«Արարատ-Ուրարտու թագավորությունը» նոր ֆիլմը կտա շատ հարցերի պատասխաններ

0
158

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հազարամյակների պատմության մեջ առանձնահատուկ դեր է խաղացել Վանի թագավորությունը՝ Արարատ-Ուրարտուն՝ դառնալով Հայոց պատմության առաջին համահայկական թագավորությունը: Ի՞նչ էթնիկ բնութագիր ուներ այդ պետությունը, արդյո՞ք Հայկական լեռնաշխարհի հնագույն այդ քաղաքակրթության հիմնադիրները հենց հայերն էին: «Արարատ-Ուրարտու թագա վորությունը» նոր ֆիլմը կփորձի պատասխանել այս հարցերին և ավելի շոշափելի դարձնել պատմության կարևորագույն անցքերը:

Ֆիլմի հեղինակներն են պատմաբան Արտակ Մովսիսյանը և ռեժիսոր Արտակ Ավդալյանը։ Այս նոր ֆիլմը կներկայացնի Ք.ա. 9-7-րդ դարերում Հայկական լեռնաշխարհում բարձրացած Ուրարտու պետության պատմությունը, պետական կարգն ու զինված ուժերը, մշակույթը, ավանդույթները, կենցաղը: Դրանով իսկ ֆիլմը կծառայի որպես տեսաձեռնարկ ուսումնական հաստատություններում:

«Շատ կարևոր է մեր պատմությունն իր բոլոր դարաշրջաններով ներկայացնել գիտահանրամատչելի լեզվով։ Դրանցից մեկն իր մեծ նշանակությամբ Վանի թագավորության՝ առաջին համահայկական պետության  ժամանակաշրջանն է։ Ըստ էության, այն դրեց հիմքերը, որոնց շնորհիվ մոտ 1500 տարի մենք պետականության լիցք ունեցանք: Ք.ա. առաջին հազարամյակի սկզբում Վանի արքաներն այդ լիցքը հաղորդում են մեզ և, ճիշտ է, որոշ ընդհատումներով, բայց այդ պետականությունը գալիս հասնում է մինչև 5-րդ դար»,- նշեց Արտակ Մովսիսյանը:

Խոսելով գիտության մեջ երկար ժամանակ իշխած Ուրարտուի՝ ոչ-հայկականության կարծիքի մասին, պատմաբանը նշեց, որ ժամանակին կասկածի պատճառ էին դարձել Վանի թագավորության սեպագրերի վերծանությունը ոչ հայերենով, նաև դրանցում հիշատակված արքայանունների բացակայությունը Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ։ Այսօր, սակայն, այդ հարցերն իրենց բացատրությունը գտել են։

«Ֆիլմում ինձ համար կարևոր է ներկայացնել փաստերը, և դիտողն ինքը կանի իր եզրակացությունները: Մեզ համար նպատակային է Ուրարտուին՝ որպես ֆենոմենի անդրադառնալը, ցույց տալը, թե ինչ տեղ ու դեր է այն ունեցել ինչպես Հայոց պատմության մեջ, այնպես էլ ողջ տարածաշրջանում, փորձել գնահատել նրա քաղաքակրթական նշանակությունը»,-հավելեց պատմաբանը:

Արտակ Մովսիսյանի համոզմամբ՝ հայագիտության քարոզչությունը մեզ համար շատ կարևոր խնդիր է ոչ միայն ճանաչողական, այլև քաղաքական առումով. «Այսօր Ադրբեջանն իր կեղծարարությունը հասցրել է պետական մակարդակի։ Այսինքն՝ նրանք պետական մակարդակով պնդում են, որ մածունը սև է, ոչ թե սպիտակ… Արդյունավետ հայագիտական քարոզչությունը մենք ոչ միայն պետք է իրականացնենք գրքերի միջոցով և ոչ միայն դպրոցներում կամ համալսարաններում, այլև փաստավավերագրական ֆիլմերի, համակարգչային ծրագրերի, ինչու ոչ, նաև խաղերի, հնարավորության դեպքում՝ գեղարվեստական ֆիլ մերի միջոցով»։

Փաստագրական ֆիլմի նկարահանումները կատարվել են Հայաստանի Հանրապետությունում, Արևմտյան Հայաստանում և Իրանում: Հարցազրույցներ են վերցվել մեկ տասնյակից ավելի գիտնականներից, որոնց մեծ մասն օտարազգիներ են: Նկարահանման համար հստակ բյուջե չի եղել, այն կյանքի է կոչվել մի շարք բարեկամների օժանդակությամբ, նաև սեփական միջոցներով: Ֆիլմը պատրաստման փուլում է, Արտակ Մովսիսյանը լիահույս է՝ սպասվելիք ֆինանսական օժանդակության շնորհիվ այն վերջնական տեսքի կգա մինչև տարեվերջ։

Սա Արտակ Մովսիսյանի և ռեժիսոր Արտակ Ավդալյանի համատեղ աշխատանքի առաջին փորձը չէ: Մինչ այս նրանք միասին ստեղծել են «Ժայռապատկերներից մինչև այբուբեն», «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» և «Պատմության կեղծարարները. Ադրբեջան» ֆիլմերը:

Ն. Գրիգորյան
http://armenpress.am/arm/news/867027/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here