Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ

0
106

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ջակարտայում նոյեմբերի 1-ին հանդիպեց Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղար Լե Լուոնգ Մինին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԱՍԵԱՆ, ինչպես նաև Հայաստանի և ԱՍԵԱՆ-ի անդամ պետությունների միջև համագործակցության զարգացման հնարավորություններին:

Գլխավոր քարտուղար Մինը ներկայացրեց ԱՍԵԱՆ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները, իրականացվող ծրագրերը, ընկերակցության հիմնումից ի վեր տնտեսական փոխգործակցության խորացման արդյունքները, անդամ պետությունների համար ստեղծված նոր հնարավորությունները, կազմակերպության հեռանկարները:

Հանդիպման օրակարգում էր Եվրասիական տնտեսական միության և Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության փոխգործակցության հնարավորությունը: Լե Լուոնգ Մինը այդ առումով նշեց, որ ԱՍԵԱՆ-ը հետաքրքրված է նման համագործակցությամբ, և այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի քայլեր են ձեռնարկվում ինչպես անդամ երկրների, այնպես էլ ընկերակցության կողմից: Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի աջակցությունը հայտնեց այդ ջանքերին:
http://armenpress.am/arm/news/866100/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here