Ֆրանսիացի հայագետը 6 տարի տրամադրել է «Մատյան ողբերգության» ֆրանսերեն թարգմանությանը

0
126

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի նշանավոր հայագետ, բանասեր եւ պատմաբան Ժան-Պիեր Մահեի համոզմամբ՝  հայերենի եւ ֆրանսերենի միջեւ կան նմանություններ, ինչն օգնում է ավելի հեշտությամբ կատարել թարգմանությունները: Ֆրանսիացի հայագետը 6 տարվա ընթացքում ֆրանսերեն է թարգմանել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատությունը:

«Առաջին անգամ Հայաստանում եղել եմ դեռեւս քառասուն տարի առաջ: Դրանից հետո սկսեցի ուսումնասիրել Նարեկացուն: Այն ժամանակ արդեն ֆրանսերեն թարգմանություն կար, ծանոթացել էի նրան մի քիչ, բայց ինչքան էլ ճշգրիտ էր, դա  Նարեկի համը չէր տալիս: Բանաստեղծ Ռուբեն Մելիքն ուզեց, որ նոր թարգմանություն սկսեմ: Ճիշտն ասած, սկսեցի թերահավատորեն՝ մտածելով, որ չարժե արդեն թարգմանվածից հետո նորից թարգմանել: Եվ թեպետ հրապուրվում էի Նարեկի կերտողությամբ, բայց բուն իմաստը չէի հասկանում: Դա տեւեց մինչեւ այն օրը, երբ կարդացի Հրաչյա Թամրազյանի առաջին հոդվածն երը: Նարեկը միանգամից նկատեցի եւ ոչ թե երկնքից ընկած մի ասուպ, այլ Միջնադարյան Հայաստանում ծնված եւ Նարեկավանքում դաստիարակված մի պատմական անձնավորություն»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ֆրանսիացի հայագետը:

Հայագետը հայերեն սկսել է սովորել իր հայրենիքում՝ Ֆրանսիայում:

«Առհասարակ այն, որ երկու լեզուներում շեշտերն ընկնում են ամեն մի բառի վերջին վանկի վրա, զգում ենք բանաստեղծական բնագիր թարգմանելիս, եւ դա շատ է օգնում ռիթմը գտնելու համար: Եթե կարդանք հայերերով մի տաղ, լսենք շեշտերը,  այդ նույնը  պետք է կրկնենք ֆրանսերենում՝ օգտվելով բառերից, որոնք նմանապես վերջին վանկում շեշտադրված են»,-եզրափակեց  Ժան-Պիեր Մահեն:
http://armenpress.am/arm/news/865708/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here