Իրաքում առաջարկում են ռազմական միջամտությամբ երկրից դուրս հանել թուրքական զորքերը

0
121

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ էլ-Ռուբային առաջարկել է թուրքական զորամիավորումները երկրից դուրս անել ռազմական միջոցներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Եթե բոլոր դիվանագիտական ուղիները վերջանում են, Իրաքի կառավարությունը Անկարայի կողմից մեր երկրի ինքնիշխանության դեմ արվող քայլերի դիմաց ռազմական միջամտություն պետք է իրականացնի»,- հայտարարել է նա:

Թուրքիայի և Իրաքի միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, ինչ Թուրքիայի մեջլիսը կողմ է քվեարկել Իրաքում շուրջ 2 հազարանոց զինված ուժերի տեղակայման ժամկետի երկարաձգմանը` պատճառաբանելով դա «ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու անհրաժեշտությամբ»:

Իրաքը դատապարտել է պաշտոնական Անկարայի նման որոշումը: Պաշտոնական Բաղդադը կատարվածն անվանել էր Իրաքի ինքնիշխանության իրավունքի ոտնահարում` պահանջելով դուրս բերել զորքերն իր տարածքից: Թուրքական կողմը, սակայն, մերժել է այդ պահանջը:

Հոկտեմբերի 5-ին Անկարան և Բաղդադը կանչել էին հակառակ երկրի դեսպաններին` հայտնելու իրենց մտահոգությունը խնդրի առնչությամբ: Իրաքը հոկտեմբերի 6-ին Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդից պահանջել է արտակարգ նիստ գումարել` կապված իր տարածքում թուրքական զինված ուժերի ներկայության անօրինականության հետ:

Թուրքական զորքերը տեղակայված են Մոսուլի Բաշիքայի ռազմաբազայում: Դրանք այդտեղ են հաստատվել դեռևս 2015 թվականից` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում իրաքցի զինվորներին և քրդական փեշմերգային վարժեցնելու հիմնավորմամբ:
http://armenpress.am/arm/news/867877/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here