ՏՏ ոլորտում ներդրման համար Լուի Պուզանն արժանացավ ՀՀ Նախագահի մրցանակին

0
134

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2016 թվականի Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացավ համացանցի ստեղծողներից մեկը, Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզանը:  «Մենք յուրահատուկ ուշադրություն ենք դարձնում բարձր տեխնոլոգիական մշակումների, նորարարական գործունեության եւ գիտական-ինովացիոն հենÖ �ով տնտեսության զարգացման խնդիրներին եւ այս տեսանկյունից կարեւորում ենք պետական եւ մասնավոր հատվածների համագործակցությամբ իրականացվող ծրագրերը: Համոզված եմ, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պարգեւը կբարձրացնի Հայաստանի վարկանիշը` որպես ՏՏ ոլորտը տնտեսության զարգացման գերակա ճյուղ հայտարարած երկրի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքում՝ մեջբերված միջոցառման մամուլի հաղորդագրությունում:

Մրցանակաբաշխության կամկոմիտեի նախագահ Արմեն Գեւորգյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ մրցանակաբաշխությունը դարձել է բարի եւ կարեւոր ավանդույթ, բոլոր մրցանակակիրներն էլ Հայաստանի բարի եւ լավ բարեկամները: «Կանցնեն տարիներ եւ այս պատվավոր մրցանակը ստանալու համար Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող լեգենդներ, որոնք մեր երկրի վարկանիշը կբարձրացնեն, որպես գիտելիքին ապավինող երկիր»,-ասաց նա:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանը ուրախությամբ նշեց, որ պահպանվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի պարգեւի բարձր նշաձողը: «Այս մրցանակին ամեն տարի արժանանում են այնպիսի մարդիկ, ովքեր Նոբելյան մրցանակի իրական հավակնորդներ են»,-նշեց Մորոյանը:

2009 թվականի հուլիսի 6-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի հիմնադրման վերաբերյալ համաձայնագիրը:

Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել պատմության ընթացքի մեջ:

Մրցանակը բաղկացած է Հայաստանը եւ բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից, դիպլոմից եւ հուշախորհրդանիշից:

2016 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացած  Լուի Պուզանը ծնվել է Ֆրանսիայում: Նա միջազգային համբավ է ձեռք բերել որպես համակարգչային հաղորդագրության եւ ցանցային տեխնիկայի փորձագետ: Լուի Պուզանը համացանցի եւ համաշխարհային սարդոստայնի հինգ նախահայրերից մեկն է, ով պարգեւատրվել է Էլիզաբեթ թագուհու 1-ին մրցանակով ճարտարագիտության համար:

 

 

 
http://armenpress.am/arm/news/865746/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here