Տեղի է ունեցել Սամվել Գաբրիելյանի հարթաքանդակի բացման արարողություն և նկարների ցուցահանդես

0
158

Այսօր Ստեփանակերտում Արցախի վաստակավոր գեղանկարիչ Սամվել Գաբրիելյանի ծննդյան 65-ամյակի կապակցությամբ բացվել է նկարների ցուցահանդես և տեղի է ունեցել նրա հիշատակին նվիրված հարթաքանդակի բացում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍՍամվել Գաբրիելյանի արվեստանոցի դիմաց տեղադրված հարթաքանդակի բացումը տրվեց գեղանկարչի այրուն և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, այնուհետև մեծ արվեստագետի 65-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվել են Ստեփանակերտի քաղաքային պատկերասրահում, որտեղ տեղի է ունեցել նրա նկարների ցուցահանդես:

 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հարթաքանդակի ստեղծելու գործում նրան աջակցել են նկարչի ընկերները և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

«Մենք որոշել ենք հավերժացնել ճանաչված գեղանկարիչ Սամվել Գաբրիելյանի հիաշատակը: Նա իր ստեղծագործություններով արդեն համաշխարհային ճանաչում գտած արվեստագետ է և արժանի է, որ մեր քաղաքում նրա անվան հետ կապված հարթաքանդակ լինի: Կարծում եմ` նրա նման արվեստագետները մեծ ավանդ ու ներդրում ունեն  Արցախի անկախության գործում: Սամվել Գաբրիելյան քաղաքացին արժանի է, որ գալիք  սերունդներն իմանան ու միշտ հիշեն նրան, իսկ նրա արվեստն օրինակ ծառայի ապագա այն  սերունդների համար, ովքեր կորոշեն գնալ նրա ճանապարհով»,- ընդգծել է Ս. Գրիգորյանը:

 

 

Խոսելով օրվա խորհրդի մասին` քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ զարմանալի կերպով բնությունն էլ իր արևաշող ջերմությամբ կարծես նպաստել է միջոցառմանը:

«Մեր երախտավորներին մեծարելը մեզ մոտ արդեն դարերից եկած լավագույն անվանդույթի է վերածվել. մենք էլ պիտի շարունակենք մեր մեծերին հավուր պատշաճի գնահատել: Նրա հարթաքանդակի տեղադրմամբ մեր քաղաքի այս հատվածն էլ ավելի գեղեցկացավ ու հարստացավ:

 

Ըստ իս, նկարիչ Սամվել Գաբրիելյանի նման արվեստագետին մեծարելը ևս հայրենասիրական քայլ է:  Եթե մեզանից յուրաքանչյուրը կարողանա նման մի գործ կատարել, ոչ միայն մենք, այլև Ստեփանակերտում հյուրընկալված յուրաքանչյուր մարդ էլ կիմանա մեր տաղանդավոր ժողովրդի մասին, կճանաչի մեր մշակույթը: Հարթաքանդակում պատկերված նրա խորագետ, տաք հայացքը դիտողի ուշադրությունը մեկեն գամում է իր վրա, իսկ ձեռքին բռնած ծաղիկն էլ խորհրդանշում է  Սամվելի ստեղծագործական տարերքի պահը:

Մենք ընկերներ լինելուց զատ նաև գաղափարակիցներ էինք, և ես իմ մեջ ունեցած Սամվելին ցանկացել եմ պատկերել ու հավերժացնել հենց այսպես` ծաղիկը ձեռքին` բնությունը և արվեստը միախառնված»,- այսպես իր հուզառատ խոսքն ավարտեց քանդակագործը:

 

Գեղանկարչի այրին՝ Անժելա Գաբրիելյանը, որն իր տաք հուշերում պահած ունի Սամվելի վառ կերպարը, ընդգծել է, որ նա ողջ էությամբ կապված է եղել իր հայրենի հող ու ջրին.

 

«Ես չգիտեմ, կարող է նրա նման նկարիչներ շատ կան, բայց այսպես իր հայրենի հող ու ջրին գերի նկարիչների, գոնե ես, քիչ գիտեմ: Մոտ 20 երկրներում ցուցադրվել են նրա 1500-ից ավելի կտավները, որոնց հերոսներն արցախցին է ու արցախյանը, Ղարաբաղն ու Հայաստանը: Եվ իզուր չէ, որ նրան Հայաստանում Ամերիկայի առաջին դեսպանն անվանել է Արցախի դեսպանն ողջ աշխարհում: Որովհետև, լինելով տարբեր երկրներում, նա կտավի տեսքով ամեն տեղ մի կտոր Արցախ է թողել: Սամվելն աշխատում էր գիշեր-ցերեկ. կտավ կտավի հետևից ծնունդ էին առնում նորանոր մտքեր, գաղափարներ, մտքի ու լույսի նոր փայլատակումներ»:

 

Սամվել Գաբրիելյանի ստեղծագործությունների մասին հիացմունքով է խոսել նաև արվեստագետ Համլետ Մարտիրոսյանը.

«Սամվել Գաբրիելյանը մեր ժամանակաների տաղանդաշատ գեղանկարիչներից մեկն է: Նկարիչ, ով իր արվեստով Արցախը ներկայացրել է աշխարհին:

 

Մի արվեստագետ, ով աշխարհի ցանկացած ցուցահանդեսում արցախցիներիս հպարտանալու հնարավորություն է տվել: Բնականաբար, Սամվել Գաբրիելյանն արժանի է, որ իր ծննդյան տարեդարձի առթիվ ունենա նման ցուցահանդես»:

Իսկ նկարչի ստեղծագործությունների մասին խոսելիս, Համլետ Մարտիրոսյանը առանձնացրել է գեղանկարիչ Սամվել Գաբրիելյանի «Ինքնադիմանկարը».

«Չափերով փոքր լինելով հանդերձ` այս նկարը ասելիքով շատ խորիմաստ ու տարողունակ է, նաև` ողբերգական: Սամվելը նկարն անվանել է «Ինքնադիմանկար», բայց դա լոկ նրա ինքնադիմանկար չէ: Այդ նկարին նայելիս` յուրաքանչյուր մարդ տեսնում է իր ապրած կյանքը` չմոռանալով նաև մահվան մասին: Այս նկարին նայելիս, ես խենթանում եմ. ես ավելի ու ավելի շատ եմ սիրում կյանքը և ուզում եմ, որ ապրելիք կյանքիս ամեն մի ակնթարքը վայելեմ` իմաստավորելով ու գնահատելով այն` որպես պարգև:

Սա է հենց  «Ինքնադիմանկար»-ի միջոցով մեզ ցանկացել ասել Սամվել Գաբրիելյանը»:

 

 

Հարթաքանդակի բացման արարողությանն ու նկարների ցուցահանդեսին ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պատգամավորներ, պաշտոնատար անձիք, արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, ընկերներ, հարազատներ և այլք:

 

Սամվել Գուրգենի Գաբրիելյանը ծնվել է 1951թ. ապրիլի 3-ին Արցախի Սզնեք գյուղում։ 1969-1973թթ. սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի, 1973-1979թթ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարի բաժնում։ Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։ 1983թ.-ից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ էր։ 2007թ.-ից ԼՂՀում գործող «ԳԱՄարտ» Արցախի նկարիչների միջազգային միության հիմնադիրներից էր ու նախագահը։ Սամվել Գաբրիելյանը ԼՂՀ Եղիշեի անվան պետական մրցանակի կրկնակի դափնեկիր էր։ 2011թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ԼՂՀ վաստակավոր նկարչի կոչում։ Դասավանդել է Շուշիի Գյուրջյանի անվան կիրառական արվեստի ինստիտուտում և Աստղաշենի արվեստի դպրոցում։ Սամվել Գաբրիելյանը ճանաչված էր որպես գեղանկարի մեծ վարպետ և իր գործի անմնացորդ նվիրյալ։ Նա մեծ հեղինակություն էր վայելում արվեստագետների և, ընդհանրապես, մտավորականության շրջանում։ 1993թ.-ից սկսած բազմաթիվ խմբային և անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆում, Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում, Հունաստանում, Կիպրոսում, Ֆինլանդիայում, Եգիպտոսում, Լիբանանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բրազիլիայում և այլ երկրներում։ Նրա 1000-ից ավելի ստեղծագործություններ տեղ են գտել արտասահմանյան մասնավոր հավաքածուներում։ Նա 2013-ին Շուշիում բացված Կերպարվեստի պետական թանգարանի նվիրատուներից է։

Artsakhpress.am

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here