Իրաքը հայտարարել է Թուրքիայի դեմ պատերազմին պատրաստ լինելու մասին

0
99

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Հայդար ալ-Իբադին հայտարարել է, որ իրաքյան կողմը չի ցանկանում պատերազմել Թուրքիայի հետ, սակայն պատրաստ է դրան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Իբադին հայտարարել է հեռուստատեսությամբ:

«Իրաքի օկուպացիան Թուրքիայի մասնատման պատճառ կդառնա: Չենք ցանկանում Թուրքիայի դեմ պատերազմի փաստի առաջ հայտնվել: Սակայն եթե դեմ առ դեմ դուրս գանք, ապա դրան պատրաստ կլինենք: Այդ ժամանակ Թուրքիային թշնամի կորակենք և ըստ դրա կվերաբերվենք»,- ասել է Իրաքի վարչապետը:

Թուրքիայի և Իրաքի միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, ինչ Թուրքիայի մեջլիսը կողմ է քվեարկել Իրաքում շուրջ 2 հազարանոց զինված ուժերի տեղակայման ժամկետի երկարաձգմանը` պատճառաբանելով դա «ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու անհրաժեշտությամբ»:

Իրաքը դատապարտել է պաշտոնական Անկարայի նման որոշումը: Պաշտոնական Բաղդադը կատարվածն անվանել էր Իրաքի ինքնիշխանության իրավունքի ոտնահարում` պահանջելով դուրս բերել զորքերն իր տարածքից: Թուրքական կողմը, սակայն, մերժել է այդ պահանջը:

Հոկտեմբերի 5-ին Անկարան և Բաղդադը կանչել էին հակառակ երկրի դեսպաններին` հայտնելու իրենց մտահոգությունը խնդրի առնչությամբ: Իրաքը հոկտեմբերի 6-ին Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդից պահանջել է արտակարգ նիստ գումարել` կապված իր տարածքում թուրքական զինված ուժերի ներկայության անօրինականության հետ:

Թուրքական զորքերը տեղակայված են Մոսուլի Բաշիքայի ռազմաբազայում: Դրանք այդտեղ են հաստատվել դեռևս 2015 թվականից` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում իրաքցի զինվորներին և քրդական փեշմերգային վարժեցնելու հիմնավորմամբ:
http://armenpress.am/arm/news/866207/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here