Դավիթ Հարությունյանը պատասխանել է Լևոն Զուրաբյանի հայտարարությանը

0
136

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե իշխանությունները ցանկանում են հրաժարվել 2017թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու, ընտրական գործընթացը տեսանկարահանելու և ուղիղ հեռար ձակում ապահովելու մասին պայմանավորվածությունից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանը խորհուրդ տվեց նախ Լևոն Զուրաբյանից ճշտել, թե ո՞վ է նման բան ասել: «Ես կարծում եմ, որ դուք պետք է փորձեք Լևոն Զուրաբյանից ճշտել, թե ինչ է նա նկատի ունեցել և ով է նման բան ասել: Ես փորձել եմ պարզել, հիմա էլ դու փորձեք»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը:

Հարցին, թե բացառո՞ւմ է, որ այդ հարցում կարող են տեխնիկական խնդիրներ առաջանալ, Հարությունյանը պատասխանեց, որ հենց սկզբից էլ ինքն ասել է, որ տեսախցիկների հարցում տեխնիկական խնդիրներ չեն կարող առաջանալ: Նրա խոսքով՝ միակ խնդիրը կարող է լինել այն, որ գումարները չբավարարեն և որևէ կազմակերպություն այդ աշխատանքը կատարելու պարտավորություն չստանձնի:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը հայտնեց, որ այս պահին տեսախցիկների տեղադրման հարցով որևէ կազմակերպության հետ բանակցություններ չեն ընթանում: Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ լինելու է գնման բաց ընթացակարգ, և ցանկացած կազմակերպություն, որը կհամապատասխանի այն որակական հատկանիշներին, որը կսահմանի եռակողմ հանձնաժողովը, կկարողանա մասնակցել: «Մենք առաջին իսկ օրվանից շեշտել ենք, որ պատասխանատվությունը չի ընկնելու միայն կառավարության ուսերին: Լինելու է եռակողմ հանձնաժողով, որտեղ կառավարությունը լինելու է փոքրամասնություն: Թե որ կազմակերպությունը կիրականացնի այդ աշխատանքը, կորոշի հանձնաժողովը, որը բաղկացած կլինի կառավարությունից, ընդդիմությունից և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից և որտեղ կառավարությունը կլինի փոքրամասնություն»,– եզրափակեց Հարությունյանը:
http://armenpress.am/arm/news/866090/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here