Ընտրություններին միայնակ գնալու դեպքում Վարդան Օսկանյանը կղեկավարի «Համախմբում» կուսակցության ցուցակը

0
118

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համախմբում» կուսակցության ղեկավար, ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարում է, որ եթե ընտրություններին կուսակցությունն առանձին մասնակցի, ապա հենց ինքը կգլխավորի ցուցակը: «Եթե պատահի այնպես, որ «Համախմբում» կուսակցությունն ընտրություններին գնա առանձին, ուզում եմ հայտարարել, որ ցուցակը գլխավորելու եմ ես: Իհարկե, կա մեր քաղաքական վարչության որոշումը, այն կըներակայացվի նաև համագումարին և համապատասխան վերջնական որոշում կկայացվի: Բայց եթե մենք գնանք դաշինքով, ուզում եմ հայտարարել, որ ես անձամբ և «Համախմբում» կուսակցության յուրաքանչյուր անդամ պատրաստ է իր անձնական հավակնությունները մի կողմ դնել և շարժվել ըստ իրավիճակի, ըստ նպատակահարմարության»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Օսկանյանը:

Որպես կուսակցության նախագահ` նա ընդգծեց, որ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի Հայաստանում ձևավորվի համախոհ կուսակցությունների քաղաքական բևեռ: «Մենք իրոք համոզված ենք, որ Հայաստանում քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում բեկում մտցնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ մենք բաց, ազնիվ, անկեղծ երկխոսության մեջ լինենք հասարակության հետ, ստեղծենք ոչ թշնամական քաղաքական հարաբերություններ և առաջադեմ մտածողություն ունեցող անհատների համագործակցություն: Հաջորդ խորհրդարանում մեզ անհրաժեշտ են գիտակից, բանիմաց մարդիկ, ովքեր պատրաստ ե ն աշխատելու և ի հարգի կարողանալու իրենց անձնական շահերը մի կողմ դնել հանուն հայրենիքի և հանուն համայն հայության»,- նշեց նա:

Անդրադառնալով այլ քաղաքական ուժերի, մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցելու հնարավորությանը` Օսկանյանը հրաժարվեց անուններ տալուց` ասելով. «Ես այս պահին որևէ կուսակցության անուն չեմ տա, սակայն կասեմ հետևյալը` մենք այս պահին ոչինչ չենք բացառում, պատրաստ ենք բոլորի հետ նստել, խոսել և ընդհանուր եզրեր գտնել: Սկզբունքը մեկն է` բոլորս հասկանում ենք, որ այդ բևեռի անհրաժեշտությունը ժողովրդի հրամայականն է: Միայն դրանով կարելի է մրցունակ լինել մեր առջև կանգնած բոլոր խնդիրներին և մարտահրավերներին: Մենք որևէ քաղաքական ուժի հետ, բնականաբար, իշխանականից բացի, չենք բացառում համագործակցությունն ու դաշինքի մեջ լինելը»:
http://armenpress.am/arm/news/867344/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here