Մերկելը տագնապեցնող է անվանել իրադրությունը Թուրքիայում

0
97

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայում ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի լրագրողների ու ղեկավարների, ինչպես նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների կալանավորումից հետո կոչ է արել պաշտոնական Անկարային պաշտպանել հիմնարար ազատությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:

Նորվեգիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը հայտարարել է, որ վերջին օրերին Թուրքիայից հիմնարար ազատությունների հետ կապված ահազանգեր է ստանում:

Անդրադառնալով Գերմանիայի Եվրոպայի հարցերով պատասխանատու նախարար Միշել Ռոթի հայտարարությանը, որով վերջինս պատրաստակամություն էր հայտնել ապաստան տրամադրել Թուրքիայից դիմողներին` Մերկելն ասել է. «Նախ և առաջ ջանքեր ենք գործադրում Թուրքիայում այնպիսի միջավայր ստեղծելու համար, որ մարդիկ ստիպված չլինեն ապաստան ստանալու դիմում ներկայացնել և որ երկրում պահպանվեն հիմնական ազատությունները»:

Միշել Ռոթը Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ասել էր. «Թուրքիայում ներկայում տեղի ունեցող իրադարձությունները որևէ առնչություն չունեն եվրոպական արժեքների, օրինական պետության սկզբունքի, ժողովրդավարության և մամուլի ազատության հետ: Այս պատճառով թուրքական կառավարությանը մեր պատասխանը պարզ է և հստակ` այսպես չի կարող շարունակվել»: Հիշեցնելով, որ վերջին շրջանում Թուրքիայում մեծ թվով պատգամավորներ, գիտնականներ և լրագրողներ են ձերբակալվել` Ռոթը նշել էր, որ Գերմանիայի կառավարությունը համագործակցության մեջ է բոլոր ճնշվածների հետ: «Գերմանիան աշխարհի համար բաց երկիր է, այ ն բաց է քաղաքական հետապնդումների ենթարկվող ցանկացած անձի համար: Բոլորը կարող են ապաստան ստանալու խնդրանքով դիմել Գերմանիային»,- նշել էր նա: 
http://armenpress.am/arm/news/867136/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here