Բանակը Հայաստանի ամենամեծ և ամենալավ գործատուն է. Վիգեն Սարգսյան

0
151

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգ-բանակ» կոնցեպցիայի շրջանակներում առաջնային խնդիրներից մեկը կապված է ռազմական կրթության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` ներկայացնելով «Ա զգ-բանակ» կոնցեպցիայի հիմնական դրույթները:

Նախարարի խոսքով` Հայաստանն ունի երկու ռազմական համալսարան` ռազմական ավիացիոն համալսարանն ու Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, բացի այդ, առկա է հետազոտական համալսարան, որն ունի նաև ռազմական ակադեմիական կրթության գործառույթ, գոյություն ունի Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան և բազմաթիվ ծրագրեր, որոնցով պատրաստվում է սպայական անձնակազմ բանակի համար, որտեղ նաև հետագայում անցկացվում են վերապատրաստումներ: «Իրականում մենք ունենք մեծ բաց այս համակարգում. այն չափից շատ մեկուսացած է մեր ընդհանուր կրթական համակարգից:Տպավորություն կա, որ մենք ստեղծել ենք որոշակի փակ տարածք, որտեղ ուսուցանում ենք կադրեր, և հետո զարմանում ենք, որ սպայական անձնակազմը բավականաչափ ինտեգրված չէ հասարակության մեջ, բավականաչափ հայտնի չէ հասարակությանը»,- շեշտեց նախարարը` հավելելով, որ հենց այդ պատճառով էլ հասարակության մեջ մեծ խնդիր կա սպայի կերպարի ձևավորման և նրա աշխատանքի նկատմամբ հարգանքի հարցում: «Այս օրերին Ազգային ժողովում լսել եմ շատ գնահատականներ, որոնք վերաբերում են մեր սպայական անձնակազմին, հատկապես գեներալիտետին: Դրանք, ցավոք սրտի, հիմնականում բացասական և կոռուպցիոն ռիսկերի հետ կապված գնահատականներն են, քանի որ երբ ես դա ասող մարդկանց խնդրում եմ անուններ թվարկել, ապա թվարկվողների ցուցակը գործող սպաների ու գեներալների մեջ չի կազմում անգամ 1 տոկոս: Տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ ուժեր ստվերում են այսօր ծառայություն կրող անձնակազմի պատիվը հասարակության մեջ»,- նշեց նախարարը:

Վիգեն Սարգսյանի խոսքով` Հայաստանն ունի մեծ սպայական անձնակազմ, որը, բացի նրանից, որ ամեն օր շատ ծանր և պատասխանատու ծառայություն է կրում, բարդագույն սոցիալական խնդիրների առաջ է կանգնած: Տարիների մեջ այդ խնդիրների էությունը փոխվել է: «Շատ լավ հիշում եմ, թե ինչ խնդիրներ էինք փորձում լուծել սպայական անձնակազմի համար 15 տարի առաջ` եզր անգամ համադրելու չկա, թե ինչ խնդիրներ էին երեկ և ինչ խնդիրներ են այսօր: Դրանք շատ բարդ խնդիրներ են»,- նշեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը` հավելելով, որ այդ խնդիրները մեծապես ազդում են ռազմական կրթության վրա:

Նախարարի տեղեկացմամբ` 15 տարի առաջ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունվում էին յուրաքանչյուր տարի շուրջ 330 կուրսանտներ, նրանցից ավարտում էին 250-260-ը: Ընդունվում էին բավականին բարդ քննություններ հանձնելով, իսկ ուսումը բավականին ծանր էր: Վերջին մի քանի տարին ընդունվում են 71-75-76 կուրսանտներ, նրանց մեջ այս տարի իգական սեռի 11 ներկայացուցիչներ կան, ինչը նախարարը շատ է կարևորում: «Կարծում եմ, որ կանայք բանակում, հատկապես սպայական պաշտոնների վրա կարող են ունենալ բավականին լուրջ դերակատարում և սխալ կլիներ թերի օգտագործել այդ ներուժը: Միևնույն  ժամանակ, հասկանում ենք, որ առաջնագծում մարտական հերթապահության պարագայում հազիվ թե կարողանանք մեր հույսը դնել կին սպաների վրա, որոնք ավարտում են Վ. Սարգսյանի ռազմական համալսարանը, ուստի մնում է 60 սպա, որոնք պետք է համալրեն մեր զորքերը, որոնք գալիս են առաջնագիծ: Մենք ունենք խնդիր, պետք է ցույց տանք, որ այդ կրթությունը ոչ միայն մրցունակ է, այլև մեծ հնարավորություններ է բացում»,– ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

Նախարարը համեմատական անցկացրեց նաև քաղաքացիական և ռազմական կրթության խնդիրների միջև: Ցանկացած բուհ ընդունված քաղաքացին պետք է ապահովի իր ուսման վարձը, կեցության ծախսերը, եթե երևանաբնակ չէ և այլն, հետո փորձի գտնել աշխատանք: «Եթե համարենք, որ նա սկսելու է աշխատանքը պետական համակարգում որպես կրտսեր մասնագետ, ապա նրա առաջին աշխատավարձը լինելու է մոտավորապես 70 հազար դրամի չափ, եթե հանձնի որակավորման քննությունը, և դեռ երկար տարիներ իր աշխատավարձը տատանվելու է 70-150 հազար դրամի շրջանակներում»,- նշեց ՊՆ ղեկավարը:

Նրա խոսքով` Վ. Սարգսյանի անվան համալսարանն ավարտողը համարվում է ժամկետային զինծառայությունն անցած և իր առաջին նշանակումն է ստանում առավել մեծ հավանականությամբ առաջնագծում: «Նա կստանա հանրապետական միջին աշխատավարձից կրկնակի բարձր աշխատավարձ` հանրապետական միջինը շուրջ 180 հազարի շրջանակներում է, սպայի առաջին աշխատավարձը կարող է լինել 340 հազար` կախված մարտական հերթապահությունն անցկացնելու վայրից և այլն: Մենք սպային առաջարկում ենք ծանր, դժվար, բայց մասնագիտական աճի հստակ ուղին: Եթե ինքը որոշում է իր ողջ կյանքը կապել սպայական գոր ծի հետ, ապա նա գիտի, որ որոշ ժամանակը մեկ վերապատրաստվելու է, ստանալու է կոչումի բարձրացում, նշանակվելու է նոր պաշտոնի, դրա հետ կապված բոլոր հնարավորություններով և զորացրվելու է զինվորական թոշակով` հնարավորություն ունենալով ինչ-որ այլ տեղ աշխատելու»,– նշեց Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով` բանակը ոչ միայն Հայաստանի ամենամեծ, այլև ամենալավ գործատուն է: «Արդյոք մեր հասարակությունը բավականաչափ այս մասին տեղյակ է, արդյոք այդ հնարավորությունները հայտնի են մեր երիտասարդներին, կարծում եմ` ոչ: Մեր նախնական զինվորական պատրաստության գրքերում Վ. Սարգսյանի անվան համալսարանի մասին անգամ խոսք չկա: Այս ոլորտում կա բավականին մեծ ներուժ, և առաջիկայում մենք փորձելու ենք այն օգտագործել»,- ամփոփեց նախարարը:    
http://armenpress.am/arm/news/868172/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here