«ԱՐՄԷՆՊՐԷՍ»Ի ԶՐՈՅՑԸ ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԷՆ ՄԱԶԼՈՒՄԵԱՆԻ ՀԵՏ
Տարբեր երկրներում հայկական համայնքների պահպանութեան երաշխիքը հայրենիքի հետ կապն ամրապնդելն է:
Այս մասին «Արմէնպրէս»ի հետ զրոյցում նշեց Հայ Դատի յանձնախմբի ղեկավար Արմէն Մազլումեանը՝ անդրադառնալով եգիպտահայութեան խնդիրներին:
«ԱՐՄԷՆՊՐԷՍ».- Պարոն Մազլումեան, Եգիպտոսում մօտաւորապէս քանի՞ հայ է բնակւում: Հայերը հիմնականում ո՞ր քաղաքներում են կենտրոնացած:
ԱՐՄԷՆ ՄԱԶԼՈՒՄԵԱՆ.- Եգիպտոսում ապրում է շուրջ 8 հազար հայ: Նրանք հիմնականում կենտրոնացած են Կահիրէ եւ Ալեքսանդրիա քաղաքներում: Այդ քաղաքներում ունենք մարզական եւ մշակութային հաստատութիւններ, բարեսիրական եւ օգնութեան միութիւններ, երեք հայկական թերթ, որոնք դժուար պայմաններում հայապահպանման բարդ աշխատանք են իրականացնում: Մեծ գնահատանքով նշեմ, որ Ազգային առաջնորդարանը նիւթական օժանդակութեամբ սատարում է բոլոր միութիւնների ծրագրերին, ինչպէս նաեւ անխտիր հոգում է համայնքի անդամների կրթութեան եւ բժշկական կարիքները: Սատարում է նաեւ հայութիւնը եւ Հայաստանը արաբ շրջանակին ներկայացնելու բոլոր ձեռնարկներին: Օրինակ՝ Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի կապակցութեամբ եգիպտացի ռեժիսորների կողմից արաբերէնով նկարահանուած «Ով Սպանեց Հայերին» վաւերագրական ֆիլմի ստեղծման աշխատանքներին, որ Նիւ Եորքում ստացաւ մրցանակ, ինչպէս նաեւ արժանացաւ Հայաստանի նախագահի մրցանակին:
«ԱՐՄԷՆՊՐԷՍ».- Վերջին տարիներին ի՞նչ միտում է նկատւում, հայերի հոսք դէպի Եգիպտո՞ս, թէ հակառակը:
ԱՐՄԷՆ ՄԱԶԼՈՒՄԵԱՆ.- Ընդհանրապէս, մեծ թուով արտագաղթ կամ ներգաղթ չկայ: 2011 թուականին յեղափոխութեան ժամանակ եւ դրանից յետոյ մի քանի հայ ընտանիք տեղափոխուել են ԱՄՆ:
«ԱՐՄԷՆՊՐԷՍ».- Սիրիահայերի տեղափոխութիւն Եգիպտոս նկատւո՞ւմ է:
ԱՐՄԷՆ ՄԱԶԼՈՒՄԵԱՆ.- Եգիպտոսում սիրիահայերի թիւը մեծ չէ: Մօտ տաս ընտանիք է եկել, որոնք սեփական աշխատանքով, բիզնես ծրագրով ապահովում են իրենց կեանքը: Եղել են դէպքեր, երբ մեր օգնութեան կարիքն են ունեցել: Ազգային առաջնորդարանի միջոցով եւ օժանդակութեամբ նրանց հարցերը կարգաւորուել են:
Ի դէպ, Ազգային առաջնորդարանն այսօր երեք տարի է կանոնաւոր ձեւով նիւթական օժանդակութեամբ մասնակցում է սիրիահայութեան օգնութեան ֆոնդին, Էջմիածնի եւ երկու կաթողիկոսների հովանաւորած ֆոնդին:
«ԱՐՄԷՆՊՐԷՍ».- Տեղի հայերը հիմնականում ինչո՞վ են զբաղւում եւ ո՞ր ոլորտներում են ներկայացուած:
ԱՐՄԷՆ ՄԱԶԼՈՒՄԵԱՆ.- Եգիպտահայերը, ինչ ոլորտում էլ աշխատեն, միշտ եղել են առաջնագծում: Նրանք ճանաչուած են որպէս հմուտ, պարկեշտ, հաւատարիմ, խելացի մասնագէտներ: Նախկինում ունեցել ենք յայտնի քաղաքական գործիչներ, որոնք երկրում բարձր պաշտօններ են զբաղեցրել: Ներկայում կան բժիշկներ, ճարտարապետներ, դասախօսներ, արուեստագէտներ, դերասաններ, ոսկերիչներ, որոնք վայելում են եգիպտացի ժողովրդի յարգանքն ու վստահութիւնը:
«ԱՐՄԷՆՊՐԷՍ».- Ի՞նչ խնդիրներ ունի հայ համայնքը: Լեզուի, մշակոյթի պահպանութեան առումով ի՞նչ դժուարութիւններ կան:
ԱՐՄԷՆ ՄԱԶԼՈՒՄԵԱՆ.- Ինչպէս աշխարհի տարբեր երկրներում բոլոր հայկական համայնքները, այնպէս էլ Եգիպտոսում հայկական համայնքն ունի հայապահպանութեան խնդիր: Հայկական գաղութի պատասխանատուների եւ միութիւնների ներդրած հսկայ ջանքերի շնորհիւ մենք կարողացել ենք պահպանել մեր ինքնութիւնը, մշակոյթը եւ լեզուն: Դժուարութիւնները շատ են, սակայն տեղական ուժերով եւ յաճախ դրսից եկած աջակցութեամբ կարողացել ենք դժուարութիւնները յաղթահարել:
Հայութեան թուի նօսրացման պատճառ են դարձել նաեւ օտար ամուսնութիւնները, որոնք դժուարացնում են հայապահպանման գործը: Տեղական հայկական մարմինները պէտք է ճիգ չխնայեն հայ պատանիներին եւ երիտասարդներին պահել անմիջական հայկական շրջանակներում եւ խրախուսել դէպի հայրենիք յաճախակի այցելութիւնները: Մենք աշակերտներին քաջալերում ենք, որ իրենց բարձրագոյն ուսումը ստանան Հայաստանում՝ հոգալով նրանց բոլոր ծախսերը: Մեր փրկութիւնը մեր հայրենիքի հետ կապն ամրապնդելն է:
«ԱՐՄԷՆՊՐԷՍ».- Հայապահպանման գործում կարեւոր դերակատարութիւն ունեն կրթական հաստատութիւնները: Քանի՞ հայկական կրթական հաստատութիւն է գործում Եգիպտոսում:
ԱՐՄԷՆ ՄԱԶԼՈՒՄԵԱՆ.- Երկու դպրոց ունենք, մէկը՝ Կահիրէում, միւսը՝ Ալեքսանդրիայում: Հակառակ աշակերտների փոքր թուին, հայոց լեզուն եւ պատմութիւնը եղել են ու կը մնան մեր մեծագոյն հետաքրքրութիւններից: