Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

0
161

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Եվա Վրայիլային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը կարևորել է հայ-հունական բարեկամական հարաբերությունների շարունակական  զարգացումը և ՀՀ կառավարության անունից՝ երկկողմ կապերի խթանմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն հայտնել: Կարեն Կարապետյանի խոսքով՝ պետք է ակտիվ աշխատել հատկապես տնտեսական համագործակցության ոլորտում առկա ներուժի իրացման ուղղությամբ:

Տիկին Վրայիլան նշել է, որ պատմականորեն երկու ժողովուրդներն ունեն ամուր բարիդրացիական կապեր, և Հունաստանը պատրաստակամ է՝ շարունակելու համատեղ ծրագրերն ու զարգացնելու համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է գործարար շփումների ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Հունաստանի դեսպանը տեղեկացրել է, որ հաջորդ տարի նախատեսվում է հույն գործարարների պատվիրակության այց Հայաստան՝ մեր երկրի ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները քննարկելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցության ընթացքին և զարգացմանը:
http://armenpress.am/arm/news/866138/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here