Տարեվերջին Պետական Պարտքը Պիտի Մօտենայ 6 Միլիառ Տոլարի

0
147

ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն», «Արմէնփրէս».- 4 Հոկտեմբերին Հայաստանի պետական պիւտճէին մասին լրագրողներու հետ զրուցած է երկու շաբաթէ ի վեր ելեւմուտքի նախարարի պաշտօնը ստանձնած Վարդան Արամեան, որ յայտնած է, թէ մինչեւ տարեվերջ Հայաստանի պետական պարտքը պիտի մօտենայ աննախադէպ՝ 6 միլիառ տոլարի սահմանին, իսկ արտաքին պարտքը պիտի կազմէ 4.4 միլիառ տոլար։

«Յաճախ է հնչում այն հարցը, թէ որն է ՀՆԱի նկատմամբ պարտքի ընդունելի շեմը: Ասեմ, որ 60 տոկոսն ընդունուած մակարդակ է, սակայն բոլորովին պարտադիր չէ, որ այդ շեմն անցնես ու ունենաս խիստ վտանգաւոր իրավիճակ: Կարեւոր է պարտքի կառուցուածքը: Մեր պարտքի գերակշիռ մասն արտօնեալ պայմաններով է: Երկրները պարտքի հետ կապուած խնդիրներ ունենում են, երբ իրենց պարտքի մեծ մասը կապիտալի շուկայում են թողարկած լինում: Այստեղ շատ կարեւոր են նաեւ տնտեսական աճի ցուցանիշները, եթէ երկիրն անընդմէջ տնտեսական աճի բացասական ցուցանիշ է ունենում, ապա նոյնիսկ պարտքի շեմի ցածր մակարդակը կարող է ազդակ լինել արտաքին ներդրողներին, որ յետ քաշեն գումարները: Այս պարագայում ես չեմ կարծում, որ մենք ունենք պարտքի անկառավարելի մակարդակ», ըսած է նախարարը:

«Եթէ տարուայ վերջին, պետական պարտքը մօտենայ 6 միլիարդ դոլարին, ապա ստացւում է, որ միայն այս տարի իշխանութիւնները Հայաստանի քաղաքացիների անունից շուրջ 1 միլիարդ դոլար վարկ են վերցրել», յայտնած է Վարդան Արամեան։

Նախարարը նաեւ յայտարարած է, որ երկու տարի շարունակ՝ Յովիկ Աբրահամեանի վարչապետութեան օրօք, 2014-2015 թուականներուն, Հայաստանի տնտեսութիւնը «շոք» ապրած է, սակայն, փաստօրէն, նախորդ կառավարութիւնը լռած է այս գծով, թէեւ Կարէն Կարապետեանի կառավարութեան անդամներուն մեծ մասը նախորդ կառավարութեան կազմին մէջ էին:

«Մեր տնտեսութեան համար, որպէսզի մենք կարողանանք բարելաւենք մեր սոցիալական ցուցանիշները, առնուազն մենք պէտք է ունենանք 4ից 4.5 տոկոս տնտեսական աճ: Դրանից բարձր տնտեսական աճը, բնականաբար, տանելու է նրան, որ մենք աւելի արագ ենք գնալու բարելաւման: Դրա համար այս տարիները ես կը կոչէի, որ սա կայունութեան տարի է, երկու տարի մենք ունեցանք շոկ, շոկից յետոյ պէտք է վերականգնել, դա էլ լինելու է 2017 թուականը, դրանից յետոյ ես կարծում եմ, մենք կը կարողանանք աւելի բարձր աճերով գնալ», յայտնած է նախարարը:

Ան նաեւ աւելցուցած է, որ կառավարութիւնը կը նախատեսէ կրճատումներ կատարել քանի մը ուղղութիւններով:

«Ասեմ, որ շուրջ 6 մլրդ. դրամի կրճատում է նախատեսուած սուբսիդիաներից: Դա կապուած է նրա հետ, որ կնքուելու է նոր վարձակալական պայմանագիր ջրի ոլորտում գործող օպերատորի հետ: Դրանից բացի, 4 մլրդ. դրամի չափով կրճատում կ՛ունենանք պետական ապարատի պահպանման մասով: 1.2 միլիարդի չափով գիւղատնտեսութեան ոլորտից կրճատում կը լինի: Մենք ուժեղացնելու ենք ծրագրային բիւջետաւորման գաղափարախօսութիւնը: Դուք արդէն տեսաք առաջին ազդակը վարչապետի կողմից: Յանձնարարական իջեցուեց բոլորին, այդ թւում, ֆինանսների նախարարութեանը: Պէտք է հիմնաւորել, թէ ծախսող միաւորին տրամադրուող գումարը որքանով է արդարացուած, որքանով է այն տնտեսութեան մէջ ստեղծում աւելացուած արժէք», ըսած է նախարարը: Ան անդրադարձած է պետական պարտքին վերաբերող հարցերուն՝ ներկայացնելով որոշ ցուցանիշներ:

Ըստ Վարդան Արամեանի՝ 2017 թուականի Հայաստանի պետական պիւտճէով կենսաթոշակներու եւ նպաստներու բարձրացում չէ նախատեսուած։

«2017 թուականի բիւջէի նախագծում պահպանողական մօտեցում է դրուած: Շատ դժուար է նայել կենսաթոշակառուի աչքերին ու ասել, որ կենսաթոշակի բարձրացում չի նախատեսւում, սակայն միւս կողմից էլ ճիշդ չի լինի պարտք վերցնելն ու բարձրացնել կենսաթոշակները: Դրա համար նախընտրում ենք նախ տնտեսութիւնն առողջացնելը, որից յետոյ նոր անդրադարձ կը լինի կենսաթոշկների բարձրացմանը», դիտել տուած է նախարարը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here