Կարելի է ներել, բայց երբեք չի կարելի մոռանալ. Սլովակիայի խորհրդարանի նախագահը՝ Հայոց ցեղասպանության մասին

0
104

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն ուրախ է, որ Սլովակիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Ազգային ժողովում ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահն ընդգծեց, որ մարդկությունը պարտավոր է հիշել և հարգել պատմությունը:

Այս տարի Հայոց ցեղասպանության տարելիցի օրերին ես ծանր վիրահատություն էի տարել, սակայն հասկացա, որ իմ պարտքն է մեր խորհրդարանի անդամների հետ այցելել Հայաստան և գլուխ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ասաց Դանկոն:

Նրա խոսքով՝ մարդիկ պետք է իմանան և հասկանան հայ ժողովրդի պատմությունը, ընկալեն, թե որքան տառապանքներ է կրել հայ ժողովուրդը: «Ես շատ եմ սիրում օգտագործել մի նախադասություն, որը ձեզանից եմ սովորել. «Կարելի է ներել, բայց երբեք չի կարելի մոռանալ»: Այո, պատմությունը մոռանալ երբեք չի կարելի»,- ասաց Սլովակիայի խորհրդարանի նախագահը:

Եզրափակելով խոսքը՝ Անդրեյ Դանկոն  Սլովակիայի ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ ղեկավարությանը կազմակերպած ջերմ ընդունելության համար:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ նշեց, որ Սլովակիայի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, Ադրբեջանի կողմից այս տարվա ապրիլին սանձազերծած ագրեսիան, ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքը, ինչպես նաև տարբեր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում երկկողմ համագործակցության վերաբերող հարցեր:
http://armenpress.am/arm/news/866396/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here