Human Rights Watch-ը արձանագրել է Թուրքիայում բռնաճնշումների խորացում

0
169

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու օրվա ընթացքում «Ջումհուրիեթ» պարբերականի լրագրողների ձերբակալությունները, քրդական լրատվամիջոցների փակումը և Դիարբեքիրի քաղաքապետերի ձերբակալությունները վկայում են Թուրքիայում բռնաճնշումների խորացման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փաստն արձանագրել է միջազգային հեղինակավոր Human Rights Watch կազմակերպությունը:

«Թուրքիայի վերջին անկախ ընդդիմադիր պարբերականի թիրախավորումը ցույց է տալիս թուրքական կառավարության և նախագահի ճնշումների խորացումը: Ձախողված հեղաշրջման փորձից հետո երկրում փակվել է շուրջ 160 լրատվամիջոց, շատ քիչ քննադատական ձայներ կան, որոնք կոպտորեն չեն լռեցվել»,- նշել է Human Rights Watch-ի Թուրքիայի տնօրեն Էմմա Սինքլեր-Վեբը:

Անդրադառնալով Դիարբեքիրի քաղաքապետերի ձերբակալությանն ու կալանավորմանը` Սինքլեր-Վեբը փաստել է, որ առանց որևէ քրեական հանցանքի ապացույցի նրանց ազատազրկումն ապացուցում է, որ թուրքական կառավարությունը ցանկանում է անտեսել Թուրքիայի հարավ-արևմուտքում բնակվող անձանց` ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչներ ունենալու իրավունքը: «Ընտրված քաղաքապետերի բանտարկությունը և անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները հարց են առաջացնում` արդյոք Թուրքիայի քաղաքական առաջնորդները որևէ ուշադրություն դարձնում են հիմնարար ժողովրդավարական սկզբունքներին»,- ընդգծել է Human Rights Watch-ի ներկայացուցիչը:
http://armenpress.am/arm/news/866145/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here