Մեզ համար անչափ կարեւոր էր Մարտական Ուխտի Արքայազնի այցը Հայաստան. ՀՀ-ում Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպան

0
162

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս պետական այցով Հայաստանում  էր Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն Ֆրա Մեթյու Ֆեսթինգն իր պատվիրակության հետ: Նրա այցի արդյունքների, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի եւ Հայաստանի հետագա համագործակցության վերաբերյալ «Արմենպրես»ը զրուցեց Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի դեսպան ԺանՄիշել Ուղուրլյանի հետ:

Պրն Ուղուրլյան, ի՞նչ տպավորություններ ունեք այս այցից, ի՞նչ տվեց այն երկու կողմերին:

-Սա Մալթայի Ուխտի 900-ամյա պատմության մեջ առաջին անգամ էր, որ Մարտական Ուխտի Արքայազնը այցելեց Հայաստան, ինչը մեզ համար անչափ կարեւոր էր: Նախեւառաջ, հենց Արքայազնն էլ շատ ուրախ եւ գոհ էր ընդունելությունից: Նա շատ էր տպավորվել Հայաստանով եւ ցանկություն է հայտնել ընդլայնելու Հայաստանի հետ համագործակցությունը, զարգացնելու հարաբերությունները, որպեսզի փորձենք ավելի շատ աջակցություն ցուցաբերել այն կառույցներին (լսողության խնդիրներ ունեցող երեխաների դպրոց, «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողÕ �արան եւ այլն), որոնց հետ մենք աշխատում ենք այստեղ: Մենք մատակարարում ենք հիվանդանոցներին մահճակալներ հնարավորության սահմաններում. օրինակ՝ նախորդ տարի 50 մահճակալ էինք տրամադրել Էջմիածնի եւ Գավառի հիվանդանոցներին: Արքայազնը նաեւ շատ տպավորվել էր Ցեղասպանության հուշահամալիր իր այցելությամբ: Նա ասել է, որ այս այցից հետո ավելի լավ է գիտակցում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված վայրագությունները:

 

Իսկ ի՞նչ է իրենից ենթադրում համագործակցության ընդլայնումը, համագործակցության շրջանակում հետագայում ի՞նչ է սպասվում:

-Կարեւոր ձեռքբերումն այն է, որ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ պայմանավորվածություն է եղել նոր ծրագիր սկսելու վերաբերյալ:  Մենք Հայաստան ենք ուղարկելու մասնագետների հատուկ թիմ, որպեսզի ուսումնասիրվի ծննդի պահին երեխաների մահացության դեպքերը նվազեցնելու հավանականությունը, ինչպես դա կարելի է անել: Մենք հաջողությամբ իրականացրել ենք նման ծրագիր Պաղեստինում, այնտեղ դեպքերը նվազեցրել 2.9 տոկոսով: Այն իրենից ներկայացնում է մի ծրագիր, որի շրջանակում մայրերը պետք է հետազոտություն անցնեն ավելի վաղ, օրինակ՝ շաքարային դիաբ ետ ունեցողները  պետք է նախապես մանրակրկիտ հետազոտություն անցնեն, որպեսզի կանխվեն երեխայի մահացության դեպքերը ծննդի պահին: Հայաստան է ժամանելու Իտալիայի մեր գլխավոր գինեկոլոգն իր թիմի հետ: Մենք կշրջենք եւ կգնահատենք ընդհանուր իրավիճակը: Հնարավոր է նաեւ, որ անգլիացի բարձրակարգ մասնագետների էլ ուղարկենք, ովքեր կզբաղվեն լսողության խնդիրներ ունեցող երեխաներին աջակցությամբ. հետազոտեն, տեսնեն՝ արդյոք ինչ-որ սարքավորման կամ վիրահատության կարիք կա՞:

 

Պրն Ուղուրլյան, նշեցիք մասնագետների մասին, իսկ ակնկալվու՞մ է նաեւ նոր սարքավորումների տրամադրում:

-Մենք կբերենք մասնագետների, հետո կտեսնենք՝ ինչ տեսակի սարքավորումների անհրաժեշտություն կա այստեղ, եւ, հնարավոր է, ի վերջո կարողանանք սարքավորումներ ուղարկել: Սակայն ինչքան սարքավորումները նորագույն լինեն, այնքան ավելի դժվար կլինի, քանի որ գիտեք, թե դրանք որքան թանկ են, բացի դրանից՝ նաեւ համապատասխան մասնագետներ պետք է լինեն, ովքեր հասկանում են այդ սարքավորումներից:  Բժշկությունն այնքան առաջ է գնացել, այն բավականին բարդ է:  Գիտեք նաեւ, որ այսօր շատ մեծ ճգնաժամ է տիրում ամբողջ աշխարհում, եւ աջակցության համար գումար հայթայթելն այնքÕ �ն էլ հեշտ չէ: Սա  երկարաժամկետ գործընթաց է, եւ քայլ առ քայլ պետք է հասնենք դրան:

Իր այցի շրջանակում անդրադառնալով Ցեղասպանության հարցին՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում Արքայազնը միտք էր արտահայտել, թե պետք չէ նախնիների արարքների համար մեղադրել այժմյան Թուրքիային, ցանկալի կլիներ Ձեր կարծիքն իմանալ այս հարցի վերաբերյալ:

-Նախ՝ ուզում եմ ասել, որ մենք չենք միջամտում քաղաքականությանը, հիմնականում բարեգործական գործունեություն ենք իրականացնում: Անչափ կարեւոր է Ցեղասպանության ընդունումը, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է ատենք այժմյան թուրքերին, կարծում եմ՝ նա դա է նկատի ունեցել: Դա  էլ իր հերթին չի նշանակում, որ թուրքերը չպետք է ընդունեն այդ փաստը: Ինձ համար դա շատ զգայուն թեմա է, քանի որ իմ ընտանիքը նույնպես դարձել է Ցեղասպանության զոհ, պապս խաչվել է, մի մորաքույրս գլխատվել, իսկ մյուսին որպես ստրկուհի հանձնել են թուրքական մի ընտանիքի: Կարծում եմ՝ արÕ �արությունը պետք է վերականգնվի, Ցեղասպանությունը պետք է ճանաչվի, սակայն դրանից հետո մենք պետք է փորձենք նորմալ հարաբերություններ ունենալ նրանց հետ: Բայց դա այն բանից հետո միայն, երբ նրանք ընդունեն իրենց նախնիների մեղքերը: Ինչ խոսք, նորմալ հարաբերությունները նաեւ կնպաստեն երկրի տնտեսության զարգացմանը, սակայն դա հնարավոր չէ, քանի դեռ նրանք չեն ընդունել Ցեղասպանությունը: Կարծես թե դեռ հեռու ենք այդ օրվանից:

 

Մալթայի Ուխտը գործունեություն է իրականացնում պատերազմական գոտիներում, օրինակ՝ աջակցություն է ցուցաբերում տարբեր երկրների փախստականներին: Իսկ ի՞նչ կասեք Արցախի վերաբերյալ, որտեղ նույնպես իրավիճակը լարված է՝ հատկապես վերջին ապրիլյան դեպքերից հետո: Արդյո՞ք կան ինչոր ծրագրեր՝ կապված Արցախի հետ:

-Ես նման տեղեկություն չունեմ, միգուցե որոշ կամավորների կամ բժիշկների ուղարկեն այնտեղ, սակայն ես ոչինչ ասել չեմ կարող:

Արդեն մի քանի տարի  Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի դեսպանն եք, Ձեր դիտարկմամբ՝ որո՞նք են մեր երկրում առկա հիմնական խնդիրները, որոնք միանգամից տեսանելի են դառնում:

-Ես չեմ կարող դատել խնդիրների կամ առաջխաղացման մասին: Երեք երկիր կա, որոնք ես սիրում եմ եւ որտեղ ապրում, Հայաստանը, Ֆրանսիան եւ Լիբանանը:  Երեքն էլ ունեն նույն խնդիրը՝ ավելի լավ աշխատանք գտնելու համար երիտասարդությունը լքում է երկիրը՝ նախընտրելով ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան: Դե, Հայաստանից շատերը գնում են նաեւ Ռուսաստան: Շատ տխուր է տեսնել, որ նրանք հեռանում են՝ Հայաստանում մնալու եւ այն կառուցելու փոխարեն:  Սա, իմ կարծիքով, մեծ խնդիր է. եթե երիտասարդն ասում է՝ գնում եմ արտերկիր ավելի լավ ապագա ստեղծելու համար, այստեղ ինչ անեմ, դու չես կարող ասել՝ մի գնա: Սա, թերեւս, հենց աշխատատեղերի խնդիրն է, ինչը, հավանաբար, պայմանավորված է տարբեր գործոններով՝ տնտեսական վիճակ, փակ սահմաններ, պատերազմական իրավիճակ եւ այլն:

Հարցազրույցը վարեց Սյուզի Մուրադյանը
http://armenpress.am/arm/news/865897/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here