ ԻՆՋԻԴԻՒԶԵՆ.- Իմ կարծիքով՝ Թուրքիայում մեր համայնքի ամենամեծ խնդիրը հէնց մեր լեզուի ու մեր ինքնութեան կենդանի յարաբերութեան բացակայութիւնն է: Սա նոր խնդիր չէ: Մայրս 45 տարուայ ուսուցչուհի է, Սեմիրջեան վարժարանի տնօրէնուհին է եղել երկար տարիներ: Կարելի է ասել՝ ծնուել եմ այս խնդրի մէջ: Սովորում ենք, բայց մեր սովորածը գործնականում կիրառելու շատ տեղեր չունենք: Սա վերաբերւում է նաեւ Սփիւռքի համայնքներին եւ, առհասարակ, Հայաստանից դուրս ապրող բոլոր հայերին: Մենք չենք կարող խանութ իջնել ու հայերէնով հաց ուզել՝ ո՛չ Ստամբուլում, ո՛չ էլ Ֆրանսիայում:

Լուսահոգի Շնորք պատրիարքը 1980ականներին մեր պատմական շրջաններից, ամենախուլ գիւղերից հաւաքեց իսլամացուած հայ մանուկներին, բերեց Կ. Պոլսի վարժարանները, այդ երեխաների վրայ համայնքը հզօր ճնշում գործադրեց, եւ նրանք շատ լաւ հայախօս սերունդ դարձան: Բայց նրանց յաջորդող սերունդը, որն արդէն ունէր այդ պայմանները, ճիշդ չօգտագործեց այդ հնարաւորութիւնը: Գիտե՞ս ինչու նոյն կերպ չջանացին: Որովհետեւ նոյն կարօտը չունէին եւ անհրաժեշտութիւնը չզգացին:

Հիմա պատկերացրու՝ իմ աշակերտներից առնուազն 30ը գալիս են Թուրքիայի հեռաւոր շրջաններից, 8 ամիս ընտանիքից առանձին մնում են գիշերօթիկում հայերէն սովորելու համար, տանում մկր-տում ենք, հայերէնի դասեր ենք անցկացնում: Յանկարծ եթէ հետս թուրքերէն խօսի՝ չեմ պատասխանում: Ասում եմ. «Մայրիկիդ չկարօտեցի՞ր, անկողինդ չկարօտեցի՞ր»: Ասում է. «Այո, օրիորդ Առլետ, շատ կարօտեցի»: Ես էլ պատասխանում եմ. «Այդ դէպքում ինչո՞ւ ես այստեղ: Կարօտե՞լ ես, գնա տուն, ձեր քաղաքում պետական թուրքական դպրոց կայ: Բայց ոչ, հայկական վարժարանի եւ եկեղեցու համար ես եկել Ստամբուլ»:

Տալիս եմ իրենց գրած փոքրիկ քառեակները տպագրում են հայկական թերթերում, առանձնացնում եմ, ասում եմ. «Տար, մայրիկիդ համար կարդայ»: Կարեւոր չէ, թէ ինչ կը լինի, կարեւորը զգացումն է, որ կապ հաստատուի, կենդանի, կիրառուող լեզուի կարգավիճակի մէջ մտնի: Զգան, որ հայերէնը միայն 2-3 ժամանոց դաս չէ: Տեսէք, ասում ենք՝ մայրենի: Այս երեխաների մայրերն այս լեզուն չգիտեն: Իրենց մեծ մայրերն են (տատերը) իմացել, նրանք էլ արդէն չկան: Անգլերէնն աւելի մօտ են զգում իրենց, քանի որ առօրեայում կիրառում են, համացանցում, տեխնիկայի անուանումներում եւ այլն: Այս աշակերտներին անպայման պէտք է Հայաստան բերել: Բայց վարժարանն այդ միջոցները չունի:

 

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ.- Կարո՞ղ ենք ասել, որ Ստամբուլի հայկական դպրոցների բարձր վարձավճարներն արդիւնքն են այս վարժարանների ունեցած ֆինանսական խնդիրների:

ԱՌԼԵՏ ԻՆՋԻԴԻՒԶԵՆ.- Այո: Ուսման վարձը բաւականին թանկ է: Մէկ երեխայի համար ուսման վարձը միջինը կարող ենք հաշուել տարեկան մօտ 3500 ԱՄՆ դոլար: Թէեւ տարբեր դպրոցներում գները տատանւում են:

Վարժարաններում տարուայ մէջ մի քանի անգամ «Սիրոյ սեղան» են պատրաստում եւ բարեգործական ընթրիք կազմակերպում: Մենք անգամ ունենք բարերարներ, որոնք իրենք չունեն մեծ ֆինանսական հնարաւորութիւններ, բայց ամէն կերպ ջանում են մեր կողքին լինել: Օրինակ՝ մի կին կայ, որ ամէն անգամ իր ձեռքով պատրաստած մանթըն է (Կեսարիայի հայերի աւանդական ուտեստը) բերում գիշերօթիկի երեխաների համար: Այսինքն՝ համայնքը մեր կողքին է եւ ոչ միայն նիւթական ձեւով:

Մենք Թուրքիայում մեր երեխաներին եթէ կարողանանք հայ պահել, ապա այդ ուսումնական 12 տարուայ մէջ պէտք է անենք: Եթէ այդ ընթացքում չյաջողեցիր, ուրեմն այդ երեխան կորաւ, ձուլուեց: Որովհետեւ դպրոցից յետոյ անցնում են համալսարան, աշխատանքային կեանք, որտեղ արդէն օտարների հետ են շփւում: Համալսարանում մեր ֆակուլտետում 3000 ուսանող կար, երկուսս էինք հայ: Եթէ մինչ այդ հիմքը չդրուի՝ ամէն ինչ կորած է: Այ սրա համար Ստամբուլի հայութեան համար հայկական դպրոցն այդքան կարեւոր է:

Ֆինանսական առումով մի փոքր անհաւասարութիւն կայ վարժարանների միջեւ: Ներկայ պահին Կ. Պոլսի համայնքի խնդիրներից մէկն էլ այն է, որ ամէն վարժարան, ամէն հաստատութիւն իր խնդիրներն առանձին է լուծում: Օրինակ՝ Եսայեան վարժարանի կամ Սուրբ Փրկիչ հիւանդանոցի ֆինանսական հնարաւորութիւնները բաւականին մեծ են, բայց միւս հաստատութիւնները դրանից օգտուել չեն կարողանում, այդ կապը չկայ:

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ.- Իսկ պատրիարքարանը չի՞ աջակցում:

ԱՌԼԵՏ ԻՆՋԻԴԻՒԶԵՆ.- Պատրիարքարանը շատ է հեռացել իր ժողովրդից: Որովհետեւ Արամ Աթէշեանը համայնքի կողմից ընտրուած անձ չէ նախեւառաջ: Նա փոխպատրիարքն է: Ինչպէս գիտէք, պատրիարք Մութաֆեանը վատառողջ է: Մեր համայնքի պատմութեան մէջ առաջին անգամ փոխպատրիարք կոչուածն առաջ եկաւ՝ պետութեան միջամտութեամբ: Այո, պատրիարք Մութաֆեանից էլ դժգոհութիւններ ունէինք, բայց նա մեր ընտրածն էր ու բաւականին մեծ տոկոսով ընտրուած պատրիարք էր: Դա կարեւոր է:

Լօզանի վեհաժողովից ի վեր մենք Թուրքիայի տարածքում քաղաքական ներկայացուցիչներ, կուսակցութիւններ չունենք: Մենք ընտրում ենք պատրիարք, մենք որեւէ խնդիր ունենալուն պէս գնում ու թակում ենք պատրիարքարանի դուռը: Հիմա մենք ինչպէ՞ս գնանք մէկի դուռը, ում մենք չենք ընտրել: Կամ ինչպէ՞ս պիտի վստահենք մէկին, ով պետութեան ձեռքով է այդ աթոռին յայտնուել: Հասկանո՞ւմ էք, վստահութիւն չունենք, հոգեւոր կապն է կտր-ուել:

Ես Ստամբուլում եկեղեցու բակում եմ մօտեցել, յիշում եմ, որ մեր քահանան գալիս ու մեզ միշտ կոնֆետ էր տալիս: Անգամ կոնֆետի գոյնն եմ յիշում: Այդ յարաբերութիւնը, շփումը, վստահութիւնը կար համայնքի ու հոգեւորականի միջեւ: Իսկ հիմա դա չկայ: Սա շատ վտանգաւոր միտում է, քանի որ մահմեդական երկրում եկեղեցու գործօնը ոչ այնքան կրօնն է, որքան ազգապահպանութիւնը: Եկեղեցու եւ համայնքի միջեւ կապերի թուլացումը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ մեր համայնքի համար:

 

Յ. Գ.- Քալֆայեան վարժարանի պատմութիւնից

Քալֆայեան վարժարանն ունի շուրջ 150 տարուայ պատմութիւն: Այն հիմնադրուել է Ներսէս վարժապետի եւ Սրբուհի Քալֆայեան մայրապետի ջանքերով, ինչպէս Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի արխիւներում է նշւում՝ հիմնադրուել է «հայ որբերի կրթութեան եւ ապահովութեան համար»:

Քալֆայեան վարժարանը Կ. Պոլսի հայ համայնքին պատկանող 4 հաստատութիւններից մէկն է՝ Սուրբ Փրկիչ հիւանդանոցի, Կարագէօզեան եւ Ազգային վարժարանների հետ միասին (Ստամբուլում գործող միւս 13 հայկական վարժարանները մասնաւոր են), այս կարգավիճակն իրաւունք է տալիս վարժարանի անձնակազմին իրենց ձայնն օգատգործել համայնքային ընտրութիւններում:

2000ականների սկզբին, երբ Ուսքիւդար թաղամասում, որտեղ գտնւում է Քալֆայեան վարժարանը, հայ համայնքն աւելի նօսրացաւ, որոշում կայացուեց, որ թաղամասի չորս հայկական վարժարաններից առաւել կարեւոր է Քալֆայեանի դերը, եւ Ուսքիւդարի Ներսէսեան, Երմոնեան, Սեմիրջեան վարժարանների փակուելուց յետոյ բոլոր աշակերտներին տեղափոխեցին Քալֆայեան: Սակայն քանի որ Քալֆայեան վարժարանն ունէր ոչ այնքան լաւ շէնքային պայմաններ, վարժարանի ամբողջ անձնակազմը տեղափոխուեց յայտնի Բալեան ընտանիքի կառուցած Սեմիրջեան վարժարանի շէնք՝ պահպանելով Քալֆայեան անունը:

 

«ԹԵՐԹ»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here