Ժխտողականությունը կարծիք չէ, այլ հանցանք. Սարկոզին հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

0
102

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Փարիզում հանդիպում է ունեցել ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, հանդիպման մեկնարկին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը ներկայացրել է հայ համայնքին մտահոգող հարցերի շրջանակը: Նա մասնավորապես անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի խնդրին` շեշտելով, որ վերջինիս անվտանգությունը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև եվրոպական քաղաքակրթության համար: Թորանյանը նաև շեշտել է, հայ համայնքի բացասական դիրքորոշումը Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության հարցում:

Բավականին անկեղծ խոսակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախկին նախագահի շրջապատում ադրբեջանական բռնապետության հետ կապեր ունեցող անձանց: Սարկոզին շեշտել է, որ քաղաքականության որոշման հարցում ղեկավար դերը պատկանում է հենց իրեն, այլ ոչ թե իր շրջապատի ներկայացուցիչներին: Խոսելով աջական կուսակցության մեջ իր մրցակիցներից` Սարկոզին հիշեցրել է, որ երբ ինքն աջակցում էր Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծին, կուսակցության մեջ իր մրցակիցներ Ալեն Ժյուպեն և Ֆրանսուա Ֆիյոնը դեմ էին այդ օրինագծին: Նա նաև հաստատել է, որ դեÕ ´ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին` ի հակադրություն ներկայիս նախագահ Օլանդի դիրքորոշմանը:

Անդրադառնալով ցեղասպանության խնդրին` Սարկոզին շեշտել է, որ եղել են 4 ցեղասպանություններ` հայերի, հրեաների, կամբոջացիների և թութսիների: Նա նաև շեշտել է, որ հայ ժողովրդի պայքարը ցեղասպանության հարցում ունիվերսալ խնդիրներ է բարձրացնում: Նրա կարծիքով` ժխտողականությունը ոչ թե կարծիքի արտահայտում է, այլ հանցանք:

Ֆրանսիայի հանրապետական կուսակցությունում ներքին ընտրությունների շրջանակներում կուսակցության թեկնածուները հանդիպումներ են ունենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նման հանդիպում նախատեսված է նաև Ֆրանսուա Ֆիյոնի հետ:
http://armenpress.am/arm/news/868012/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here