Շտայնմայերն անհասկանալի է համարում Գերմանիայի դեմ Թուրքիայի հայտարարությունները

0
101

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հերքել է Թուրքիայի գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հայտարարություններն այն մասին, թե Գերմանիան աջակցում է ահաբեկչությանը և Քրդական բանվորական կուսակցությանը (PKK): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:

«Կարծում եմ, Անկարան շատ լավ գիտի, որ իրականում հակառակն է»,- ասել է Շտայնմայերը` նշելով, որ PKK-ն և Թուրքիայում գործող այլ ծայրահեղական խմբավորումները Գերմանիայում արգելված են: «Հետևաբար չեմ կարողանում հասկանալ Գերմանիայի դեմ Թուրքիայի արած հայտարարությունները»,- ասել է նա:

Շտայնմայերը կարծիք է հայտնել, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջմանը հաջորդած զարգացումները պետք է կատարվեն օրինական պետության սկզբունքներին հավատարիմ: Նա անընդունելի է համարել Թուրքիայում զանգվածային ձերբակալությունները և քննադատել է նախօրեին քրդամետ կուսակցության պատգամավորների կալանավորումը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 8-ին մեղադրել է Գերմանիային ահաբեկչությանն աջակցելու մեջ: Արտգործնախարարը հայտարարել է, որ Գերմանիան մշտապես եղել է ոչ թե Թուրքիայի կողմից, այլ Թուրքիայի դեմ նախաձեռնությունների կողքին: Չավուշօղլուն հայտարարել է, որ մինչ օրս թուրքական կողմը Գերմանիայից պահանջել է իրեն հանձնել Քրդական բանվորական կուսակցո ւթյան (PKK) 4 հազարից ավել անդամի, սակայն նրանցից ոչ մեկին գերմանական կողմը չի հանձնել պաշտոնական Անկարային: Թուրքիայի արտգործնախարարի խոսքով` քուրդ զինյալները Գերմանիայի տարբեր շրջաններում գումար են հավաքում, և Գերմանիայի ղեկավարությունը քաջատեղյակ է այդ փաստից: «Պատահական չէ, որ բոլոր ահաբեկիչները նախընտրում են Գերմանիան: Այժմ էլ Գերմանիան գրկաբաց ընդունում է գյուլենականներին: Թուրքիայում ահաբեկչական գործողություններ իրականացնող ահաբեկիչներին ամենամեծ աջակցություն ցուցաբերած երկիրը Գերմանիան է»,- հայտարարել է Չավուշօղլուն:
http://armenpress.am/arm/news/867129/