ՀՀ-ն բնակչության մեկ շնչին ընկնող Սիրիայից փախստականների թվով աշխարհում երկրորդն է Գերմանիայից հետո. Հրանուշ Հակոբյան

0
117

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության խորհրդատու Ելիզա Մոսլերին, Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր- Մինասյանին, պատասխանատու Կարինե Խոջոյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է Հայաստան տեղափոխված սիրիահայերին ցուցաբերած աջակցության ուղղությամբ նախարարության և Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կատարած աշխատանքը: Նախարարը նշել է, որ այսօր սիրիահայերի ինտեգրման համար առաջնային են աշխատանքի, կեցության խնդիրները:

«Միգրացիայի միջազգային կազմակերպությանը կարող է հետաքրքրել Հայաստանում սոցիալական տներ կառուցելու հարցը: Տարածաշրջանը լարված է, և հնարավոր ցնցումների արդյունքում՝ փախստականների ավելի մեծ հոսք կուղղվի դեպի Հայաստան: Նրանց համար պայմաններ ստեղծելով՝ թեթևացնում ենք նաև հոսքը դեպի Եվրոպական երկրներ: Ի դեպ, Հայաստանը բնակչության մեկ շնչին ընկնող փախստականների թվով աշխարհում գրավում է երկրորդ տեղը՝ Գերմանիայից հետո: Անհրաժեշտ է համատեղ ծրագրեր իրականացնել, որոնք կօգնեն սիրիահայերին հաստատվել Հայաստանում»,- հավելել է նախարար Հրանուշ Հակոբյանը: 

Միգրացիայի միջազգային կազմակերպության խորհրդատու Ելիզա Մոսլերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, համառոտ ներկայացրել է կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, նպատակներն ու խնդիրները:

Քննարկվել են  ներկայացված նախագծերի ու ծրագրերի շուրջ ակտիվ համագործակցության և կազմակերպական հարցեր, նախանշվեցին առաջիկա անելիքները:
http://armenpress.am/arm/news/867999/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here