«Մեզ համար նա միշտ էլ կմնա մեր Կյաժը». Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է

0
265

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 16-ը ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Ռոբերտի բացառիկ հերոսությունը անտարբեր չթողեց եւ ոչ մեկին, նրան ճանաչեցին որպես հերոս, իսկ ընկերների համար, բացի հերոս լինելուց, նա հումորով ու բարի Կյաժն է: Ծառայակից ընկերն այսօր առանց հուզմունքի չի կարող հիշել մտերիմ ընկերոջը, ն րանց զրույցներն ու բանակային կյանքից մի շարք դրվագներ, ասում է, կարոտում է:

Համլետ Կիրակոսյանը 6 ամիս է, ինչ ծառայում էր բանակում, երբ տարբեր տեղերից զանգեր է ստանում, որ նորակոչիկ է գալու, պետք է դիմավորել:

«Ճիշտն ասած, անընդհատ չէի ուզում գնալ, մի քիչ էլ հոգնած վիճակ էր, դիրքեր էինք բարձրանում, իջնում, բայց ամեն դեպքում մի օր գնացի  նրանց գումարտակ, ընկերս ծանոթացրեց, ասաց՝  ծանոթացի Կյաժի հետ, ինքը թե` անունս Ռոբերտ է:  Սկսեցինք զրուցել, միանգամից հասկացա, որ լավ մարդ է, իսկ հետո էլ պարզվեց, որ ընդհանուր շատ ուրիշ ընկերներ, ծանոթներ էլ ունեինք, բայց այնպես էր ստացվել, որ իրար չէինք ճանաչել»:

Կարճ ժամանակ անց Ռոբերտը տեղափոխվում է այն նույն գումարտակը, որտեղ ծառայում էր Համլետը, ցուցաբերած պատրաստավածության շնորհիվ  արժանանում է կրտսեր սերժանտի կոչման:

Համլետը շատ տարբեր պատմություններ է հիշում՝ կապված Ռոբերտի հետ, սակայն ասում է՝ մեկ է, էլի քիչ է, դեռ շատ-շատերը կան:

«Կյաժի մաման զարմացել էր, ասել էինք շատ էր ուտում բանակում, ասում էր՝ հետաքրքիր է, ինքը շատ ուտել չէր սիրում, տանը մենակ վառած ձվածեղ էր ուտում: Իսկ բանակում հաճախ գալիս էր, ասում էր՝ հաց չուտենք: Սովորություն ունեինք, նախքան դիրքեր բարձրանալը գնում էինք առեւտուր անում, որ տանեինք ուտելու, նախքան դիրքեր բարձրանալու գիշերն էլ մի քանի հոգով նստում, մի բան էինք ուտում: Մարտի 31-ին մի վեց հոգով հավաքվել էինք հաց ուտելու,  չգիտեմ՝ պատահակություն էր, թե ինչ, որ նման խոսակցություն ունեցանք: Դանակ չկար, իսկ Կյաժը սիրում էր, որ ամեն ի նչ պատրաստ է լինում, հետո նոր նստում էինք սեղանի, չէր թողնում, որ սկսեինք: Իսկ էդ օրը մի տեղից, մյուս տեղից խառնված պոկում, ուտում էր: Մեր ընկերը գնաց դանակ բերեց, ասաց՝ թող այստեղ մնա, որ հետ գանք հիշենք, որ 14 օր էլ անցավ: Մեկ էլ Կյաժն ասաց՝ հա, ախպեր, ուր ա, Աստված տա, բարով-խերով իջնենք: Ես էլ ասացի՝ այ ախպեր, ինչ պիտի լինի որ, ոնց որ միշտ բարձրանալու ենք ու իջնենք»:

Առավոտյան նախքան տարբեր դիրքեր բարձրանալը ընկերները մնաս բարով են ասում, խոստանում, որ տեղավորվելուն պես կզանգեն միմյանց, իմաց կտան, որ ամեն ինչ կարգին է:

«Ասացի՝ անջիգյարություն չանես, անպայման կզանգես: Առաջին անգամ որ զանգեց, ուժեղ կրակոցներ էին լսվում: Մենք նրանց  դիրքի հետ կապ չունեինք, չգիտեինք՝ ինչ էր կատարվում: Զանգեց, ասաց մենակ է,  Անդոն (Անդրանիկ Զոհրաբյանը-հեղ.) չկա, ողջ մարդ էլ չկա: Արդեն պատրաստվում էինք նրանց մոտ գնալ, վերջին անգամ զանգեց՝ ասաց, ախպերս, գիտես՝ քեզ ինչքան եմ սիրում, բայց եթե 10 րոպեից ինձ էստեղից չհանեն, էլ կյանքում ախպորդ չես տեսնի: Էդպես որ խոսեց, ես էլ հուզվեցի, չգիտեի՝ ոնց ինձ պահեի, անընդհատ ասում էի՝ լավ կլինի, մի մտածի, ու զանգն ընդհատվեց: ԶÕ �նգում էի, անհասանելի էր, բայց ոչ մի վայրկյան չէի կարող ու չէի ուզում մտածել, որ կարող է նրա հետ ինչ-որ բան եղած  լինի: Մի փոքր ուշ մեզ ասացին, որ վիրավոր են բերում, մտածեցինք՝ երեւի Կյաժն է,  ուրախացանք բոլորով»:

Ծառայակիցները մինչեւ վերջին պահն էլ սպասում էին Ռոբերտին:

«Մենք բոլորի հետ էլ մտերիմ էինք, բոլորն էլ մեր ընկերներն էին, շատ էինք հավատում, որ նրանց կազմից գոնե Կյաժը ողջ կմնար, սպասեցինք, հետո տեսանք, որ մեքենան դատարկ է, մոտեցա  փոխգնդապետին, ասացի՝ բա Կյաժը որտեղ է, գլուխը բռնեց ու ասաց՝ Կյաժն էլ չկա: Էլ չեմ կարող նկարագրել, թե ինչ ապրեցինք այդ պահին, աչքիս ոչինչ էլ չէր երեւում, արդեն ամեն ինչ  մեկ էր»:  

Համլետն այժմ մտերմացել է Ռոբերտի եղբոր՝ Ռուբենի հետ, հանդիպում են միմյանց, հիշում Ռոբերտին:

«Կյաժը շատ էր սիրում քայլել: Ձմեռ էր, ձյուն էր գալիս, մի օր եկավ՝ արի գնանք քայլելու, ես էլ ասացի՝ էստեղ ինչ տեղ կա, որ գնանք, Կյաժը՝ բա, արի ներշնչենք, որ Հյուսիսային պողոտայով քայլում ենք. անկեղծ ասած շատ հոգնած էի, չէի ուզում գնալ, առաջարկեցի՝ մյուս օրը գնանք: Հաջորդ օրն արդեն գլխարկը դրած, հագած-կապած եկավ՝ բա գնացինք, ես էլի հոգնած էի, էլի չուզեցի, ինքն էլ ասաց՝ չես գալիս, ուրեմն ես գնում եմ ու գնաց: Էդպես հետո զանգում  ջղայնացնում էի, կատակներ էի անում: Հա ու Կյաժը շատ էր սիրում նկարվել, իսկ ես՝ չէ, հիմա էնքան եմ ափսոսում, որ ընկերոջս հետ  ընդամենը մեկ- երկու նկար ունեմ»:

Համլետն ընկերոջ մասին խոսում էր միայն ներկա ժամանակով, ասում է՝ հպարտ ու ուրախ է, որ նման ընկեր ունի:

«Կյաժի մասին մենակ լավը կարող եմ ասել, ուղղակի համապատասխան բառեր չեմ կարող գտնել նրան արժանի կերպով նկարագրելու համար: Չեմ ասում, որովհետեւ  իմ ընկերն է կամ  որ նման հերոսություն է արել, ուղղակի իրոք  Կյաժը շատ ուրիշ էր: Եթե ես նրան չճանաչեի,  կհարգեի որպես հերոս, լավ մարդ, ով իր ազգի համար էդպիսի քայլի է գնացել, որովհետեւ այդ քայլը նույնպես խոսքերով անհնար է նկարագրել: Ամեն մարդ չէ, որ իր մեջ կարող  է ուժ գտնել ու նման բան անել:  Մենք հիշում ենք իր արած հերոսությունը, բայց ախր, էդ հերոսությունն նրան խլեց մեզնից, դրա պատճառով է, որ մեր կողքին չէ: Ամեն դեպքում նա ինձ ու  բոլոր ընկերների, նրան ճանաչողների համար  կմնա  մեր Կյաժը»:

Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս Ռոբերտ Աբաջյանի հետ միասին հակառակորդի դեմ համառ պայքար են տվել եւ հերոսաբար զոհվել վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, գնդացրորդներ Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը:

Միայնակ մնալով  թշնամու դեմ՝ կրտսեր սերժանտ  Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցրել է իր վրա եւ միաժամանակ հեռախոսային կապի մեջ մնալով գումարտակի հրամանատարի հետ՝ հաղորդել է իրավիճակի մասին:  Տեսնելով իրեն մոտեցող թշնամուն` Ռոբերտ Աբաջյանը կրկին կապի է դուրս եկել ու ասել, որ վերջին նռնակի օղակն արդեն հանել  է եւ պատրաստ սպասում է, որ թշնամու մոտենալուն պես պայթեցնի:  Ռոբերտ Աբաջյանն իր հետ միասին  նռնակով  պայթեցրել  է հակառակորդի մի քանի զինվորի՝ միաժամանակ փրկելով  օգնության հասած զինվորներիÕ ¶, որոնք էլ հենց շարունակել են արյան գնով դիրքը պաշտպանած հերոսների  գործը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգեւատրվել է «Արցախի հերոս» ԼՂՀ  բարձրագույն կոչմամբ եւ «Ոսկե արծիվ» շքանշանով: 

 

Սյուզի Մուրադյան

 

http://armenpress.am/arm/news/868038/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here