Վահան Շիրխանյանի մոտ առողջական վիճակի վատթարացում չի նկատվել. ՔԿՎ

0
119

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հայտարարություն է տարածել Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

«Երեկ  Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցի ընթացքում ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը կրկին խոսել է իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին:

Այս կապակցությամբ  Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ 23.09.2016թ. ՀՀ  առողջապահության նախարարություն ուղղված գրության հիմքով հրավիրվել է բազմապրոֆիլ բժշկական կոնսիլիում, որը խորհուրդ է տվել հիվանդի ախտորոշումը և բուժման տակտիկան որոշելու համար շարունակել հետազոտությունները:

Ըստ այդմ` 2016 թ. հոկտեմբերի 6-ին Վ. Շիրխանյանը «Աղաբեկյան» ախտորոշիչ կենտրոնում ենթարկվել է ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության:

Նույն օրը, պաշտպանի դիմումի համաձայն, տեղափոխվել է իր իսկ նախընտրած «Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն»` արյան մեջ Դ դիմերի մակարդակի և թոքերի ռենտգեն հետազոտություններ կատարելու նպատակով:

07.10.2016 թ. Վ. Շիրխանյանին նույն կենտրոնում բժիշկ-անոթաբան Ս. Սուլթանյանի կողմից  տրվել է խորհրդատվություն. նշանակվել է համապատասխան բուժում:

17.10.2016 թ. կրկին վերոնշյալ բուժհաստատությունում վերջինս ենթարկվել է թոքերի ռենտգեն և որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտությունների:

Անցկացված հետազոտությունները փաստել են, որ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ Վահան Շիրխանյանի մոտ առողջական վիճակի վատթարացում չի նկատվել, և վերջինս իր բուժումը կարող է ստանալ քրեակատարողական հիմնարկի պայմաններում, բժիշկների դինամիկ հսկողության ներքո»:
http://armenpress.am/arm/news/867514/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here