Լրագրողները մասնակցեցին «Երկրաշարժ» ֆիլմի փակ ցուցադրությանը

0
134

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարիկ Անդրեասյանի` 1988 թվականի ավերիչ երկրաշարժի մասին պատմող «Երկրաշարժ» ֆիլմը հանձնվեց լրագրողների դատին: Կինոնկարի փակ ցուցադրությունն անցկացվեց նոյեմբերի 10-ին` «Սինեմա Սթար» կինոթատրոնում: Այնուհետև լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան զրուցելու ֆիլմի  ստեղծագործական կազմի հետ: «Կինոժապավենում ներկայացված է երկրաշարժի առաջին երեք օրը, որոնք ամենածանրն են եղել, երբ բնակիչներն իրենք են միմյանց օգնություն ցույց տվել»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը:

Պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի խոսքով` իրենք մեծ պատասխանատվությամբ են մոտեցել ֆիլմի ստեղծմանը և մոնտաժված յոթը տարբերակ են ունեցել. արդյունքում, բազմաթիվ մասնագետների հետ քննարկելուց հետո, ներկայացրել են վերջնական տարբերակը:

Կինոնկարի գլխավոր դերակատարներից մեկը`Կոնստանտին Լավրոնսկին, ասաց, որ նկարահանումների ընթացքում շատ է անհանգստացել և հուզվել: «Պետք է չվախենալ նայել իրականությանը, կատարվածին, հասկանալ դիմացինի ցավը և առաջ շարժվել»,-շեշտեց դերասանը:

Դերասանուհի Մարիա Միրոնովան նշեց, որ երբ Սարիկն իրեն ցույց է տվել ֆիլմի այն տեսարանը, որտեղ հայրը փլատակների տակից հանում է զոհված աղջկա մարմինը, ինքն աննկարագրելի զգացողություններ է ապրել: «Ես ռեժիսորին չասացի, բայց իրականում շոկի մեջ էի ու հասկացա, որ իմ դերը պարզապես պետք է ապրել, ոչ թե խաղալ»,-ընդգծեց Մարիան:

Հրանտ Թոխատյանի խոսքով`երբ ինքը հայտնվեց նկարահանման հրապարակում, իրեն թվաց` 1988  թվականի դեկտեմբերի 8-ն է: «Ես հենց այդ օրն էի գնացել դեպքի վայր և ինձ համար դժվար էր վերհիշել այդ ամենը: Նկարահանման յուրաքանչյուր օրն ավարտվում էր մեկ րոպե լռությամբ»,-ասաց դերասանը:

Ֆիլմում փոքրիկ դերով հանդես եկած դերասանուհի Իրինա Բեզրուկովան ասաց, որ իր համար մեծ պատիվ էր այդ նախագծի մի մասը լինելը: «Ֆիլմը միավորում է մարդկանց, ցույց տալիս իրական արժեքները: Կինոնկարը դիտելուց հետո բարձր ձայնով լաց էի լինում: Սա մարդկության մասին խորը և հուզիչ կինո է»,-նշեց Բեզրուկովան:

«Այս ֆիլմն առաջին հերթին քայլ է: Մեր` ստեղծագործողներիս կենսագրության մեջ այն կմնա: Ֆիլմն այն մասին է, որ մարդկությունը չպետք է միայնակ լինի»,-շեշտեց դերասան Միքայել Պողոսյանը:

Անդրադառնալով  «Օսկար» մրցանակաբաշխությանը ֆիլմը ներկայացնելու փորձին և դրա հետևանքներին`ռեժիորն ընդգծեց, որ ինքը հարգում է Ամերիկյան կինոակադեմիայի որոշումը և հավելեց, որ ֆինանսական միջոցներ ունենալու դեպքում  կինոնկարներ կնկարահանի նաև Տիգրան Մեծի, Սասունցի Դավիթի մասին:

«Երկրաշարժ» ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա և պատմում է 1988 թվականին` դեկտեմբերի  7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և դրա հետևանքների մասին: Այն Երևանի կինոթատրոններում կցուցադրվի նոյեմբերի 18-ից:


http://armenpress.am/arm/news/867462/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here