Ռադիոսպորտի ֆեդերացիա է բացվել Ստեփանակերտում

0
111

Այսօր ԼՂՀ և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական ծառայությունների հանձնաժողովների նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂՀ ռադիոսպորտի ֆեդերացիայի բացման արարողություն:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, ՀՀ և ԼՂՀ-ում սիրողական ռադիոյի և ռադիոսպորտի զարգացման նկատառումներից ելնելով, ՀՀ և ԼՂՀ ռադիոսպորտի ֆեդերացիայի նախագահների միջև ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր, որն իր մեջ ներառում է տեղական և միջազգային ռադիոմրցումների ընթացքում փոխադարձ աջակցություն, մասնագիտական գիտելիքների օգտագործում և համատեղ կրթական ծրագրերի իրականացում, ինչպես նաև մասնակցություն միջազգային կառույցներին, այդ թվում` սիրողական ռադիոյի միջազգային միության (IARU) կողմից կազմակերպվող միջոցառումներին:

Սիրողական ռադիոյի ոլորտում պետական լիազոր մարմիններին առաջարկություններ ներկայացնելու նպատակով կազմակերպվելու են համատեղ աշխատանքներ և քննարկումներ:

Արտակարգ իրավիճակներում ցուցաբերվելու են նաև փոխադարձ աջակցություն, կազմակերպվելու են համատեղ միջոցառումներ՝ նման իրավիճակներին մշտապես պատրաստ լինելու նպատակով:

Մեզ հետ զրույցում ԼՂՀ ռադիսոպորտի ֆեդերացիայի նախագահ Արամ Եսայանը, ով 45 տարի է ինչ ռադիոսպորտով զբաղվում, ասել է.

«1975 թվականի մայիսի 9-ին Արցախում առաջին սիրողական կայանը ես եմ բացել: Ադրբեջանական իշխանությունները երկար ժամանակ չէին թույլատրում, որ Արցախում կայանն աշխատի, բայց մենք կոտրեցինք նրանց դիմադրությունը, կապը ստեղծեցինք, և  Ղարաբաղը հասու դարձրինք շատ երկրների համար: Ես կարծում եմ, որ այս ռադիոկայանի բացումն Արցախի միջազգային ճանաչման գործում խթանիչ դեր է կատարելու: Ռադիոսպորտի միջոցով հնարավոր է մեծ ծանոթությունների շրջանակ ստեղծել, տարբեր երկրների մարդկանց հետ կապվել, դրանով կզարգացնենք և´ տեխնիկական հմտությունները, և´ լեզվական գիտելիքները: Իմ կարծիքով, ռադիոն իր նշանակությունը երբեք էլ չի կորցնելու»:

ՀՀ ռադիսոպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Բաբլոյանն  էլ նշել է, որ թյուր են այն մարդկանց կարծիքները, որոնք մտածում են, թե համացանցի առկայությունը ռադիոյին ստիպելու է զիջել իր դիրքերը: Դա այդպես չէ:

«Այսօր մենք ականատես եղանք դրան: Մենք բացեցինք ռադիոակումբ, որը ռադիոլսողներին հնարավորություն կտա եթերում սովորել ընդունիչ-հաղորդիչ ռադիոկայանով աշխատելը: Այստեղ երիտասարդներն արդեն կարող են պատրաստվել և սովորել ռադիոկապի ձևերը, աշխատել եթերում` պահպանելով կապի էթիկայի նորմերը և, պարզապես, հենց այստեղ էլ դառնալ ռադիոկապի մասնագետներ: Ճիշտ է, ողջ աշխարհում լայն տարածում են գտել նորագույն տեխնոլոգիաները, բայց ռադիոն շարունակում է մնալ անփոխարինելի հաղորդակցության միջոց: Ռադիոն օգտագործվում է շատ զարգացած երկրներում` ինչպիսիք Ճապոնիան է, ԱՄՆ-ն, Իտալիան և այլն. այդ երկրներում բավականին մեծ թվով ռադիոսիրողներ կան. նրանց թիվը յուրաքանչյուր երկրում մեկ միլոիոնից ավելի է: Ռադիոկապի հիման վրա են ստեղծվել WiFi-ը և բջջային կապերը: Դրանք ուղղակի թվային ռադիոկապի միջոցներ են, որոնք մշակել են ռադիոսիրողները»,- ասել է ՀՀ ռադիոսպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Բաբլոյանը` խոստանալով կահավորել դասասենյակը, ուր կանցնեն նոր ձևավորվող ռադիոսպորտի խմբակի պարապմունքները:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here