ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Իզմիրի եւ Մանիսայի նահանգներում գյուլենականներին հարելու կասկածանքով ձերբակալվել են մասնավոր անվտանգության ծառայության աշխատակիցներ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.com լրատվական կայքը:
Իզմիրի հանրապետական դատախազության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից 24 հասցեներում իրականացված հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել են մասնավոր անվտանգության ծառայության 20 աշխատակիցներ:
Կասկածի առիթ է հանդիսացել անվտանգության աշխատակիցների բջջային հեռախոսներում գյուլենականների գաղտնի հաղորդակցության միջոց համարվող ByLock բջջային հավելվածի առկայությունը:
Այս 20 հասցեներում իրականացված հետաքննությունների ժամանակ հայտնաբերվել են Ֆեթուլլահ Գյուլենի հեղինակած գրքերից, գյուլենականների ֆինանսական աղբյուրների հետ կապված փաստաթղթեր, գյուլենականների մասին էլեկտրոնային ինֆորմացիա եւ այլն:
Պաշտոնական Անկարան «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին,որը 1998 թվականից ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ է, մեղադրում է 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու եւ ղեկավարելու մեջ:
Թուրքական իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության «ապացույցներով փաստաթղթերի փաթեթ» են ուղարկել ԱՄՆ-ի նախագահին եւ խնդրել Գյուլենին արտահանձնել Թուրքիային:
«Հիզմեթ Հարեքեթի» կրոնական կազմակերպությունը համարվում է նաեւ Նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: